image
Հրատապ լուրեր:

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերեջիկլյանը հայ կոմպոզիտորի ստեղծագործության նոտաները Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբին է հանձնել

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերեջիկլյանը  հայ կոմպոզիտորի ստեղծագործության նոտաները Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբին է հանձնել

Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետ, հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը պատասխանել է ծագումով Հայաստանից Իսրայելում բնակվող կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի նամակին: Այդ մասին տեղեկանում ենք կոմպոզիտորից: 

Վերջինս նամակ էր հղել վարչապետին՝ ուղարկելով նրան Իսրայելում հրատարակված իր «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի պարտիտուրը, յութուբյան տեսագրությունը (DVD)՝ խնդրելով  հնարավորություն ստեղծել, որպեսզի ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող այդ ստեղծագործությունը հնչի Սիդնեյում: Պատասխանը չէր ուշացել. հայազգի վարչապետը պատասխանել է հայ կոմպոզիտորին, տեղեկացնելով, որ նոտաները հանձնել է Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբին...  Ի դեպ,  նամակում հայուհի վարչապետը «Նուբար» անունը գրել է հայերենով: 

«Արեւելքի» հետ զրույցում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն ասաց, թե տեղյակ էր, որ Գլեդիս Բերեջիկլյանի ընտանիքը նույնպես անցել է ցեղասպանության ճանապարհով: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգում՝ 2015-ի հունվարի 30-ին Երեւանում հնչել է Ցեղասպանությանը նվիրված իմ «Սիփանա քաջեր» կոնցերտ պոեմը, հեղինակած շեփորի եւ նվագախմբի համար: Մենակատարն Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի շեփորահար Ռամ Օրենն էր, որ սիրով հանձն  է առել կատարել այն:  Ես շատ ուրախ էի, որովհետեւ Ցեղասպանությանը նվիրված գործ է կատարում հանրահայտ երաժիշտը, որի երկիրը՝ Իսրայելը չի ճանաչում ցեղասպանությունը: Համերգից հետո եղան հանդիպումներ հայաստանյան հեռուստատաղավարներում, մամուլում եւ իմ խնդրանքով Ռամին ընդունեց  մշակույթի՝ այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը: Իսրայել վերադառնալուց հետո, երբ մոտեցավ ապրիլի 24-ը, Ռամը իր ֆեյսբուքյան էջն ամբողջովին նվիրեց հայոց ցեղասպանությանը»:

Կոմպոզիտորը հույս ունի, որ հիշատակի ոգեկոչման ստեղծագործությունը կհնչի ոչ միայն Սիդնեյում, այլեւ աշխարհի խոշոր քաղաքներում՝ մեկ անգամ եւս հիշեցնելով հայոց ցեղասպանության մասին: