image

Ունենալու ենք ինքնիշխան ազատ եւ անկախ պետություն.Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը

Ունենալու  ենք  ինքնիշխան ազատ եւ անկախ պետություն.Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարելի է համարել թավշյա հեղափոխության առաջին փուլի քաղաքական հաղթական ավարտը, որի արդյունքում սկսվելու է երկրի զարգացումը խթանող եւ ապահովող տնտեսական, սոցիալական, հասարակական եւ համազգային բնույթի խնդիրների ուղղությամբ քայլերի եւ լուծումների համար մի նոր ժամանակաշրջան, հեղափոխության մի նոր փուլ, որը պիտի երաշխավորի երկրի անվտանգությունը, համակողմանի զարգացումն ու ժողովրդի բարօրությունը:

 

Կոչ ենք անում մեր հայրենի ժողովրդին միահամուռ մասնակցելու ընտրություններին եւ անկաշկանդ իրենց ձայնը տալ հեղափոխությունը իրականություն դարձնող եւ շարունակող ուժին: Ընտրություններին մասնակցությունը եւ ժողովրդի ազատ կամարտահայտության յուրաքանչյուր ձայն հեղափոխության շարունակականության եւ ժողովրդի հաղթանակի գրավականն է: Ո'րքան լայն մասնակցություն, այնքա'ն անկողոպտելի հաղթանակ:

 

Եթե կա հեղափոխություն, ապա, կա նաեւ հակահեղափոխություն, հեղափոխության վերջնական հաղթանակի համար հարկավոր է մերժել ու մեկուսացնել բոլոր այն ուժերին, ովքեր տասնյակ տարիներ իշխանության մեջ լինելով, թալանել են երկիրը, խթանել են արտագաղթը, տարածել են աղքատությունը եւ ծախու առարկա են դարձրել երկիրը:

Հանցակից են ու հարկավոր է մերժել նաեւ իշխանությունների տաշտակից օգտված ու նրանց հակազգային քաղաքականությունը պաշտպանած այն բոլոր կուսակցություններին եւ ուժերին, որոնք դեռ այսօր էլ ցավոք չեն հասկացել ու անվերապահորեն չեն սրբագրել իրենց թույլ տված կորստաբեր սխալները:

 

Եվրոպայի Հայերի Համագումարի խոր համոզմունքն է, որ հեղափոխական ու առաջադեմ ուժերի եւ ժողովրդի ուսերին է դրված հեղափոխության ողջ ընթացքի հաղթանակը:

Ժողովրդի բնական սպասելիքն է, որ ընտրությունների արդյունքում նոր իշխանությունները առավել իմաստությամբ եւ եռանդով, ժողովրդի աջակցությամբ եւ նրա հաստատ ձայնով անկոտրում կշարունակեն իրենց քայլը՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության, բարգավաճման եւ երջանկության:

 

Եվրոպայի Հայերի Համագումարի կարծիքով Նոր Հայաստանի պայմաններում արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխան քաղաքական ռազմավարության մշակումը եւ իրագործումը այն հենքն է որի միջոցով հնարավոր կլինի երաշխավորել մեր երկրի դիրքի եւ կարեւորության ամրապնդումը տարածաշրջանում եւ միջազգային ուժային կենտրոնների շրջանակներում:

Մեզ համար կենսական են եւ անհրաժեշտ, աշխարհի բոլոր տերությունների եւ բարեկամ հարեւանների հետ կշռադատված եւ համակողմանի հարաբերությունների ամրապնդումը եւ զարգացումը:

 

Հավատացած ենք, որ նոր Հայաստանի եւ նոր ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերը ունեն եւ ունենալու են բոլոր օրինական հնարավորությունները ազատ ու անկաշկանդ իրենց որդեգրած գաղափարների շուրջ միավորվելու եւ կազմակերպվելու, եւ այսպիսով Ազգային Ժողովում, թե' նրանից դուրս, Հայաստանի ու հայ ժողովրդի ապագա կյանքում իրենց ներդրումը ունենալու:

Հայաստանի քաղաքական բեմը կարիք ունի առողջացման եւ այն բոլոր ուժերը ովքեր այժմ էլ ընտրություններում, որպես խաղաքարտ շահարկում են նույնիսկ Արցախի չափազանց զգայուն հարցը, չեն կարող լինել առողջ եւ կենսունակ ուժեր, այլ նրանց տեղը պատմության աղբանոցն է:

 

Սփյուռքը նույնպես ուշի ուշով հետեւում է խորհրդարանական այս արտահերթ ընտրություններին: Սփյուռքի համար նույնքան կարեւոր են այս ընտրությունները, որքան Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար:

 

Սփյուռքը անվերապահ զորակցում է եւ պիտի զորակցի Հայաստանին:
Սփյուռքի համար եւս օդի ու ջրի պես կարեւոր է, որ մենք ունենանք ազատ եւ ինքնիշխան պետություն: Հայության ողջ ներուժով հարկավոր է լծվել պետականաշինության գործին: Առանց կենարար եւ հզոր Հայաստանի, Սփյուռքը չի կարող պահպանել իր ինքնությունն ու կենսունակությունը:

Հայաստան-Սփյուռք համակողմանի եւ խորքային նոր կապերի եւ միասնականության ամրապնդումը անհետաձգելի է եւ հանդիսանալու է այն խթանը, որով հնարավոր կլինի Սփյուռքի ինքնակազմակերպումը եւ հսկայական ներուժի իրացումը:

 

Եւ վերջապես, այս ամենի նպատակն այն է, որ մենք ունենանք ինքնիշխան ազատ եւ անկախ պետություն, օրենքի առջեւ բոլորի հավասարություն, սոցիալական արդարություն, աղքատության վերացում, բոլորի համար կրթության, արժանապատիվ և երջանիկ ապրելու հնարավորություն, հայրենադարձություն եւ մեր համազգային իրավունքներին տեր կանգնելու իրական ուժ եւ հնարավորություն:

 

Եվրոպայի Հայերի Համագումար 

Ուփսալա, Շվեդիա

30 նոյեմբեր 2018 թ.

contact@aaeurop.com
www.aaeurop.com