image
Հրատապ լուրեր:

Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանն ամուսնացել է իսպանացու հետ

Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանն ամուսնացել է իսպանացու հետ

Աշխարհահռչակ հայ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանն օրերս Հայաստանում ամուսնացել է իր ընտյալի՝ իսպանուհի Անգելայի հետ: Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում՝ համեստ պայմաններում: Հայ նշանավոր երաժշտի կինը կրել է պարզ ու դասական հարսանեկան հագուստ: Սերգեյ Խաչատրյանն այդ առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ընդունել իր պաշտոնական էջում, որտեղ օգտատերերը հիացմունքով են արտահայտվել երաժշտի եւ նրա կնոջ մասին, որը խոսում է հայերեն: 

 

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ։

15 տարեկանում նա դարձել  է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստացել «Կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Սերգեյ Խաչատրյանը դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005 թվականին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան դժվարին մրցույթը, 4 տարով ստացել է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջութակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։

Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։ Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։  

Սերգեյի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները: