image
Հրատապ լուրեր:

Կաթողիկոսն ասել է, որ ԿԳՄՍՆ-ը դեռեւս չի խորհրդակցել Մայր Աթոռի հետ

Կաթողիկոսն ասել է, որ ԿԳՄՍՆ-ը դեռեւս չի խորհրդակցել Մայր Աթոռի հետ

2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:

 Արարողությանը մասնակցել են կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ եւ ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:

 

Օրհնության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է

«Այս տարի առանձնակի իրավիճակում ենք հանդիպում միմյանց։ Համավարակի առաջ բերած խնդիրները հուզում են մեր կյանքը, դժվարություններ են հառնած նաեւ կրթության կազմակերպման բնագավառում։

 

Այսօր կուզենայինք անդրադառնալ նաեւ կրթության բնագավառում ձեռնարկվող փոփոխություններին, որոնք, մասնավորապես հայագիտական առարկաներին վերաբերող դիքորոշումներում մտահոգություն, անհանգստություն եւ հուզում են առաջացրել մեր ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։

 

Մասնավոր մտահոգություն է նաեւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով։ Գիտակրթական հաստատությունների, ինչպես եւ մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկները ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։

Ցավում ենք նաեւ, որ Կրթության եւ գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու եւ համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրեւ վկայություն մեր կյանքում Հայոց Եկեղեցու հարամնա առաքելության եւ սխրանքների արժեւորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլեւ՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր Եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին»։