image
Հրատապ լուրեր:

Ահաբեկիչների կողմից սպանված հայ ուսուցչուհու հոգեհանգիստը կատարելու է Բերիո թեմի առաջնորդը

Ահաբեկիչների կողմից սպանված հայ ուսուցչուհու հոգեհանգիստը կատարելու է Բերիո թեմի առաջնորդը

Վաղը Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց առաջնորդանիստ եկեղեցում, պատարագից հետո կատարվելու է օրեր առաջ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից բռնաբարված, այնուհետև քարերով սպանված հայ ուսուցչուհի Սյուզան Տեր-Գրիգորի հոգեհանգստյան արարողությունը:  Այս մասին «Արևելք»-ը տեղեկացավ Հալեպից: Սիրիական ալ- Յաղուբիե գյուղաքաղաքից հայուհու պատմությունը ցնցել է շատերին. 60-ամյա Սյուզան Տեր-Գրիգորը արաբերեն էր դասավանդում ալ-Յաղուբիեի  դպրոցում:  Նա երբեմնի հայաբնակ այդ բնակավայրում այսօր մնացած 18 քրիստոնյա կանանցից մեկն էր:  Նրանք շաբաթը մեկ օր աղոթքի համար  հավաքվում էին տեղի եկեղեցում, հերթական աղոթքին նրա բացակայությունը մտահոգել էր ընկերուհիներին, որոնք տեղի բնակիչների հետ  փնտրել և ամայի դաշտում գտել էին կնոջ խոշտանգված մարմինը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ ժամեր շարունակ բռնաբարելուց և այլ տանջանքների ենթարկելուց հետո հայուհուն քարկոծելով սպանել են:

Սյուզան Տեր-Գրիգորը, հակառակ հարազատների՝ Հալեպ կամ այլ ավելի ապահով վայրեր տեղափոխվելու հորդորներին, չի լքել ալ-Յաղուբիեն, որտեղ ուսուցչությունից բացի զբաղվում էր նաև ընտանեկան պարտեզների խնամքով:

Նրա հոգեհանգստյան արարողությունը կատարելու է Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զոբույանը:

Սյուզան Տեր-Գրիգորի հետ պատահածը ցնցել է նաև Երևանում ապրող սիրիահայերին: Նրանք նույնպես սգում են կնոջ մահը: Հայաստանում ապրող սիրիահայերից Թոթո-Նվեր Բոյրազյանը «Արևելք»-ին հայտնեց, որ Սյուզան Տեր-Գրիգորն իր հարսի մորաքույրն է և հաստատեց  նրա հետ տեղի ունեցած ոճիրը: