image
Հրատապ լուրեր:

Իրանում տոնում են Իրանի «աստղագիտության մայր» համարվող Ալենուշ Տերյանի 95-ամյակը

Իրանում տոնում են Իրանի «աստղագիտության մայր» համարվող Ալենուշ Տերյանի 95-ամյակը

Իրանում պետական մակարդակով տոնվում է Իրանի ժամանակակից «աստղագիտության մայր» համարվող Ալենուշ Տերյանի ծննդյան 95-ամյակը: 2011-ին 90 տարեկանում կյանքից հեռացած հայ դոկտորը հիմնադրել է Իրանի պատմության մեջ առաջին արեգակնային աստղադիտարանը: Ալենուշ Տերյանը համարվում է Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը, նրա անվան հետ են կապվում Իրանի ժամանակակից աստղագիտության այլ նվաճումներ, ինչպես օրինակ, նա է Իրանում հիմնել առաջին հեռադիտակարանն ու առաջինն է եղել, ով Իրանում  դասավանդել է աստղաֆիզիկա, եղել է  Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը։ 

Ալենուշ Տերյանը  ծնվել է 1920-ին Թեհրանում,  մտավորականների ընտանիքում: Նրա հայրը Ֆիրդուսիի գործերի առաջին հայ թարգմանիչն է եղել: Թեհրանի համալսարանն ավարտելուց հետո սովորել է նաև Սորբոնի համալսարանում, Գերմանիայում: Եւրոպայում աշխատելու բազմաթիվ առաջարկները մերժելուց հետո  վերադարձել է Իրան և մեծ աշխատանք տարել Իրանում գիտության զարգացման ուղղությամբ:

Ալենուշ Տերյանը ընտանիք չի կազմել և իր կյանքը նվիրել է գիտությանը, իսկ 1979 թվականին թողել է դասախոսական աշխատանքը, կտակել իր բնակարանը Ջուղայի հայերին և հայ  ուսանողներին, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրել  Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Ծերանոցում, մահճակալին գամված, նա արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի: 

Հայ գիտնականի 95-ամյակի առթիվ միջոցառումներ են անցկացվում երկրի պետական համալսարաններում, Ալենուշ Տերյանի հոբելյանը տոնում են նաև հայկական համայնքում: Նոր Ջուղայի հայոց ազգային վարժարանում դահլիճներից մեկը կոչվել է «Ալենուշ Տէրյան»: