image

Սեւան Նշանյան. Հյուրանոցս չեն քանդել, գործերն էլ լավ են ընթանում

Սեւան Նշանյան. Հյուրանոցս չեն քանդել, գործերն էլ լավ են ընթանում

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիայում որոշում է կայացվել քանդել պոլսահայ մտավորական, գործարար, շաբաթներ առաջ թուրքական բանտից փախած Սեւան Նշանյանի ընտանիքին պատկանող  «Նշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը, որը Թուրքիայի գավառական ամենաինքնատիպ հյուրանոցներից է համարվում:

Լուրն արագ տարածվել էր, շատերը որոշումը կրկին քաղաքական էին որակել: 

«Արեւելքի» հետ զրույցում Սեւան Նշանյանն ասաց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Հյուրանոցին  ձեռք չեն տվել, նույնիսկ ավելին՝ գործերը լավ են ընթանում»,-հաղորդեց Հունաստանում գտնվող հայ մտավորականը:  Նա նշեց, որ գյուղում մի այլ կառույց են քանդել, որի սեփականատերը մամուլին ասել է, որ հաջորդը Սեւան Նշանյանին պատկանող կառույցն է քանդվելու, եւ թուրքական լրատվամիջոցները սխալ լուր էին տարածել: Սեւան Նշանյանը հայտնեց նաեւ, որ ընտանիքը Շիրինջեում է, շարունակում է կառավարել ընտանեկան բիզնեսը: