image

Սոթքի հանքավայրի աշխատակիցները կը շարունակեն գործադուլը

Սոթքի հանքավայրի աշխատակիցները կը շարունակեն գործադուլը

ԱԺ պատգամաւոր Թագուհի Թովմասեանը դիմատետրեան իր էջին գրառում կատարած է՝ տեղեկացնելով, որ Սոթքի ոսկիի հանքավայրի աշխատակիցները կը շարունակեն հանք տանող ճանապարհը եւ երկաթագիծը փակ պահել։

Գրառումը կը ներկայացնենք ստորեւ․

«Ինձ են դիմել հանքավայրի աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդէն մի քանի ամիս է՝ ստանում են ոչ լիարժէք աշխատավարձ, եւ տեղեկացել են, որ արդիւնահանման ծաւալների նուազման պատճառով հնարաւոր չէ՝ նախկին չափով աշխատավարձ ստանան։

Աշխատակիցները ամսուայ վերջում են միայն պարզում, թէ ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Երէկ նրանք հանդիպել են «ԿեոՓրոՄայնինկ Կոլտ» ՍՊԸ գլխաւոր տնօրէն Անատոլի Կոկոթինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը ցաւօք չի լուծուել։

Այսօր կրկին ինձ հետ են կապուել աշխատակիցները, ովքեր մասնաւորապէս նշեցին, որ յոյսով էին՝ խնդիրը կը կարգաւորուի, սակայն դեռեւս լուծում չի ստանում, եւ իրենք վիրաւորուած են։ Հանքավայրի աշխատակիցները յաւելում են, որ առօրեայ ընտանեկան ծախսերի հետ մէկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտաւորութիւնների կատարման մասով լրջագոյն խնդիրներ են ունենում եւ բնականաբար վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստօրէն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու։

Հասկանալով ի հարկէ յետպատերազմական փուլում առկայ դժուարութիւնները՝ ակնկալում եմ իրաւասու եւ օժանդակութեան որեւէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կը դիտարկեն խնդիրը, ծանր իրավիճակում յայտնուած մեր հայրենակիցներին աջակցելու հարցը։

Մենք պարտաւոր ենք կանգնել թշնամու ակնդէտ հայեացքի ներքոյ՝ նրանցից մի քանի մեթր հեռաւորութեան վրայ աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսէք նրանց։

Հ.Գ. Ինչպէս բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մօտ 300 աշխատակիցներ էլ կրճատուել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնուում է ատրպէյճանական վերահսկողութեան տակ»։