image

Ադրբեջանցիները լավ գիտեն` ովքեր են ազատամարտիկները. մամլո խոսնակ (լուսանկարներ, տեսանյութ)

Ադրբեջանցիները լավ գիտեն` ովքեր են  ազատամարտիկները. մամլո խոսնակ (լուսանկարներ, տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի  եւ  միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արեւելքին» հայտնեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը, իրականում ավելի մեծ թվով ազատամարտիկներ  եւ  կամավորներ են ցանկություն հայտնել մեկնելու Արցախ եւ կանգնելու Տավուշի ժողովրդի կողքին. «Ռազմական օգնություն չէ սա, այլ`  հոգեբանական  բարոյական աջակցություն`  թե' Տավուշի բնակչությանը, թե'   նաեւ սահմանները պաշտպանող  զինվորականությանը,  ցույց տալու համար, որ Արցախը եւ արցախցի ազատամարտիկները միայն աջակցություն չեն ստանում ՀՀ-ից,   կարիքի դեպքում նաեւ Արցախից էլ են գնում աջակցության:   Մենք ոչ մի տարանջատում չենք դնում,   որտեղ խնդիր կա, որտեղ  բնակչությունը ադրբեջանցիների կողմից  խոցելի է դառնում,  արցախցի ազատամարտիկը փորձում է իր աջակցությունը ցույց տալ»,-հայտնեց Արտակ Բեգլարյանը, նշելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա Արցախից  ավելի մեծ թվով մարդիկ կարող են հավաքվել, եւ ըստ միայն մեկ օրվա տվյալների, մոտ 500-600 հոգի ցանկություն է հայտնել մեկնելու, բայց որոշվել է սահմանափակ թվով գնալ:

Ըստ նրա,  այս նախաձեռնությունը ինչ-որ չափով նաեւ կսթափեցնի ադրբեջանցիներին, քանի որ ըստ Արտակ Բեգլարյանի,  նրանք գիտեն ովքեր են ազատամարտիկները. «Պատերազմի բովով անցած հայտնի դեմքեր են գնացել Տավուշ, այդ թվում` գեներալներ»,-նշեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը:

Մեր այն հարցին, թե այս օրերին ի՞նչ աջակցություն է զգացվում Սփյուռքից, Արտակ Բեգլարյանն ասաց, որ ռազմական տեսանկյունից դեռեւս նման լայնամասշատ աջակցության կարիք չկա, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական իշխանությունները  համապատասխան զորություն ունեն`  սահմանները պաշտպանելու. «Բայց եթե բարոյական տեսանկյունից ենք հարցնում, ապա  ոչ մեկի ձեռքը բռնված չէ, կարող են ցանկացած աջակցություն ցույց տալ:  Ես որքան տեղյակ եմ` մեր բանակում էլ սփյուռքահայերը կարող են ծառայել, եթե որեւէ մեկը ցանկություն հայտնում է գալ, այստեղ կանգնել, ապա բոլորն էլ ողջունվում են: Այդ տեսանկյունից միշտ էլ ժամանակն է: Բայց սփյուռքն էլ իր աջակցությունը  այլեւայլ  միջոցներով կատարում է, ներդրումների եւ այլ ձեւերով:  Եթե կարիքը լինի, հայրենիքը  հայտնվի վտանգի մեջ,  ապա  բոլորի համար առաջնայինը կդառնա հայրենիքի պաշտպանությունը»,-նշեց Արտակ Բեգլարյանը: