image

Միասին հաղթե՛նք կորոնավիրուսին. Հարութ Ներսեսյան

Միասին հաղթե՛նք կորոնավիրուսին. Հարութ Ներսեսյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում 2020-ի սկզբից, նոր կորոնավիրուսի՝ COVID 19-ի վարակը շարունակվում է տարածվել:

Վարակի և դրա տարածման ընթացքի մասին կարծիքները տարբեր են: Փաստն այն է, որ վարակն ունի բարձր փոխանցելիություն, և հենց դա է պատճառը, որ ինչպես շատ այլ երկրների, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի հնարավորություններն ու մարդկային միջոցները սահմանափակ են օր օրի ավելացող վարակվածների խնամքը առավելագույնս կազմակերպելու համար:

Սակայն բոլորս ենք տեսնում, թե որքան բարեխիղճ, սրտացավ ու անմնացորդ նվիրումով են կատարում իրենց գործը բուժհաստատությունների անձնակազմերը: Նրանք լավ գիտեն իրենց գործը և համաճարակի դեմ պայքարում բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկում:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մինչ զարգացած երկրներում վարակվածների քանակն աստիճանաբար նվազում է, Հայաստանում թվերը դեռ ավելանում են:

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ մարդկանց միջև հեռավորության պահպանումը, դիմակների պարտադիր կրումն ու իշխանությունների հաստատած այլ անհրաժեշտ կանոնների պահպանումը օգնում են վարակի տարածումը կանխարգելելուն ու դրա վերացման դեմ պայքարի արդյունավետությանը:

Ուստի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անունից կոչ եմ անում պահպանել Պարետատան ընդունած բոլոր կանոնները և հեռու մնալ ամեն ինչ քաղաքականացնելուց:

Մեր պատմությունը ցույց է տալիս, որ միասնական ու միակամ լինելով՝ մենք կարողանում ենք ցանկացած դժվարություն հաղթահարել:

Եկե՛ք ազգովի խնդրենք Աստծու օգնությունը, պահենք առաջարկվող բոլոր կանոնները և օրինակ ծառայենք մեկս մյուսին, զերծ պահենք մեր երկիրն ու մեզ կորոնավիրուսի կործանարար ազդեցությունից: Աստված օգնական բոլորիս:

Հարութ Ներսեսսյան

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ