image

Կանադական ընկերության եւ Ադրբեջանի միջեւ կնքված ռազմական գործարքը նոր հարցեր է առաջացնում

Կանադական ընկերության եւ Ադրբեջանի միջեւ կնքված ռազմական գործարքը նոր հարցեր է առաջացնում

Radiօ Canada International-ի հայ լրագրող Լեւոն Սեւունցը հրապարակում է պատրաստել այն մասին, որ  Կանադական INKAS Armored Vehicle Manufacturing ընկերության եւ Ադրբեջանի միջեւ կնքված ռազմական գործարքը՝ զենքի արտահանման վերահսկողության հետ կապված, նոր հարցեր է առաջացնում: 

Տորոնտոյում գործող INKAS զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության եւ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության միջեւ կնքված գործարքի համաձայն ընկերությունը արդեն կանադական զրահապատ մեքենաներ է արտահանել: 

Լրագրողը մտահոգություն է հայտնել, որ կանադական ընկերության նշված գործարքը, որով ոչ միայն զրահամեքենաներ է  արտահանվելու, այլեւ Ադրբեջանի հետ ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն է սկսվելու, հերթական անգամ օրակարգ է բերում Կանադայի ռազմական տեխնիկայի արտահանման վերահսկողության արդյունավետության հարցը: 

 

«Մենք չէինք կարող որեւէ բան արտահանել առանց թույլտվություն ստանալու։ Կանադայի իշխանությունները ստուգել են եւ հաստատել»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ռոման Շիմոնովը.  նա նշել է, որ ընկերությունը  պահպանում է ռազմական արտադրանքի արտահանման բոլոր կանոնները։ Վերջինս նշել է նաեւ, որ իր ընկերությունը Կանադայի արտաքին գործերի դեպարտամենտում անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:  

 

Սակայն լրագրողի մեկնաբանությամբ արտահանման արտոնությունը հակասում է այն սկզբունքին, որ Կանադայի կառավարությունը որդեգրել է. այն է՝ կանադական ռազմական տեխնիկայի արտահանումը չպետք է որեւէ կերպ նպաստի ազգային կամ տարածաշրջանային հակամարտությունների զարգացմանը կամ էլ դրանց անկայունացմանը: 

Արտաքին գործերի մամլո խոսնակն այս մտահոգությանը պատասխանել է, որ հաշվի են առնվել տարածաշրջանային խաղաղությունն եւ կայունությունը, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքները:

Լրագրողը հիշեցնում է, որ Ադրբեջանում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները,  Amnesty International ու Human Rights Watch միջազգային կազմակերպությունները քննադատել են  Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ արձանագրությունները, իսկ Ադրբեջանը անցյալ տարվա ապրիլին հարձակվել է հայկական ուժերի վրա՝ խախտելով 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը։

Կանադական Russian Week ռուսալեզու կայքին տված մեկ այլ հարցազրույցում Շիմոնովն ասել է, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը հազվագյուտ է, քանի որ գտնվում է Իրանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:  «Ադրբեջանը հնարավորություններ է փնտրում իր սահմանները պաշտպանելու համար»,-ասել է Շիմոնովը: 


Լուսանկարը՝ Լեւոն Սեւունցի