image
Հրատապ լուրեր:

Ազգային գրադարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է. Աննա Չուլյան

Ազգային գրադարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է. Աննա Չուլյան

Հայաստանում համալսարանական գրադարանի աշխատանքների կազմակերպման մասնագետ, գրադարանային գործի կազմակերպիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ Աննա Չուլյանը, անդրադառնալով Հայաստանի Ազգային  գրադարանի վթարի հետևանքով անհասանելի դարձած շտեմարաններին,  կարծում է, որ ժամանակ է անհրաժեշտ՝ պարզելու կորուստների իրական ծավալները։  «Արեւելքի» այն դիտարկմանը, որ Ազգային գրադարանն արդեն հայտարարել է, թե կորուստներ չկան, Աննա Չուլյանն ասում է՝ իրատեսական չէ այդ հայտարարությունը, քանի որ միանգամից հնարավոր չէ պարզել, գնահատականներ տալու համար մասնագիտական լուրջ վերլուծություն և ժամանակ է անհրաժեշտ:

«Մյուս կողմից էլ՝ կրիչների վրա պաշարների պահպանումը դեռ չի նշանակում, որ շտեմարանները լիակատար վերականգնված են, պահպանվելուց հետո վերականգնելուն լուրջ աշխատանք է հաջորդելու: Եթե այն, ինչ որ կար հիշողության կայանում, ամբողջությամբ պատճենվում, պահեստավորվում էր (back up էր արվում), և դա մի սերվերի վրա էր արվում, որը դրված էր վնասված սերվերների կողքին, ենթադրում եմ և հնարավոր է՝ դրանք էլ են վնասվել, չեմ կարող ասել, մինչև չիմանանք: Եթե դրանք ամպային տիրույթում էին պահեստավորվում, հնարավոր է վերականգնել, բայց ամպայինում պահեստավորելու մասին էլ ոչինչ չգիտենք»,-ասում է Աննա Չուլյանը:

Նա վերջին տասնամյակում ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում թվային գրադարանների ստեղծման և հանրահռչակման շարժմանը, եղել է հայկական թվային գրադարան ստեղծելու գաղափարի ակունքում և լավ է պատկերացնում անհասանելի դարձած թվային շտեմարանները նորից վերականգնելու դժվարությունը:

«Խոսելով կորցրածը նորից վերականգնելու մասին, խոսքը չի գնում միայն թվայնացված նյութերի մասին: Թվային գրադարանը միայն այն նյութերը չեն, որոնք զետեղված են նրանում: Թվային գրադարանը լուրջ ծրագրա-տեխնիկական, բովանդակության կառավարման ապարատ է, որը հնարավորություն է տալիս օգտվել այդ կառույցից: Այդ նիշքերը հենց այնպես լցված կամ տեղադրված չեն այնտեղ, դրանք բոլորը ունեն մետատվյալներ, բոլորը ընդգրկված են մատենագիտական ցանկերի մեջ, ունեն ցուցիչներ, հեղինակավոր գրառումներ, բազմալեզու խորագրեր և այլ օժանդակ շտեմարաններ։  Ամենալուրջ խնդիրն այստեղ այն է, թե արդյոք այդ համակարգերը հնարավոր կլինի՞ վերականգնել: Դրա համար նախևառաջ կորուստների չափը պիտի իմանանք»,-ասում է Աննա Չուլյանը:

Նա հիշում է, թե ինչ երկար ու մասնագիտական ճանապարհ են անցել Հայաստանում «թվային գրադարան» և «հանրամատչելիություն» շարժումները:

Հայաստանը 2007 թ.-ին որդեգրել է հանրահասանելիության սկզբունքները: Այդ շարժման հիմնական նպատակներից մեկը հեղինակային իրավունքով ամրագրված նյութերը տարածելն ու տեղեկատվական հասարակություն ձևավորելն է: Հայաստանի գրադարանավարներն ու այդ շարժման առաջամարտիկները երկար ճանապարհ են անցել՝ սովորելով ծրագրերն ու տիրապետելով հանրամատչելիության սկզբունքներին, ուսումնասիրելով համապատասխան իրավական-նորմատիվ փաստաթղթերը: Այդ ողջ գաղափարախոսության վրա  էլ դրված են եղել այսօր անհասանելի դարձած «Հայ գիրք», «Հայ մամուլ» և մյուս շտեմարանները: Անհասանելի է նաև Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը, որին մասնակցել է Հայաստանի 18 գրադարան, ինքը՝ Աննա Չուլյանը նույնպես մասնակցել է գրացուցակի ստեղծմանը: «Ստեղծվել են ծանրակշիռ համակարգեր, աշխատանք է տարվել դրանց հետ: Եթե անգամ դրանք առանձին-առանձին պահպանվել են, համակարգում այդ ամենը վերականգնել է պետք, կրկին պիտի հաջորդի մեծ ծավալով աշխատանք: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել»,-ասում է Աննա Չուլյանը:

Թվայնացված նյութերի մեջ են ոչ միայն Հայաստանի տարածքում եղած գրքերն ու մամուլը, այլև, ինչպես Աննա Չուլյանն է ասում, բազմաթիվ գրքեր, թերթեր, ամսագրեր, որոնք թվայնացվել են դրսի գրադարաններում և ուղարկվել Հայաստան,  քանի որ դրանց օրինակները կա՛մ պակասել են Հայաստանում, կա՛մ ամբողջական չեն եղել: Հայաստանի Ազգային գրադարանը պաշտոնական հարցում է կատարել դրսի կառույցներին, խնդրելով իրենց մոտ եղած հայերեն նյութերը թվայնացնել և ուղարկել: «Ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել, որ եթե, Աստված մի արասցե, մենք կորուստներ ունենանք, ինչպե՞ս պիտի վերականգնենք, դրանք նյութեր են, որոնք այստեղ չեն գտնվում: Ես շատ եմ ուզում հավատալ, որ դրանք պահպանվել են:  Շատ լավ են ամպային տեխնոլոգիաները, ես կողմ եմ դրանց, բայց պետք չէ մոռանալ, որ ազգային արժեքները միայն ամպային տիրույթում տեղադրելը այնքան էլ ճիշտ չէ, ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք և՛ տեղում և՛ այլ վայրում պահեստավորված պատճեններ»:

Աննա Չուլյանը համաձայն չէ տարածվող այն տեսակետին, թե ոչինչ, ինչ եղել է, եղել է…

«Գիտե՞ք, մենք չենք խոսում ինչ-որ մի օֆիսի մասին, որի սերվերը վառվել է: Մենք խոսում ենք Ազգային գրադարանի մասին, որի գործառույթներն ամրագրված են  ՀՀ գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքով, որտեղ հստակ գրած է, որ Ազգային գրադարանը հավաքագրում, դասակարգում, քարտագրում, արխիվացնում, սպասարկում  և հանրահռչակում է մշակութային արժեքները: Ազգային գրադարանը շատ ավելի լուրջ կառույց է, և վերաբերմունքը շատ ավելի լուրջ պետք է լինի: Մեր ռազմավարական խնդիրներից մեկն է, թե ո՞ր տեսանկյունից, ո՞ր դիտանկյունից ենք մենք նայում Ազգային գրադարանին, որպես ի՞նչ ենք մենք այն դիտարկում, ի՞նչ կառույց է, գիտակցո՞ւմ ենք նրա առաքելությունը, գիտելիքահենք հասարակության կողմից ազգային գրադարաններին առաջադրված մարտահրավերները և ըստ այդմ անվտանգության ի՞նչ նորմեր և ի՞նչ քայլեր ենք անում ռազմավարական այդ կառույցի անվտանգությունն ապահովելու համար»,-նշում է Աննա Չուլյանը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 10-ին համացանցային կապի խափանման և Հայաստանի Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Արդյունքում անհասանելի են դարձել թվային շտեմարանները, ԱԻՆ-ը ուսումնասիրում է վնասի չափը: