image

Վերաօծվեց Աշտարակ քաղաքի Ս. Մարիանե եկեղեցին

Վերաօծվեց Աշտարակ քաղաքի Ս. Մարիանե եկեղեցին

Փետրվարի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Աշտարակ քաղաքի Ս․Մարիանե եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցու արևմտյան հատվածի շինարարությունը սկսվել էր դեռևս 1905 թվականից, սակայն ինչ-ինչ պատճառներով մինչ օրս անավարտ էր մնացել։

«Արմսվիսբանկ»-ի կառավարչի տեղակալ, Արագածոտնի թեմի ատենապետ տիար Գրիգոր Մովսիսյանի և իր ընտանիքի ազնիվ բարերարությամբ 2019 թվականից մեկնարկել էին վերականգնման աշխատանքները։

Ս․Մարիանե եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, եկեղեցու բարերարը և բազում ուխտավոր հայորդիներ:

Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, եկեղեցականաց թափորով մուտք գործեց եկեղեցի, որտեղ սկսվեց եկեղեցու արևմտյան հատվածի և Ս. Սեղանի օծման կարգը:

  Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն օծեցին խորանի սյուները, մկրտության ավազանը և եկեղեցու մնացյալ սյուները:

Այնուհետև Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Մովսիսյան ամուսիններին և ներկաներին:

Ապա Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու վերաօծման առիթով իր հայրական պատգամն ու օրհնությունը փոխանցեց հավատացյալ ժողովրդին:

Նորին Սրբությունը հաստատեց, որ այս տաճարի հնաբույր քարերը նվիրագործվել են դարեր շարունակ այստեղ սպասավորած եկեղեցականների սրտաբուխ աղոթքներով, հոգեպարար քարոզներով, ծունկի իջած ուխտավոր բազմության համբույրների ջերմությամբ:

«Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝  Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: «Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ»,- օրհնաբանում է շարականագիրը։ Հոգևոր կյանքի շինության ու պայծառության համար հավատացյալներիդ համախմբումն այս սուրբ եկեղեցում և ընդհանրական աղոթքն առատացնելու են աստվածային օրհնություններն ու պարգևները ձեր կյանքում, ամրապնդելու են ձեր միաբանությունը, հոգևոր միասնության և եղբայրասիրության ոգին։

Սիրելիներ, Մենք քաջ գիտենք հավատավոր աշտարակցիներիդ աստվածսիրության ու եկեղեցանվիրումի մասին։ Այդ ոգին ձեզ է փոխանցվել բարեպաշտ ձեր հայրերից։ Աշտարակի տարածաշրջանում մեր պատմական ու հնամենի եկեղեցիների առկայությունը վառ վկայությունն է դարերի ընթացքում այստեղ սուրբ խորանների առջև Քրիստոսին աղոթող մեր ժողովրդի զավակների հավատքի զորության մասին: Առ Աստված ապավինությամբ և հավատավոր այսպիսի ընթացքով մեր Քրիստոսասեր նախնիները մնացել են հոգով քաջարի ու հաղթանակներ կերտել՝ անաղարտ պահելով մեր հայրերի սրբազան հավատքը, հոգևոր ու ազգային մեր ժառանգությունը, մեր սուրբ ավանդույթներն ու սովորույթները:

Հիրավի, այն ժողովուրդը, որ որդեգրվում է Աստծուն և դառնում Աստծո ժողովուրդ, ապրում որպես զավակը Երկնավոր Հոր, արժանանում է տերունական շնորհների, կորով ու զորություն ստանում՝ հաղթահարելու ժամանակների փորձությունները։ Համաժողովրդական մեր պայքարների ու հերոսամարտերի, մշակույթի ու դպրության զարգացման և ազգային առաջընթացի գործում նաև Աշտարակ պատմական այս քաղաքից սերված հայորդիներն են մեծ ներդրում բերել, որոնց հավաքական պատկերը կարելի է տեսնել մեր խրոխտ ու քաջարի Ներսես Աշտարակեցի երանաշնորհ Հայրապետի, գրականության ու մշակույթի երախտարժան գործիչներ Սմբատ Շահազիզի, Պերճ Պռոշյանի վառ կերպարների մեջ», - ասաց Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը` հորդորելով ամենքին, որ այս օրհնյալ եկեղեցու կամարների ներքո մշտահունչ պահեն աղոթքը և վերանորոգեն իրենց հոգիների տաճարը, իրենց զավակներին սնեն ու դաստիարակեն աստվածսիրության, եկեղեցանվիրումի և հայրենասիրության զգացումներով ու գիտակցությամբ։

Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի հոգևոր դասին՝ նախանձախնդիր և նվիրյալ ծառայության և տերունապարգև հոգեփրկչական առաքելության արդյունավորման համար:

Ուրախալի այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու բարերար Գրիգոր Մովսիսյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան` Մովսիսյան ընտանիքին փոխանցելով իր սերն ու բարձր գնահատանքը եկեղեցու արևմտյան հատվածի կառուցման աստվածահաճո ձեռնարկումի իրականացման և բազում այն բարեգործությունների համար, որ իրագործվել են հանուն Հայաստանի և Արցախի  հայորդյաց հոգևոր-եկեղեցական կյանքի զորացման ու բարօրության, Ս. Էջմիածնի և Արագածոտնի թեմի պայծառության:

Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունը հայտնեց մարզային և քաղաքային իշխանություններին ու բարեջան վարչականներին Արագածոտնի թեմի առաքելությանը զորակցելու և աջակցելու համար։

Վերջում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն աղոթք վերառաքեց առ Աստված` հայցելով Երկնավորից, որ մշտապես շեն ու կանգուն պահի Ս. Մարիանե եկեղեցին, առատացնի Տիրոջ երկնառաք պարգևներն ու օրհնությունները Աշտարակ քաղաքի բնակիչների կյանքում և խաղաղություն ու բարգավաճում շնորհի Հայոց աշխարհին:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը վերաօծված եկեղեցուն ընծայեց Ս. Ծննդյան սրբապատկեր, որից հետո մատուցվեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի։

Այնուհետև տոնական օրվա կապակցությամբ եկեղեցու առջև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որի ընթացքում ազգային երգ ու պարով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տան և «Ոսկեվազի» մշակութային տան պարային ու երաժշտական խմբերը։

Եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Թալինի, Ապարանի քաղաքապետները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: