image
Հրատապ լուրեր:

Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի պատարագը Սուրբ Գայեանէ վանքին մէջ

Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի պատարագը Սուրբ Գայեանէ վանքին մէջ

Ապրիլի 20-ին՝ Աւագ շաբաթ օրը երեկոյեան, մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Սուրբ Գայանէ վանքում մասնակցեց Ճրագալոյցի Ս. Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

 մինչ Ս. Պատարագը կատարուեց Ճաշու երրորդ ժամերգութիւնը, կարդացուեցին սուրբգրային տարբեր ընթերցուածքներ, որից յետոյ Մայր Աթոռի չորս միաբան սարկաւագներ ընթերցեցին Դանիէլ մարգարէի թուղթը:

Սրբազան արարողութեանը ներկայ էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ եւ բազում ուխտաւոր հայորդիներ:

Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ կատարեց Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան խորհրդին` ի մասնաւորի նշելով. «Այսօր` Յարութեան տօնին, մենք նշում ենք կեանքի յաւէրժութեան տօնը: Ընկճուած ու անյոյս է մարդը, երբ չի ճանաչել յարութեան իրական խորհուրդը, չի ըմբռնել այն ճշմարտութիւնը, թէ Քրիստոսի հարութեամբ ջնջուեցին կեանքի սահմանները եւ այն դարձաւ անվերջանալի ու անսահման յաւիտենական մի իրականութիւն:

Մեր առջեւ երկու պատկեր է, երկու հոգեվիճակ, երկու աշխարհայեացք: Մենք տեսնում ենք մարդուն` Քրիստոսի յարութիւնից առաջ, առանց Նրա յարութեան հաւատքի եւ մարդուն` Քրիստոսի յարութիւնից յետոյ, Նրա հարութեամբ լուսաւորուած: Մենք տեսնում ենք մարդուն, որ կորցրել է յոյսն ու կեանքի նպատակը, խարխափում է անորոշութիւնների մէջ, երերում, ափէափ զարկւում ու հառաչում. «Ին՛չ կարճ ու դառն է մեր կեանքը, ի՛նչ անճար ենք մենք մահուան դիմաց, չկայ ու չկայ մէկը, որ մահուանից յետոյ վերադառնա»:

Միւս կողմից մեր առջեւ մարդն է, որ ապրել է ու ապրում է Քրիստոսի յարութեան ճշմարտութիւնը: Որոշ է նրա նպատակը, անընկճելի նրա ոգին, բազմաթիւ անկումներից յետոյ նա գիտէ վեր կենալ, փորձութիւնները նրա համար փորձանքներ չեն, այլ հնարաւորութիւններ, խաւարը չի մթագնում այդ մարդու հոգին, այլ ընդամէնը խթանում է աւելի ու աւելի շուտ հասնել լոյսին: Սա Յարութեանը հաւատացող, դրանով ապրող մարդն է, որ փառաբանում է. «Այսօր անգիտութեան խաւարը հալածուեց եւ Հարուցեալ Քրիստոս մեզ գիտութեան լոյս պարգեւեց» (Շարական Յարութեան օրհն.ԱՁ):

Այո՛յ, մենք լոյսի պարգեւ ստացանք` ճանաչելու մեր ինքնութիւնը, ըմբռնելու մեր կեանքի նպատակը: Դատապարտումը, նուաստացումը, չարչարանքները, զրկանքները ոչինչ են համեմատ այն հոգվիճակի, երբ չգիտես, թէ ինչու՞ ես ապրում, երբ անհասկանալի է մնում այն հարցի պատասխանը, թէ որտեղից ես եկել եւ ուր ես գնում:

…Յարութիւնը մարդկանց հայեացքները բարձրացնում է երկրից, հողից, գետնից, ուղղում է երկինք, վեր ու աւելի վեր: Յարութեան լոյսի ներքոյ ապրողը չի կարող կլանուել երկրաւոր նպատակներով, հարստութիւնը նրա համար այլոց ծառայելու միջոց է, փառքը եւ ճանաչումը` առաքինի գործերի բնական արդիւնք, գեղեցկութիւնը` Աստծու արարչական հանճարի արտայայտութիւն: Յարութեանը հաւատացող եւ նրանով ապրողը երբեք չի շտապում, նրան երբեք չեն կրծում ձախողուած լինելու կասկածները: Նա գիտի, որ Աստուած յաջողութիւնը արդէն տուել է իրեն, երբ ծնուել ենք, երբ ճանաչել ենք Նրան ու Իր Յարութիւնը»:

Սրբազան Հայրը հաստատեց, որ Քրիստոսի յարութեան ճշմարտութիւնից հեռու մնալը նշանակում է խարխուլ մակոյկով յանձնուել ծովին եւ չընդունել յարութիւնը որպէս ճշմարտութիւն` նշանակում է խարխափել կեանքի աննպատակութեան ու անյուսութեան լաբիրինթոսում:

«Եթէ չբացենք մեր հոգու առագաստները յարութեան ճշմարտութեան Մեծ Նպատակի առջեւ, ստիպուած պէտք է լինենք մեր անյուսութիւնը խեղդել երկրաւոր զբաղումների մէջ: Այսպէս են մարդիկ դառնում խաղամոլ, գինեմոլ ու թմրամոլ, այսպէս են ինքնասպան դառնում: Երբ երկիրն է քո հոգու միակ հանգրուանը, զուարճանքները եւ կամ մահն է դառնում քո միակ մխիթարութիւնը»,- ընդգծեց Արշակ եպիսկոպոսը՝ յորդորելով հաւատացեալներին հեռու վանել ամէն թերահաւատութիւն եւ ամուր ու վառ պահել Տիրոջ յարութեան հանդէպ հաւատը:

Վերջում Սրբազանը մաղթեց, որ Հարուցեալ Տէրն իր գիտութեան լոյսը տարածի բոլոր հայ օջախներում, բոլոր սրտերում ու հոգիներում եւ ամէնքի մէջ, որպէսզի ճանաչեն Կեանքի նպատակը, ապրեն յոյսի մէջ, ապրեն փրկութեան հասնելու ու անսպառ կեանքի պարգեւ ժառանգելու համար:

Ս. Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացաւ Սուրբ Խորան եւ Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տէր Յիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպէսզի հաւատացեալները հնարաւորութիւն ունենան իրենց հարկերից ներս տանելու Հարուցեալ Աստուածորդու կենարար լոյսը:

Պատարագի սրբազան արարողութիւնից յետոյ Մայր Աթոռի միաբանութիւնը մէկտեղուեց Հին Վեհարանում, ուր, նախագահութեամբ Հայոց Հովուապետի, կատարուեց Սուրբ Յարութեան Տնօրհնէք: