image

Այսօր հայտնի կդառնան «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Այսօր հայտնի կդառնան  «Ավրորա» մրցանակի հավակնորդները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 13:30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը ուղիղ հեռարձակմամբ կներկայացնեն 2017թ.-ի AuroraPrize-ի հավակնորդներին:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:
Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 
«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: