image

Արցախի Նախագահը պարգևատրել է Բրազիլիայի Հայոց Թեմի Առաջնորդին եւ Թեմական Խորհրդի Ատենապետին

Արցախի Նախագահը պարգևատրել է Բրազիլիայի Հայոց Թեմի Առաջնորդին եւ Թեմական Խորհրդի Ատենապետին

ԱՀ նախագահի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով պարգևատրվել են Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Նարեկ եպիսկոպոս Պէրպէրեանը և Բրազիլիայի Հայոց թեմի խորհրդի ատենապետ Տիար Անդրե Կիսաջեկյանը:

 

Ի դեմս թեմի առաջնորդի և թեմի խորհրդի ատենապետի՝ Բրազիլիայի հայ համայնքը իր ամբողջական ներդրումն ու մասնակցությունն է ունեցել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի օրերին:

 

Արցախում հիշում են և շնորհակալ են այս դժվարին օրերին Արցախի և արցախցիների կողքին կանգնելու ձեր և համայնքի վճռականության համար:

 Նշենք Արցախի և Ադրբեջանի միջև ցավալի պատերազմի սկսվելուն պես  Հայ Առաքելական Եկեղեցու Բրազիլիայի թեմը ակտիվ աջակցություն ցուցաբերեց  Հայաստան և Արցախ աշխարհին: Այդ ծանր օրերին հայ հոգևորականների բողոքին միացան բազմաթիվ հայեր որոնք երկար-երկար տարիներ ապրում են Բրազիլիայում: Բրազիլիայի հայոց  թեմի առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի միջնորդությամբ և թեմի խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանի օժանդակությամբ պատերազմի առաջին օրերին սննդի, հագուստի և քննապարկերի մեծ օգնություն ցուցաբերվեց հայ զինվորներին: Հայ-բրազիլական հարաբերությունների սերտացման համար սանձազերծված պատերամից մեկ օր առաջ Սան Պաուլոյի հայկական կազմակերպությունների մասնակցությամբ Արցախի նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական տիկին Ազատուհի Սիմոնյանի խնդրանքով կազմակերպվեց zoom  հանդիպում, այս հանդիպման համար մեծ էր դերը նաև առաջնորդ սրբազան հոր: Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի գաղափարով հայկական կազմակերպությունների հետ zoom հանդիպում կայացավ նաեւ հայ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հետ: Բագրատ սրբազանը ներկաններին ներկայացրեց Հայաստան աշխարհի առաջ ծառացած մի շարք կարևորագույն խնդիրներ որոնք շուտափույթ  իրենց  բարի լուծման կարիքը ունեն: Նարեկ սրբազանի վերահսկողությամբ և թեմի խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանի օժանդակությամբ  ադրբեջանաթուրքական հայահալած գաղափարները հանրությանը ցույց տալու համար թեմի երիտասարդությունը, ինչպես նաև Հայկական ընդհանուր բարեգործական և Համազգային միությունները  Սան Պաուլոյի մեջ մոտ 450 մեքենաների շքերթ կազմակերպեցին, ինչպես նաև Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդարանի և Հայկական ընդհանուր բարեգործական և Համազգային միությունների նախաձեռնությամբ 350 երիտասարդներ քայլերթ կատարեցին Սան Պաուլոյի նշանավոր Պաուլիստա պողոտայում` փորձելով նաև այդպես պայքարել ադրբեաջանաթուրքական մեքենայի դեմ: Ուշագրավ էր նաեւ Բրազիլիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ հավաքված հայ եւ օտար ժողովուրդների մասնակցությունը:

 

Պատերազմի ամբողջ ընթացքին Բրազիլայի հայոց թեմի հոգևորականաց դասը իր հավատացյալ ժողովրդի հետ միասին Սան Պաուլոյի առաջնորդանիստ սուրբ. Գևորգ հայկական եկեղեցում կազմակերպեց  հայ զինվորին ուղղված մասնավոր աղոթքներ: Տարբեր օրերին տեղի ունեցած հոգեհանգստյան պաշտոնների ժամանակ ամեն մի նահատակ զինվորի անունով փոքրիկ մոմակալներ պատրաստվեցին`լուսավորելու նրանց ազնիվ հոգիները:

Իր հերթին թեմի խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը բազմաթիվ նամակներ ուղղեց Բրազիլական կառավարության մարմիններին, այդ նամակների շնորհիվ շատ սենատորներ իրենց մտահոգությունը հայտնեցին` դատապարտելով ադրբեջանաթուրքական ագրեսիան: Իսկ առաջնորդ Նարեկ եպս. Բերբերյանը տարբեր  առիթներով հանդիպումներ և հարցազրույցներ ունեցավ տեղական որոշ նշանավոր թերթերի, ամսագրերի ներկայացուցիչների հետ:  Այդ հանդիպումների ընթացքում սրբազան հայրը կարևորեց Տիրոջ խաղաղությունը մեր կյանքից ներս, եւ հորդորեց որպեսզի ամբողջ աշխարհը դատապարտի ադրբեջանաթուրքական տանդեմը, որի պատճառով ամեն րոպե  մեզանից հեռանում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:

 

Ի պատասխան այս մեծ գնահատանքի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Եպիսկոպոս Պէրպէրեանն ու ներկայայցուչական մարմնի նախագահ տիար Անտրէ Քիսաճիքեանը իրենց սրտաբուխ գնահատանքի խոսքն ուղղեցին Արցախի նախագահ պրն. Արայիկ Հարությունյանին եւ սփյուռքի հարցերով խորհրդական՝ տիկ. Ազատուհի Սիմոնյանին: 

 

«Այս նվիրական անակնկալի համար մեր խորին շնորհակալության և գնահատանքի խոսքն ենք բերում Արցախի նախագահ պրն. Արայիկ Հարությունյանին և նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական տիկ. Ազատուհի Սիմոնյանին: Վստահաբար կարող ենք փաստել, որ հայ զինվորը չի պարտվել, հայ զինվորի շնորհիվ Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու լիիրավ իրավունքը: Ցավում ենք մեր բոլոր նահատակ զինվորների համար որոնք մեզ համար երկնքում մշտամնա բարեխոսներ դարձան: Ցավալի պատերազմը անբացատրելի խորը հոգու վերք գոյացրեց նաև վիրավոր և նահատակ հերոսների ծնողների հոգիներում: Սիրելի հերոսածին ծնողներ, ցավը որ պատել է ձեզ հաղթահարելի է միայն Տիրոջ օգնականութեամբ, մենք անուն առ անուն հիշում ենք մեր հերոսներին եւ խոնարհվում նրանց սուրբ հիշատակի առջեւ: Վստահ ենք, որ ամբողջ հայությունը ամեն ջանք ի գործ կդնի վիրավոր ընտանիքներին օգտակարություն բերելու համար: Մնում ենք հավերժական բարեկամը Հայաստան և Արցախ աշխարհին»:

 

Իր ազնիվ խոսքով հանդես եկավ թեմի ներկայացուցչական մարմնի նախագահ՝ տիար Անտրէ Քիսաճիքյանը:

 

«Սիրելի պրն. նախագահ, ցանկանում եմ կիսել իմ բարի զգացումները ձեր ուշադրության համար: Պատերազմի խավար օրերին ամբողջ հայությունը մի մեծ ընտանիքի էր նման և այդ ընտանիքի մի մասն էինք նաև մենք: Այդ օրերին մենք  մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք հանրության եւ Բրազիլի կառավարության առջեւ եւ վստահ ենք, որ մեր ցասումը մարդկությանը լսելի եղավ: Ինձ համար պատիվ էր սատար կանգնել Հայաստան և Արցախ աշխարհին: Ցանկանում եմ, որ Արցախին այսքան տարիներ մտահոգող ամեն մի հարց իր բարի լուծումը գտնի: Մնում եմ բարեկամը իմ սիրելի Արցախին»: