image
Հրատապ լուրեր:

«Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում». Հարություն Մարության

«Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում». Հարություն Մարության

«Weekblad 't Pallieterke» բելգիական թերթում հոլանդերենով լույս է տեսել Հայոց ցեղասպանության հիշողությանը նվիրված հոդված: Հոդվածագիրը՝ Յենս դը Ռիկեն,  զրուցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ. վերջինս մասնագիտացած է նաև ցեղասպանության հիշողություն և ազգային ինքնության, կոլեկտիվ և  պատմական հիշողություն հիմնահարցերում: Հոդվածագիրը նկատում է. «Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն անմիջապես մատնանշում է մեզ հուշարձանի խորհրդանիշը»: 

«Հուշարձանի մեջ ես տեսնում եմ հայերի բաց վերքը, քանի որ Ցեղասպանության դաժանությունը և թուրքական ժխտողականությունը նպաստում են նրան, որ այս վերքը հայ հոգու մեջ չբուժվի»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը. «Յուրաքանչյուր ազգ ունի հիշողություն, որը միավորում է իր բնակչությանը: Հայերի համար անցյալ դարից սկսած դա դարձել է 1915 թ. Ցեղասպանության հիշողությունը: Զոհերը և կորուսյալ հայրենիքը (Արևմտյան Հայաստան) սնում են այն արդարության կոչը, որը ապրում է բոլոր հայերի մեջ: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու՞. մինչև այսօր, Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը: 

Մյուս կողմից էլ կա մի առասպել, որ կապում է բոլոր թուրքերին, մասնավորապես, որ թուրքական հանրապետությունը Օսմանյան տանուլ տված պատերազմից է վերածնվել: Նրանք ցանկանում են այնպես անել, որ իրենց թուրքական առասպելը ցեղասպանությամբ «ապականված» չլինի:

Սակայն Թուրքիան մոռանում է, որ իրենց հանրապետությունը հիմնված է նախկին Օսմանյան կայսրությունից անհետացած հայ քաղաքացիների [թողած ժառանգության]ավերակների վրա: Բացի այդ փաստ է, որ սպանված և արտաքսված հայերի գողացված գու´յքն օգնել է Թուրքիան վերակառուցել: Ահա սրանք են այն պատճառները, հանուն որոնց Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք վախենում են, որ սա, միևնույն ժամանակ, կնշանակի փոխհատուցել Ցեղասպանության զոհերին»: 

Անդրադառնալով բելգիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնելու պարբերաբար բարձրացվող հարցին՝ Հարություն Մարությանը նշում է. «Մենք երբեք չենք հրաժարվի ճշմարտության համար պայքարից:


Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում: Ես կարծում եմ՝ պատճառն այն է, որ, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանությունը նստած չի եվրոպացիների կոլեկտիվ հիշողության մեջ: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները եղել են Եվրոպայի համար հեռավոր մի երևույթ և երբեք իսկապես չեն ներթափանցել [եվրոպական կոլեկտիվ հիշողության մեջ]:

Այնուամենայնիվ պետք է բարոյական պատասխանատվություն վերցնել և անհրաժեշտ դասեր քաղել այն ամենից, ինչ ավելի քան հարյուր տարի առաջ կատարվել է հայերի հետ: Հակառակ պարագայում աշխարհը ապագայում էլ չի կարողանալու նմանատիպ ողբերգությունները կանխել»: