image
Հրատապ լուրեր:

Կիպրոսում «Մելքոնյան» վարժարանը պետք է վերաբացվի․ Եվրոպայի հայերի համագումար

Կիպրոսում «Մելքոնյան» վարժարանը պետք է վերաբացվի․ Եվրոպայի հայերի համագումար

Եվրոպայի հայերի համագումարն աջակցություն է հայտնել «Մելքոնյան» վարժարանը վերաբացելու նախաձեռնությանը։ Համագումարի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Սփյուռքում աչքի լույսի պես պիտի պահել ու պահպանել ազգային կրթական բոլոր հաստատությունները: Սփյուռքում լուրջ վտանգված են մեր ինքնությունը պահող և երաշխավորող հայոց կրթական հաստատություններն ու դպրոցները:

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի:

Միանալով աշխարհով մեկ սփռված «Մելքոնյան» վարժարանի շրջանավարտ մեր հայրենակիցների բողոքին՝ Եվրոպայի Հայերի Համագումարը իր անվերապահ զորակցությունն է հայտնում իրենց ինքնությունը և մայրենի լեզուն պահելու համար ոտքի ելած մեր պայքարող հայրենակիցներին, որոնք բողոքում են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից դպրոցի փակման որոշման դեմ և պահանջում այս հույժ կարևոր կրթական օջախի վերաբացումը:

Միանալով Մելքոնյանցիների արդարացի բողոքին՝ կրկնում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ակնկալում ենք նաև արմատական փոփոխություններ Սփյուռքում, և չի կարելի թույլ տալ սպիտակ եղեռնի իրականացումը:

Ականատես ենք լինում, թե ինչպես է օրինակ Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի որոշումով փակվում Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց վարդանանց» դպրոցը, մինչդեռ մեծ գումարներ է հատկացվում Սպահանի դաշնակցության ենթակա միության բազմահարկ նոր կենտրոնատեղի կառուցելու համար:

Անհիմն պատճառաբանություններով մեկը մյուսի ետևից տարբեր տեղերում փակվում են հայկական կրթական օջախները:

Ականատես ենք լինում, թե ինչպես, սփյուռքում ավանդական որոշակի կառույցներ, թավշյա հեղափոխությունից դասեր քաղելու փոխարեն, մտածում են միայն իրենց կուսակցական նեղ շահերի համար և համայնքին ու ընդհանուրին պատկանող հարստությունը ծառայեցնում իրենց խմբակային նեղ շահերին:

Օրինակները ամենուրեք են և բազմաթիվ:

Տասնյակ տարիներ է ինչ սփյուռքի տարբեր երկրներում և համայնքներում քարոզվում է և գործում, ոչ թե ազգային ու հայրենական ոգին, այլ՝ ազգայինի քողի տակ կուսակցական և հատվածապաշտական գաղափարախոսությունը:

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել սփյուռքի բազմամիլիոնանոց հայության սրտերում և ժամանակն է, որ միահամուռ և միասնական ուժերով վերակազմակերպվելու և թավշյա հեղափոխության շնչով, ո’չ ասելու սփյուռքյան մենաշնորհին, անարդարությանը, պառակտումին, արատավոր երևույթներին և կուսակցամոլությանը:

Սփյուռքում աշխատող բոլոր կառույցները պետք է աշխատեն համահայկական և համազգային համընդհանուր շահերի շրջանակներում»: