image

Կարեն Եփփեն Եփրատի վրայով տանում է իր մեքենան. Լուսանկար

Կարեն Եփփեն  Եփրատի վրայով տանում է իր մեքենան. Լուսանկար

Այս լուսանկարում Ազգերի լիգայի կողմից որպես հանձնակատար նշանակված դանիուհի հայասեր Կարեն Եփփեն է Եփրատի վրայով լաստանավով գետանցում կատարելիս: Կարեն Եփփեն հազարավոր կիլոմետրեր անցավ միջագետքյան անապատներով՝ գերության մեջ պահվող հայ կանանց ու երեխաներին ազատագրելու համար: Այս գործում անփոխարինելի դեր կատարեց «Աննան»՝ Եփփեի Ֆորդ մակնիշի մեքենան, որը բազմիցս վթարի ենթարկվեց և վնասվեց այս առաքելության ընթացքում: Հետագայում Կարեն Եփփեն իր առաքելության ընթացքում օգտագործեց մեկ այլ մեքենա, որը ներկայացված է լուսանկարում:

 

 


1921 թվականին Կարեն Եփփեն դառնում է առևանգված հայ կանանց ու որբերին ազատելու նպատակով ստեղծված Ազգերի լիգայի հանձնախմբի լիազոր կոմիսար: 

Առաջին երեք ամսվա ընթացքում արդեն հանձնախմբին հաջողվել էր հարյուր հայ կին ու աղջիկ փրկել իսլամական գերությունից: Այս նպատակով Կարեն Եփփեն Հալեպում հիմնում է որոնման կենտրոն: Աստիճանաբար, երբ կանանց ու երեխաների թիվն ավելացավ, կարիք զգացվեց հատուկ ապաստարան ստեղծելու: Իսլամական գերությունից ազատագրվածները ստանում էին անհրաժեշտ բժշկական օգնություն, առանձնահատուկ խնամք, հագուստ, սնունդ, ստուգվում էր նրանց ինքնությունը, իսկ վերջիններիս անվանացանկերը՝ կից լուսանկարներով, ուղարկվում էին թերթերին, եկեղեցիներին և հայկական միություններին՝ հարազատներին գտնելու համար: Իրենց հարազատներին չգտած կանանց համար բացվում են «միայնակների տներ»: Այս «միայնակները» պետք է որդեգրեին որբերի: 

Որբահավաք գործունեությամբ զբաղվում էր Կարեն Եփփեի որդեգիրը` Միսաք Մելքոնյանը, իսկ նրանց խնամքով՝ անձամբ՝ Եփփեն: Անապատի մեջ ամենուր այս կարգախոսն էր հնչում` «Մեկ հայ` մեկ կարմիր ոսկի»: 

«Ազգերու Դաշնակցութենէն ծրագիր մը եկաւ իրեն. կ՛առաջարկուէր ծանր գործ մը. հաւաքել տարագրութեան շրջանին արաբներու մէջ մնացած հայ որբերը: Գործը ծանր էր. ինք ֆիզիկապես տկար. ըսաւ. «Ես այդ գործը չեմ կըրնար ընել»: Բայց ես իրեն պատասխանեցի. «Մայր, դուն ընդունէ, ես այդ գործը պիտի ընեմ, ինչ դժուարութիւն ալ ունենայ, իմ ազգիս զաւակները ազատելու համար»: 

 

Միսաք Մելքոնյան
Կարեն Եփփեի որդեգիր զավակ
որբահավաք
անտիպ հուշեր 


Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու