image

Մարմնավաճառ կանանց «Մայր Թերեզան». Լուսանկարներ

Մարմնավաճառ կանանց «Մայր Թերեզան». Լուսանկարներ

Արդեօ՞ք հնարաւոր է ներել: Շուէդիայում, երբ դեռ երեխայ էր, նա զոհ դարձաւ դաժան վերաբերմունքի եւ տնից փախուստի դիմելուց յետոյ յայտնուեց պոռնկութեան եւ բռնի յարաբերութիւնների ծուղակում՝ մինչեւ որ կախուածութեան մէջ կ'ընկնէր ոգելից խմիչքից ու թմրադեղերից: Այսօր, հազարաւոր մարդիկ նրան անուանում են «Մալմխիլլնադսգաթանի մարմնավաճառների հրեշտակ», սա մայրաքաղաք Սթոքհոլմի կենտրոնական փողոցներից մէկի անունն է: Նրան անուանում են նաեւ «Մարմնավաճառների Մայր Թերեզայ»: Ահա Էլիզ Լինդքուիսթի պատմութիւնը եւ ներման գաղտնիքը:

 

Երբ հանդիպում ես նրան՝ ինքնաբերաբար առաջ է գալիս հետեւեալ հարցը. «Ինչպէ՞ս է սա հնարաւոր»: Ինչպէ՞ս է հնարաւոր, որ այս շուէդուհին՝ ով մանկութիւնից ի վեր իրար յաջորդող ողբերգական պատահարների զոհ է եղել, աչքերում միայն խաղաղութիւն եւ խորը ուրախութիւն է արտացոլում:

«Ուզում եմ հանդիպել Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսին»

Էլիզ Լինդքուիսթի հետ հանդիպումը տեղի ունեցաւ Հռոմ ժամանելուց անմիջապէս յետոյ: Նա եկել էր ողջունելու Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ 2019 թուականի մայիս ամսի հրապարակային ընդհանուր ունկնդրութիւններից մէկի ընթացքում եւ ունէր միայն մէկ ցանկութիւն՝ «Ուզում եմ իմ երախտագիտութիւնը յայտնել Սրբազան Քահանայապետին, ով պայքարում է ընդդէմ մարդավաճառութեան»:


Էլիզ Լինդքուիսթի հանդիպումը Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ, մայիս, 2019 թուական, Սուրբ Պետրոսի հրապարակ)

 

Էլիզ Լինդքուիսթը եւ Նորին Սրբութիւնը տարեկիցներ են՝ երկուսն էլ ծնուել են 1936 թուականին: Էլիզն օժտուած է այն նոյն անխոնջ վճռականութեամբ՝ ինչ եւ Սրբազան Քահանայապետը: Նորին Սրբութեան ձեռքը սեղմելու համար, մէկ մեթր յիսուն սանթիմեթր հասակով Էլիզը բարձրանում է պատուարի յենարանի վրայ:

«Ես լսել եմ Ձեր մասին: Դուք գերազանց աշխատանք էք կատարում», - նրան ասում է Նորին Սրբութիւնը:
Սրբազան Քահանայապետը գիտի, որ Էլիզն օրեր շարունակ գիշերներն անցկացրել է Սթոքհոլմի փողոցների կանանց աջակցելով եւ մխիթարելով: Աւելի քան 20 տարի է, ինչ նա գնում է այդ կանանց հետ հանդիպման, որպէսզի նրանց աջակցի, որպէսզի նրանց համար լինի այն մայրը, ով կյիշեցնի, որ փողոցային կեանքից դուրս կայ մէկ ուրիշ կեանք: Եւ Էլիզը շատ լաւ գիտի դրա մասին, քանի որ տարիներ առաջ ինքն էլ նրանցից մէկն էր:

 

 


Էլիզ Լինդքուիսթը երեխայ ժամանակ

 

Ողբերգական մանկութիւն

Էլիզ Լինդքուիսթը ծնուել է շուէդական մի փոքրիկ գիւղում եւ 5 տարեկանից սկսած սեռական բռնութիւնը դարձել էր նրա առօրեայի մասը: Նա ընդգծում է, որ ոչ թէ հայրն էր իրեն բռնութեան ենթարկում, այլ՝ ընտանիքի մերձաւորները: Սարսափած, նա ենթարկւում էր՝ համոզուած լինելով, որ սա այն է, ինչ երեխաները պէտք է հանդուրժէին: «Երբ ինձ խնդրում էին նրանց տանը ճաշելու գնալ՝ ես արդէն գիտէի, թէ ինչ գին եմ վճարելու: Այդ ամէնից յետոյ փախչում էի՝ մահուան սպառնալիքի տակ, եթէ երբեւէ խօսէի այդ մասին»:

Ցաւն այնքան մեծ էր, որ նա այլեւս չէր կարող վստահել ոչ մի չափահաս մարդու: Նա լքուած էր զգում բոլոր նրանց կողմից, ովքեր պէտք է պաշտպանէին իրեն, ի թիւս բոլորի նաեւ իր մայրը, ով հեռացնում էր հայեացքը, երբ տղամարդիկ Էլիզին տանում էին մէկ այլ սենեակ: Դպրոցում, երբ ուսուցիչը աշակերտներին բակ էր ուղարկում դասամիջոցի համար, ասում էր. «Էլիզ, մնա՛ այստեղ»:
Հայրը միակ մարդն էր, ով երբեմն գրկում էր նրան եւ ասում. «իմ փոքրիկ աղջիկ»: Միւսները նրան պատժում եւ յանդիմանում էին ասելով, որ «տգեղ ու յիմար է»:
«Կարծում եմ, որ, եթէ չլինէին հայրական գորովանքի փոքրիկ դրսեւորումները, ապա, ինձ չէր յաջողուի յաղթահարել այս ամէնը»: Սակայն, հօր մահից յետոյ (Էլիզն ընդամէնը 10 տարեկան էր), նրա կեանքն էլ աւելի է բարդանում: Մօր նոր սիրականը չարաշահում էր ոգելից խմիչքը եւ մշտապէս յարձակւում Էլիզի վրայ: «Մի օր նա իր զէնքով նշան առաւ ինձ վրայ, ես հազիւ 12 տարեկան լինէի: Նրան աղաչեցի կրակել, քանի որ այլեւս չէի ուզում ապրել: Նա սեղմեց ձգանը, բայց հրացանը լիցքաւորուած չէր: Տէրն ուզում էր, որ ես ապրէի, նոյնիսկ եթէ դեռեւս չէի գիտակցում նրա գոյութիւնը»:

 


«Որքան գեղեցիկ ես»

Տասնչորս տարեկանում նա փախուստի է դիմում տնից եւ կարողանում է հասնել մի քաղաք, որտեղ առատաձեռն մի ընտանիք սկսում է հոգ տանել նրա մասին: «Երբ առաջին երեկոն պէտք է անցկացնէի նրանց տանը եւ ընտանիքի մայրը սկսեց փոխել հագուստս, մտածեցի (արդէն իսկ համակերպուած), որ ամէն ինչ նորից է սկսւում: Սակայն, դրա փոխարէն, նա ինձ լողացրեց շատ նրբօրէն»:
Իր կեանքի այս շրջանում Էլիզը դառնում է չափազանց լրջամիտ: «Այն, ինչ ինձ հետ պատահեց այսօր՝ ամէն օր պատահում է հազարաւոր աղջիկների հետ: Կաւատները լաւ գիտեն ինչպէս մօտենալ իրենց զոհերին»: Էլիզի դէպքում դա մի կին էր, ով մի օր մօտեցաւ նրան ասելով. «Որքան գեղեցիկ ես»:
«Սա մի հիասքանչ կին էր: Երբեք որեւէ մէկն ինձ գեղեցիկ չէր համարել եւ մէկ վայրկեան անց, ես լիովին նրա ազդեցութեան տակ էի: Յանուն նրա պատրաստ էի ամէն ինչի: Ես նրան «մայրիկ» էի անուանում: Նա ինձ համար հագուստ եւ շպար էր գնում: Մի օր ասաց, որ պէտք է նրա համար աշխատեմ՝ վաճառեմ մարմինս իր յաճախորդներին: Ես 16 տարեկան էի եւ հնազանդուեցի»:
Էլիզը ստոյգ չի յիշում, թէ քանի տարի է մարմնավաճառութեամբ զբաղուել այդ կնոջ համար, փոխարէնը՝ յստակ յիշում է, թէ ինչպէս դադարեց այդ գործով զբաղուել: Միայն այն բանից յետոյ, երբ տեւական բռնութեան էր ենթարկւում մի յաճախորդի կողմից, նա վերադարձաւ իր տիրուհու մօտ եւ ասաց, որ այլեւս չի կարող պոռնկութեամբ զբաղուել:
«Ես բախտաւոր գտնուեցի: Այսօր, եթէ որեւէ աղջիկ հրաժարւում է որպէս մարմնավաճառ աշխատել, ապա՝ նրան սպանում են եւ մարմինն անհետանում է: Իմ տիրուհին բացեց դուռը եւ ինձ նետեց սանդուղի վրայ, ասելով. «Այլեւս ոչինչ չունես այստեղ անելու»»:
Էլիզը մնում է առանց օթեւանի եւ սկսում է սնունդ հայթայթել աղբանոցներից: «Ինձ ծանօթ էին միայն կործանարար յարաբերութիւնները եւ ամէն ինչ աւարտուեց նրանով, որ ինքս ինձ սփոփելու համար սկսեցի իրար խառնել ալքոլը եւ թմրադեղերը՝ յայտնուելով աւելի ու աւելի անյոյս կախուածութեան մէջ»:



80-ամեայ Էլիզ Լինդքուիսթը շուէդական մայրաքաղաքի փողոցներում

 

Յիսուսի լոյսը

Այս կնոջ դէմքը միայն խաղաղութիւն ու ուրախութիւն է արտայայտում: Իր ողբերգական անցեալի եւ ոչ մի հետք, ոչ մի դառնութիւն կամ քինախնդրութիւն չի նշմարւում նրա դէմքին:
«1994 թուականին ինձ ընդունեցին վերականգնողական կենտրոն: Բոլորը վախենում էին ինձանից: Հէնց ինչ-որ մէկը մօտենում էր ինձ, ես հարուածում էի նրան, իսկ երբ որեւէ տղամարդու էի տեսնում, ապա՝ թքում էի նրա ուղղութեամբ եւ հայհոյանք թափում նրա գլխին: Ինձ ծանօթ միակ բանը ցասումն էր»:
Կենտրոնի միւս մարդկանց վարքագիծը նրան տարօրինակ էր թւում: «Բոլորը ժպտում էին: Սկզբնական շրջանում կարծում էի, որ վերջնականապէս յայտնուել եմ խենթանոցում: Որոշ ժամանակ անց, ես նոյնիսկ սկսեցի մտածել, որ այս ժպիտների ետեւում վստահաբար զարմանահրաշ «դեղահատեր» են թաքնուած»:
Էլիզին եւս այդ «դեղահատերից» տալու փոխարէն՝ նրան տարան մի մատուռ եւ սկսեցին աղօթել նրա համար: Տարակուսանքով եւ ընկալելու անընդունակ, Էլիզը մասնակցում է այդ տեսարանին՝ լիովին չգիտակցելով, թէ ինչ է կատարւում իր շուրջը:
«Ես ոչինչ չգիտէի ո՛չ Աստծոյ, եւ ո՛չ էլ աղօթքի մասին: Եկեղեցին ինձ համար լոկ մահուան վայր էր»:
Ինչ-որ պահի տեղի է ունենում մի բան, որը Էլիզը բնորոշում է որպէս գերբնական միջամտութիւն: «Այնպիսի զգացողութիւն էր, կարծես լոգանք էի ընդունում, բայց լոյսի եւ խաղաղութեան անձրեւի տակ: Յիսուսը միակն էր, ով կարող էր ինձ բժշկել: Հէնց այս պահին էր, որ ես ծնուեցի: Արդէն 25 տարի է, ինչ Յիսուսն ինձ նոր կեանք է պարգեւել եւ ես սովորեցի քայլել նրա սիրոյ ճանապարհով»:


Չկայ ապաքինում առանց ներման


Մի քանի ամիս անց, երբ նա արդէն վարժուել էր թարմ հայեացքով նայել շուրջը եւ հաւատքի մէջ առաջին քայլերն էր կատարում՝ իր հոգեւոր հայրը Էլիզին աւանդում է, որ նա պէտք է եւս մէկ քայլ կատարի՝ պէ՛տք է ների:
«Կրկին առաջ եկաւ խորը ցասման հակազդեցութիւնը: Ինչպէ՞ս կարելի է ներել այն մարդկանց, ովքեր այդքան չարիք էին գործել իմ նկատմամբ»: Էլիզը պատմում է, որ երկար ժամանակ պահանջուեց, որպէսզի կարողանային իրեն բացատրել, որ նա չի կարողանայ լիովին ապաքինուել առանց ներման:
«Սա երկարատեւ ու ցաւոտ գործընթաց էր, որ անցկացրեցի մատուռում՝ աղօթքի մէջ: Անուն առ անուն… Վերջապէս ինձ յաջողուեց ներել մօրս, ով ո՛չ սիրել էր, եւ ո՛չ էլ պաշտպանել ինձ: Ես հասկացայ, որ նա ընդունակ չէր ինձ պաշտպանելու, եւ որ նա նոյնպէս զոհ էր»:



Էլիզ Լինդքուիսթը լսում է մի մարմնավաճառի


Մարմնավաճառների հրեշտակը

Աւելի քան 20 տարի է, ինչ Էլիզ Լինդքուիսթը հիմնուելով իր ողբերգական կեանքի փորձառութեան վրայ՝ օգնում է ուրիշ կանանց. «Առաջին անգամ, երբ երեկոյեան դուրս եկայ Սթոքհոլմի մարմնավաճառների յայտնի Մալմխիլլնադսգաթանի փողոց՝ աչքերիս առջեւ կրկին վեր յառնեց իմ անցեալը, եւ ես հասկացայ, որ սա այն վայրն է, որտեղ պէտք է գործունէութիւն ծաւալեմ»:

 


Էլիզ Լինդքուիսթը գիշերային շրջայցի ժամանակ՝ հագուստ եւ սնունդ բաժանելիս


Նա իր առաքելութիւնը բնորոշում է որպէս մի մարդու մայրական եւ մշտական ներկայութիւն, ով լսում է, գրկում, խմելու որեւէ բան է բերում եւ ձմռան ցուրտ գիշերներին տաքանալու համար հագուստ է բաժանում:
«Երբ յաջողւում է որեւէ աղջկայ դուրս բերել փողոցից, ապա, դա ինձ համար լաւագոյն վարձատրութիւնն է, սակայն իմ ներկայութիւնն առաւելապէս սփոփելու եւ գօտեպնդելու համար է, որպէսզի նրանք իմանան, որ կայ մէկը, ով սիրում է նրանց եւ, որ նրանք միայնակ չեն: Նրանք ինձ «մայրիկ» են անուանում»:
2016 թուականի հոկտեմբեր 18-ին Էլիզը հրաւիրւում է Եւրոպայի Խորհրդարանի նիստերից մէկում ելոյթ ունենալու մարդավաճառութեան դէմ պայքարի օրուայ առթիւ: Իր ելոյթում նա ընդգծում է եւրոպատգամաւորների պատասխանատուութիւնը` վճռորոշ բանաձեւերի ընդունմամբ վերջ դնելու մարդավաճառութեանը, ինչը հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ եւրոպական խորհրդի բոլոր անդամ երկրները լիովին գիտակցեն այս խնդրի լրջութիւնը: «Խօսքս եզրափակեցի ասելով, որ կը վերադառնամ 90 տարեկան հասակում, որպէսզի հաւաստիանամ՝ արդեօք իրագործուել են ստանձնած պարտաւորութիւնները»:
Հրապարակային ընդհանուր ունկնդրութիւնից յետոյ, Սուրբ Պետրոսի հրապարակով անցնելիս Էլիզը թեթեւակի կաղում էր. «Որոշ ժամանակ առաջ ինձ գցեցին շարժասանդուղքից: Իմ ներկայութիւնը մարմնավաճառների կողքին ջղագրգռում է որոշ մարդկանց»:

 

Էլիզ Լինդքուիսթը Սուրբ Պետրոսի հրապարակում, մայիս, 2019 թուական, Հռոմ


Թարգմանեց` Հրանուշ Սարգսյանը

vaticannews.va