image

«Գնեք Հայաստանից» շարժումը նոր շունչ է ստանում. Հաճելի գնումներ և բժշկական սպասարկում՝ Հայաստանում

«Գնեք Հայաստանից»  շարժումը նոր շունչ է ստանում. Հաճելի  գնումներ և բժշկական սպասարկում՝ Հայաստանում

Հայաստանում տարբեր բարեգործություններով և նախաձեռնություններով հայտնի քուվեյթահայ գործարար, հրապարակախոս Կիրակոս Գույումջյանը անցյալ տարի հիմնել  էր  «Գնեք Հայաստանից» շարժումը և այն տարածել սփյուռքում: Շարժման նպատակը Հայաստան այցելող սփյուռքահայերին հորդորելն էր, որ այցի ընթացքում անհրաժեշտ բոլոր իրերն ու պիտույքները ոչ թե բերեն իրենց հետ, այլ գան և գնեն Հայաստանից՝ այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:  Ինչպես «Արեւելք»-ին հայտնեց Կիրակոս Գույումջյանը՝ անցյալ տարի այս գաղափարը մեծ քաջալերանք էր ստացել բազմաթիվ սփյուռքահայերի կողմից, նրանք ողջունել էին գործարարի միտքը և իրենց զբոսաշրջային գնումները կատարել հայրենիքից: Կիրակոս Գույումջյանն ասում է, որ շարժմանը մասնակցած ոչ ոք դժգոհ չի մնացել, քանի որ Հայաստանում կան բարձր որակի ապրանքներ՝ թե՛ տեղական արտադրության, թե՛ արտասահմանյան: Ըստ գործարարի, սա նպաստում է երկրում առևտրի աշխուժացմանը, երկրում ավելանում է արտարժույթը և նաև նպաստում է սփյուռքահայերի՝ տեղական կյանքին ինտեգրվելուն: «Շստ մարդիկ հենց այսպես են ճանաչում Հայաստանը: Նրանք առևտրի վայրեր դուրս գալով՝ տեսնում են տեղացիների կյանքը, շփվում են, պատկերացում են կազմում մարդկանց ապրելակերպի, երկրում ապրանքների գների մասին»,-ասում է սփյուռքահայ գործարարը, նշելոց, որ ուտելիքը, մրգերը, քաղցրեղենը զբոսաշրջիկն ինքնաբերաբար արդեն տեղում է գնում, բայց նրան պետք է հուշել գնումների շրջագիծը մեծացնելու մասին: 

Գույումջյանը շեշտում է, որ հայրենասիրությունը, հայրենաճանաչությունը պետք է տարածել բոլոր ուղղություններով և՝ ոչ թե խոսքով, այլ՝ գործով. 

«Ես գիտեմ շատ սփյուռքահայեր, որոնք ամենափոքր գնումը  կամ սպասարկումը  նախընտրում են այստեղ անել: Հայտնի է, որ շատացել է այստեղ տներ գնող սփյուռքահայերի թիվը, նրանք նաև նախընտրում են կահավորել իրենց տները հայաստանյան շուկայից գնած ապրանքներով, նվերներ են գնում Հայաստանից, հագուստ, կոշիկ, զարդեր և այլ ապրանքներ են փնտրում և գտնում իրենց ճաշակին համապատասխան ամեն ինչ:  Ես ինքս և իմ ընտանիքի անդամները նույնպես, տարիներ շարունակ այցելելով հայրենիք,  ոչինչ դրսից չենք բերում մեզ հետ: Հաճույք է գալ և երևանյան խանութներից գնումներ կատարել»-ասում է Գույումջյանը:

Նա շեշտում է մեկ այլ կարևոր հանգամանք՝ բժշկական զբոսաշրջության զարգացումը, որը համեմատաբար նոր գաղափար է: Հայաստան այցելող զբոսաշրջիկներին նա առաջարկում է իրենց բժշկական սպասարկումը նույնպես կատարել Հայաստանում, նշելով, որ Հայաստանում կան լավ բժիշկներ և արժե օգտվել նրանց ծառայություններից: 

Մեր զրուցակիցը սփյուռքահայերին առաջարկում է նաև իրենց ընտանիքների տարբեր կարևոր իրադարձությունները՝ նշանդրեք, հարսանիք, մկրտություն և այլն, անցկացնել Հայաստանում: Արդեն ձևավորում է նման ավանդույթ՝ շատ սփյուռքահայեր են ցանկանում պսակադրվել հայաստանյան եկեղեցիներում, ոմանք երջանիկ են զգում՝ իրենց երեխային այստեղ մկրտելով և այլն: Նա այս գաղափարը բոլոր հնարավոր ձևերով տարածում է սփյուռքում, այս մասին գրում է հոդվածներ, հարցազրույցներ է տալիս, որ ավելի շատ մարդ ոգևորվի և մասնակից լինի շարժմանը: 


«Գնեք Հայաստանից» շարժանը արդեն միացել են հայեր ոչ միայն Մերձավոր Արևելքից, այլև՝ ԱՄՆ-ից, Եւրոպայից, այլ տարածքներից: Նրանք նամակներ են գրում Կիրակոս Գույումջյանին և շնորհակալություն հայտնում շարժման մասին անընդհատ խոսելու համար: 

Քուվեյթահայ գործարարը հայաստանցի տնտեսվարողներին նաև առաջարկում է իրենց արտադրած ապրանքը դարձնել ավելի գրավիչ և եթե որոշ ապրանքների վրա միայն ռուսերեն են գրությունները, անպայման ավելացնել հայերեն կամ անգլերեն մակնշումները, որպեսզի սփյուռքահայերը նույնպես կարողանան կարդալ: