image
Հրատապ լուրեր:

Ախալքալաքի բերդի ավերակների վրա պանթուրքիստական գրություններ են հայտնվել. «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»

Ախալքալաքի բերդի ավերակների վրա պանթուրքիստական գրություններ են հայտնվել. «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»

javakhkmedia-ն գրում է, որ մի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտնվում կիսավեր նախկին մզկիթը, որի  մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ և «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»:

Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828 թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկևիչի կողմից, և անցել Ռուսական Կայսրությանը: Դրանից հետո այն որևէ ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, և անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:

Վերջին տասնամյակների ընթացքում Ջավախքի և Բորչալուի վրայով կոմունիկացիոն նախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, Ղարս-Ծալկա-Բաքու ավտոմայրուղին և այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:

Այս ամենի արդյունքում Աջարիայում, Ջավախքում, Բորչալուում և Վրաստանի հարավում ընդհանրապես օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը» փաստորեն, չեն մոռացել Ախալքալաքի բերդի տեղը և դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:

Իսկ  ավելի հատկանշականն   այն է, որ երբ Ախալքալաքում լուր տարածվեց այս գրությունների մասին, մի քանի օրից դրանք մի գիշերում անհետացան:

Եթե առաջին ձեռքը, որ թողել էր այդ գրությունները, կարող էր պատմությամբ հետաքրքրվող պատահական անցորդ թուրքի ձեռք լինել, ապա գրությունները ծածկող ձեռքը ավելի զգույշ ու համակարգված կազմակերպչի մասին է վկայում: