image
Հրատապ լուրեր:

Ամերիկահայ Բալյաննները կաջակցեն Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանի արդիականացմանը

Ամերիկահայ Բալյաննները կաջակցեն Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանի արդիականացմանը

Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանի տարածքում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենք կկառուցվի: Աշխատանքներին աջակցում է ամերիկաբնակ բարերար Ջոն Բալյանը՝   «Ջոն եւ Սոսի Բալյան» հիմնադրամի միջոցներով: 

Քաղաքապետ Հայկ Մարությանի հետ նրանք աշխատանքներին վերաբերող պայմանագիր  են ստորագրել: Քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ այդ հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
Քաղաքապետ Հայկ Մարությանը  նկատել է, որ բացառիկ այս նախագիծն իր ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում: Բարերարը հայտնել է, որ միշտ ցանկություն է ունեցել, որ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացվեն արժանի ձևով։ 

«Տարիներ ի վեր ես և տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բավական ծրագրեր էինք մտածել, քննարկել, բայց ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել: Էրեբունին և ուրարտական շրջանը կարևոր դեր են ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում: Այժմ ժամանակն է, որ պատմական այս վայրը վերածնվի: Մեր նպատակն է մեծացնել թանգարանի տարածքն և ավելի շատ այցելուներ գրավելու հնարավորություն ստեղծել: Պայմանագրի ստորագրումն այս առումով առաջին քայլն էր: Հուսով ենք, հաջորդ տարի արդեն կդնենք մասնաշենքի հիմնաքարը»,-ասել է Ջոն Տիգրան Բալյանը  բարերարը:

 



 



Սոսի Բալյանի ընտանիքը ծագումով Ադանայից է: Նրա նախապապը խոշոր ձեռնարկատեր էր, հողատարածքների սեփականատեր: Նրան էին պատկանում այն տարածքները, որտեղ ներկայում տեղակայված է ԱՄՆ-ի Ինջիրլիքի (Ադանա) ռազմակայանը: Ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքի մեծ մասը դաժան սպանդի ենթարկվեց Թուրքիայի կառավարության հրամանով: Մազապուրծ եղած ընտանիքի անդամներն ի վերջո հաստատվեցին Եգիպտոսում: 1968թ.  հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան: 1986թ. Սոսի Բալյանն ընտանիքով արտագաղթեց Միացյալ Նահանգներ, որտեղ դատի տվեց Թուրքայի կառավարության և պահանջեց վերադարձնել Ադանայում ընտանիքից խլած հողատարածքները:

Ջոն Տիգրան Բալյանը բժիշկ է և գործադիր տնօրեն, Երևանում հիմնել է երկու ընկերություն, որտեղ ներկայում մեծ թվով փորձագետներ են աշխատում: Արմատներով Դիարբեքիրից է (Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտը): Վաղ մանկության տարիներին նա ծանր փորձությունների միջով է անցել, որպես փախստական՝ թափառել է մի շարք մերձարևելյան և եվրոպական երկրներում: Ի վերջո հանգրվանել է ԱՄՆ-ում: Իր առաջին՝ «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպի հիմքում հենց իր կյանքի պատմությունն է: 2011թ. ապրիլին նա թողարկեց այս՝ ԱՄՆ-ում կատարված իրական դեպքերի հիման վրա գրված թրիլերը և 2012թ. դեկտեմբերին «Westland-TATA Publishing»-ը հրատարակեց այն Հնդկաստանում: Գիրքը թարգմանված է հայերեն և չինարեն, երկու թարգմանված տարբերակներն էլ են հրատարակման փուլում են: