image

Հայկական երգը սիրելի դարձնել ոչ միայն հայերին, այլ նաեւ՝ օտարներին. Արսեն Գրիգորյան

Հայկական երգը սիրելի դարձնել ոչ միայն հայերին, այլ նաեւ՝ օտարներին. Արսեն Գրիգորյան

Հայ ազգային երգարվեստի առաջ ծառացած բազում խնդիրներից  այսօր թերևս ամենաառանցքայինն ու կարևորը պահպանության խնդիրն է: Այս հանգամանքը հաշվի առնելով ` ՀՀ վաստակավոր արտիստ, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ` 4 տարի առաջ կյանքի կոչվեց «Գութան» ազգային երգի պարի փառատոնը:

«Փառատոնի ամենակարևոր նպատակն է հայ հասարակության մեջ համատարած դարձնել, հանրայնացնել ազգագրական երգն ու պարը` իր ավանդական, մաքուր, զուլալ ձևով և բովանդակությամբ: Միևնույն ժամանակ մեզ վրա պարտավորություն ենք վերցրել տարածել ազգագրական երգն ու պարը նաև  Հայաստանի սահմաններից դուրս, և այդ երգ ու պարի միջոցով օտարին ճանաչել տալ մեր ինքնությունը...»,-  «Արեւելքի» հետ զրույցում ասում է Ա. Գրիգորյանը:

Փառատոնն ամեն տարի կայանում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որին մասնակցում են ազգագրական երգի պարի բազմաթիվ խմբեր, ինչպես օրինակ՝ «Կարին», «Վան», «Սասնա Ծռեր», «Ակունք»... 2016-ին փառատոնը տեղի ունեցավ նաև Արցախում` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը ազգային երգ ու պարի պահպանման ակտիվ գործունեությամբ զբաղվում է ողջ տարվա ընթացքում։ Այս տարի արդեն իրականացվել է երեք կարևոր միջոցառում՝ «Մասունք» խմբի ստեղծման երեսունամյակին նվիրված համերգը, «Զարթոնք» խմբի տարազների ստեղծումը և «Ակունք» խմբի մասնակցությունը միջազգային փառատոնին։

Վերջերս տեղի ունեցավ ևս մեկ նշանակալից միջոցառում. Եգիպտոսում արդեն 5-րդ անգամ կայացավ Ասուանի մշակույթի և ազգային արվեստների ամենամյա միջազգային փառատոնը, որը կազմակերպվում է Եգիպտոսի Զբոսաշրջության և Մշակույթի նախարարությունների կողմից: Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 10 երկրներ, այդ թվում նաև՝ Հայաստանը: Մեր հայրենիքը ներկայացնում էր «Ակունք» ազգագրական երգի պարի խումբը՝ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես նշեց ՀՀ վաստակավոր արտիստը, «Ակունք»-ի հետ պատրաստվում էին «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնին, երբ ՀՀ Մշակույթի նախարարություն հրավեր եկավ՝ մասնակցելու Ասուանի ամենամյա փառատոնին: Հետևելով «Գութան»-ի որդեգրած սկզբունքին՝ «Ակունքը»-ը որոշեց մասնակցել փառատոնին եւ ներկայացնել ու ճանաչել տալ հայ ազգային երգն ու պարը օտարին: Հովանավորությունը ստանձնեց Եգիպտոսի հայոց թեմը՝ ի դեմս թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի: Իր աջակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Փառատոնը բավականին հետաքրքիր ձեւաչափով էր անցկացվում: Սկզբում բացման արարողությունն էր, որի ժամանակ խմբերին հատկացված էր 3 րոպե՝ ներկայացնելու իրենց ազգային երգն ու պարը, ապա յուրաքանչյուր խումբ պետք է նշված ժամկետներում հանդես գար երկու անհատական համերգային ծրագրերով, որին հաջորդեց փակման արարողությունը: «Ակունք»-ի առաջին համերգը տեղի ունեցավ Ասուանի արվարձանային շրջաններից մեկում, իսկ երկրորդը՝ Սուբաիե քաղաքում: Փակման արարողությունը տեղի ունեցավ Աբու Սիմբլ քաղաքում, որին ներկա էր նաև Եգիպտոսի Մշակույթի նախարարը: Փառատոնին Հայաստանը պատվով ներկայացավ և կարճ ժամանակում կարողացավ սիրվել և հայկական ազգային երգն ու պարը սիրելի դարձնել տեղի հասարակությանը՝ միաժամանակ արժանանալով կազմակերպիչների ու մասնակից երկրների ներկայացուցիչների բարձր գնահատանքին ու գովասանքին: «Ակունք»-ը փառատոնի շրջանակներից դուրս համերգ ունեցավ նաև Կահիրեում՝ տեղի հայ համայնքի համար։

«Նմանատիպ շրջագայությունների միջոցով մենք փորձում ենք օտարներին ասել, իրազեկել, որ սա է մեր մշակույթը, ոչ թե կիսաարաբական, կիսաթուրքական երգերը, որ այսօր հրամցվում է հայկական լսարանին»,- հավելում է ՀՀ վաստակավոր արտիստը:

Փակումից հետո Ասուանի նահանգապետը ընդունելություն կազմակերպեց եւ նահանգի հուշամեդալներով պարգևատրեց բոլոր խմբերին: Ինչպես նշեց Ա. Գրիգորյանը, սպասվում են նորանոր նախագծեր ու ծրագրեր, մասնավորապես՝ պատրաստվում են մասնակցել մոտ ապագայում Բուլղարիայում կայանալիք միջազգային փառատոնին:

 

Տաթեւիկ Մուրադյան