image

Էրդողանն ընդդեմ Քըրքորյանի. «Օսմանյան լեյտենանտն» առաջ է ընկնել «Խոստումը» ֆիլմից

Էրդողանն ընդդեմ Քըրքորյանի. «Օսմանյան լեյտենանտն» առաջ է ընկնել  «Խոստումը» ֆիլմից

Մինչեւ այս օրերին տարբեր երկրներում հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտումներն են կազմակերպվում, իսկ Հայաստանում պատրաստվում են այն ցուցադրել ապրիլի 27-ից, թուրքական աջակցությամբ ստեղծված «Օսմանյան լեյտենանտը» (The Ottoman Lieutenant)  ֆիլմը մարտի 11-ից համաշխարհային էկրան է բարձրացել եւ սկսել է իր արշավը՝ «Խոստումը» ֆիլմի դեմ: Որոշ գնահատականներով, որքան բարձր է հայկական քարոզչությունը՝ «Խոստումը» ֆիլմի հարցում, նույնքան տկար է հակաքարոզչությունը՝ հայոց ցեղասպանությունը իբրեւ երկկողմ հակամարտություն ներկայացնող «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմի դեմ: Առաջին համաշխարհային պատերազմի շեմին ամերիկացի բուժքրոջ եւ օսմանցի լեյտենանտի սիրո պատմության միջոցով «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմում փորձ է արվել հայոց ցեղապանությունը ժխտել եւ այն ներկայացնել իբրեւ երկկողմ հակամարտություն, որի ժամանակ ոչ միայն հայեր են զոհվել, այլ նաեւ՝ թուրքեր: Դեպքերը տեղի են ունենում Վան նահանգում:  Ըստ ֆիլմի, չի եղել ցեղասպանություն, այլ թե՛ հայերը, թե՛ թուրքերը, թե՛ Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ հայտնվել են անվերահսկելի խժդժությունների մեջ, որոնց ընթացքում թուրք զինվորները նույնիսկ հայերի են փրկել:   Ինչպես «Խոստումը» ֆիլմը, «Օսմանյան լեյտենանտը» նույնպես նկարահանվել է  օսկարակիր աստղերի մասնակցությամբ. Ֆիլմում խաղում են թուրք հայտնի դերասանները, նկարահանվել են նաև Հոլիվուդի նշանավոր օսկարակիր դերասաններ, ինչպիսիք են Ջոշ Հարթնեթը, Բեն Քինգսլին, Միխիլ Հյոյսմանը, Հերա Հիլմանը: Ֆիլմում նաեւ թուրք դերասաններ են ներգրավված, ընդհանուր առմամբ նկարահանումներին մոտ 1000 մարդ է մասնակցել: Նկարահանումները, ըստ մամուլի, տեղի են ունեցել Պոլսում, Կապադովկիայում, Չեխիայում, Եվրոպայի այլ վայրերում: Նշվում է, որ միայն «Բարրանդով ստուդիայում»  հատուկ այս ֆիլմի համար կառուցված բեմը կազմել է 300‚000 քառակուսի մետր:

«Օսմանյան լեյտենանտը» նկարահանվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականի սեպտեմբերին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո, սակայն նշվում է, որ համաշխարհային ցուցադրության հարցում «Օսմանյան լեյտենանտն» առաջ է անցել «Խոստում»-ից:

Հայերի, եւ անձամբ՝ բարերար Քըրք Քըրքորյանի օժանդակությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի դեմ նման ֆիլմ ստեղծելու շահագրգռվածություն է ունեցել Թուրքիայի նախագահ Թաիփ Էրդողանի ընտանիքը, որն էլ ֆինանսավորել է այն:

«Օսմանյան լեյտենանտը»  ֆիլմի առաջիկա օրերի ցուցացրության վայրերին կարելի է ծանոթանալ այստեղ եւ տարբեր երկրներում հայկական համայնքների միջոցով  բոյկոտել այն: