Ի՞նչ է կատարվում պատրիարքարանում. Ստամբուլի կուսակալն այցելել է հայոց պատրիարքարան... Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Ֆրանսիա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Հեռագիր Անգլիայից (ցավակցական). Լավագույնները հեռանո՞ւմ են
Հեղինակ՝ Նանե Վ Հ 11 February 2018 , 12:21
Հեռագիր Անգլիայից (ցավակցական). Լավագույնները հեռանո՞ւմ են

Համարյա երկու շաբաթ է, ինչ մտքումս Մարիա Սահակյանի մահն է. ազդել է վրաս: Երեսունյոթամյա ռեժիսորն ու սցենարիստը, որ կայացել էր Ռուսաստանում, ուր ընտանիքով տեղափոխվել էր դեռահաս տարիքում, քաղցկեղ ուներ: Նաև ուներ հինգ երեխա, մայր, ամուսին, հարազատներ ու բազում ընկերներ:

Շատ երիտասարդ տարիքում անուն էր հանել ռուսական կինեմատոգրաֆում, ուր իբրև առաջին սերնդի «կովկասցի» տասը տարուց ավելի աշխատում էր՝ վերջին շրջանում Հայաստանում բնակվելով: Բայց ես, բախտի բերմամբ, նրան հիշում եմ դպրոցական տարիքից. բարեկամներ ունեին տատիկենցս ներքևի հարկում ու հաճախ հյուր էին գալիս իրենց: Վայրի մազերով ուրախ երեխա էր արվեստագետների ընտանիքից, որ իր տարիքից հասուն խոսք ու միտք ուներ, պարզ երևում էր: Առանձնապես չենք խաղացել միասին, քանի որ նախ տարեկից չէինք, համ էլ մենք  միայն հանգստյան օրերին էինք Երևան գալիս...  բայց մոտս տպավորվել են իր ցայտուն լրջությունն ու ազատությունը:

2014-ին, երբ կրթական նախագծիս համար ռեժիսոր էինք փնտրում, ու ինքն արդեն հայտնի էր, կապ հաստատեցի: Ամպրոպի պես արագ ու աղմուկով լծվեց քննարկմանը, լուծումներ էր առաջարկում, բայց ցավոք ոչինչ չստացվեց. մանկական ներկայացում բեմադրելն ավելին էր նստելու մեզ վրա, քան ի վիճակի էինք մեզ թույլ տալ: Էդպես էլ չաշխատեցինք միասին, թեև շատ ոգևորված էր առաջին անգամ երեխաների հետ թատրոն ստեղծելու հեռանկարով:

Մահվան մասին լսելուց ի վեր մտածում եմ, թե ինչքան մեծ անձնական ողբերգություն է՝ առաջին հերթին իր, հետո նշածս ընտանիքի անդամների համար: Բայց նաև, ու սա գուցե չնչին իսկ սփոփանք է վերջինների համար, թե ինչքան սիրով լիքը կյանք է ապրել, լիաթոք. երեխաները, կինոն, ընկերները, Հայաստանը:

Թարմացնում եմ հիշողությունս. Հայաստանից տեղափոխվել է Մոսկվա տասներկու տարեկանում, ինչը և խորը հետք է թողել վրան: Ինքը սիրում էր Երևանը ոչ միակողմանի հիացական սիրով, այլ թերացումները նկատող հարազատի պես, որ մաշկի տակ է առել էդ սերն ու քոր կգա, բայց էլ չի ազատվի: Ապահով էր զգում էնտեղ, ասում է, հանգիստ, բնական ու ինքնաբավ: Ախր ինքն էր էդպիսին:

Հարցազրույցները նայում, կարդում ու մտածում եմ, որ մարդն ինքն իրեն հարազատ է մնացել: Այն հարցին, թե որո՞նք են լավ ֆիլմի իր չափանիշները, պատասխանում է, որ մեկն է՝ ազնվությունը, ու ֆիլմը կարող է լինել թայլանդական թեթև կամ ամերիկյան էժան, միայն թե ազնիվ լինի: Պարզ, անբռնազբոսիկ իր խոսքով, կոտրտված հայերենով պատմում է, որ ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, քանի որ Հայաստանում կինոյի շուկա գրեթե չկա: Լսում ես ու պատկերացնում բազմազավակ մայրն ու տարատեսակ ճամպրուկները՝ տեխնիկա ու տաշտակ շալակին... Բայց համ էլ ինչքան թեթևություն ու լավատեսություն կա Թումոյի ուսանողների մասին խոսելիս, կամ երբ ասում է, որ նորմալ է, հայ ռեժիսորները միշտ էլ հայրենիքից դուրս են գործել, ասենք Փարաջանովն ու Փելեշյանը:

Ասում է, թե կինոն մարդու տանում է, ամբողջությամբ պիտի տրվես բայց ախր հինգ երեխա հավանաբար նշանակում է՝ դրան էլ է տրվել, ու բազում ռուս ընկեր-գործընկերներն էլ էդ մշակույթին տրվել կարողանալու նշան են, այսինքն էդ տեսակն էր: Իսկ դա ազգություն չունի: Ու անընդհատ ափսոսում եմ ու ապշում, թե ոնց կարող է էսքան ջահել, էսքան հասուն, բայց և էսքան մանկական ու ընթեռնելի, էսքան իր արմատները սիրող ու էսքան լայնախոհ: Ասում է, թե Ալավերդին շատ հետաքրքիր քաղաք է (դա միայն դրսի աչքերով կարելի է գնահատել), ու ինքն ուզել է ռուս դերասաններին բերել, որ Հայաստանում նկարահանի (սա էլ միայն «ներսի» հավատարմությամբ կարելի է նախաձեռնել), քանի որ կինոբնագավառի ենթակառուցվածք չկա, ինչն իրենց աշխատանքը դժվարացնում է:

Մեզ՝ հանդիսատեսին, իհարկե, էգոիստաբար հետաքրքրում է «հանրային օգուտը» որ կարող էր շարունակել բերել Սահակյանը՝ հեղինակային ֆիլմեր նկարելով Հայաստանում կարոտի ու կորստի մասին,  մրցանակներ միջազգային կինոփառատոններից: Մենք, անկասկած տաղանդավոր մեր հայրենակցով կորցրինք հպարտանալու պոտենցիալ առիթներ:

Ի՞նչ  նկատի ունենք, երբ ասում ենք, թե մարդն ափսոս է էդքան երիտասարդ մահանալու համար: Երեսունյոթը «տարիք չէ», իսկ, ասենք, քառասունհի՞նգը, հիսունի՞նը, վաթսունվե՞ցը: Իսկ ի՞նչ ենք ուզում ասել տաղանդավոր ստեղծագորրծ հայրենակցի մահանալու համար ցավալիս. որ էլի՞ ֆիլմ կնկարեր, մեզ նվեր մրցանակ գավաթնե՞ր կբերեր: Բա քանի՞ աշակերտ կունենար, քանի՞ հոգու վրա կազդեր, որոնք հետո այլևայլ լավ բաներ կանեին: Ավելի շուտ չենք պատկերացնում, թե ոնց կարող է մարդ ինչ-որ մի րոպեի լինի, մեկ էլ ու չլինի, գնա, ու՝ ու՞ր է կորելու էդ ոգին, սերը, մղումներն ու երազները: Ախր ի՛ր չէ, նյո՛ւթ չէ, բա՛ն չէ, շու՛նչ է:

Մի բանի հավատում եմ, որ արտիստն իր ստեղծած արվեստից առանձին է, այսինքն նկարչին մի դատիր, այլ իր գործը, այսինքն անհատական որակները կապ չունեն ստեղծագործության որակի հետ: Բայց մենք էմոցիոնալ կենդանիներ ենք, ու զատելը դժվար է, գումարած՝ մեր հայրենի աշխարհը խիստ փոքր է, Մաշայի ֆիլմերն էլ հեղինակային, ուրեմն կերտողի հետ կերտածի կապն անքակտելի է: Եվ կերտողի կերպարը, որ իրեն հարազատ թեմաները դնում էր ամենատես տեսախցիկի տակ ու զննում ոչ շաբլոն ոճով, լուսավոր շողք է գցում կերտածի վրա: Ուզեցի նայել իր բոլոր ֆիլմերը, որովհետև իր կերպարն ուզեցի լավ ճանաչել: Ու հակառակը, ֆիլմերի մասին պատկերացում ունեմ, քանզի իրեն քիչ թե շատ տեղն եմ բերել:

Ես չեմ հավատում հետմահու կյանքին, բայց գլխումս չի տեղավորվում նաև ոչնչությունը, զրո շարունակությունը, հեչ ոչ մի իմաստը, մթությունն ու դատարկությունը: Ի՞նչ էր ուզում ասել պատերազմի մասին այս կինը, իսկ հայրենիքից հեռանալո՞ւ մասին, բա հոր կորստի՞:

Մի բանի էլ չեմ հավատում, որ ասում են թե Աստված լավագույններին է տանում: Ուրեմն բոլոր վատերո՞վ ենք մնացել: Էլ չեմ ասում, որ վստահ չեմ, թե Աստծուն էլ եմ հավատում: Բայց լավերի կորուստը մեծ է, որովհետև մեծ է նրանց չունեցած բայց ունենալիք ազդեցությունը, կարևոր է նրանց չտեսնված ու տեսնվելիք տեսանկյունը՝ մեր ապրած աշխարհի, կյանքի մասին: Տեսնես է՞լ ովքեր ու է՞լ ինչեր էին հասկանալու իրենք իրենց մասին նրա չնկարած կադրերից, քթներիս տակ է՞լ ինչեր էինք նկատելու, որ կուրորեն շրջանցել ենք:

Տեսնես՝ ինքն ի՞նչ հասկացավ վերջում, որ չէր հասկացել մինչ այդ՝ իր տարիքից վաղ հասունացած Մաշան: Մի բան պարզ է. ցավ ուներ, հարց ուներ, «որդ» ուներ, «բզեզ» էր: Պիտի քչփորեր, գրեր, ջնջեր, նկարեր ու կտրեր, ցույց տար ու իր սրտից հաներ, հինգ երեխուն ծնունդ տար, հինգ ֆիլմերը ցուցադրեր: Ոչ մի դեպքում իզուր չէր:

Ի՞նչ է մնում մեզ/իրենց. հուշե՞ր, ֆիլմե՞ր, գիժ մազերով խելառ աղջկա պատկեր, որ արագ-արագ մեծացավ ու շրխկոցով ապրեց, որ հասցնի, ու որ իսկի ինքն իրեն չդավաճանի:


Լուսանկարը՝ Մարիա Սահակյանի ֆեյսբուքյան էջից


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Նանե Վ Հ Նանե Վ Հ
Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբանել ժամանակների ու վայրերի միջև հայտնված մարդկանց կյանքը։ Նա ուսանել է ռուսական դպրոցում, հասունացել ազգային զարթոնքի ազգեցության ներքո և նոր կյանք կառուցել Արևմուտքում։ Սիրում է գրել մշակույթների առանձնահատկությունների և անհատի ինքնության թեմաներով, լուսաբանում հետխորհրդային շրջանի կյանքի` ՄԹ֊ում քիչ լսված կողմերը։ Ապրում է Շեքսպիրի ծննդավայր Էյվոնի Ստրաթֆորդին կից` իր ամուսնու և դստեր հետ։
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture