image
Հրատապ լուրեր:

Պատրա՞ստ ենք դիմակայել նոր «թշնամուն»

Պատրա՞ստ ենք դիմակայել նոր «թշնամուն»

 Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի  ներկայացուցիչ ՝Հարութ Ներսիսյանը  գրում է ՝

 

Մենք մայիսյան ճակատամարտերում հաղթանակ տարանք: Պիտի կարողանա՞նք անկախ հայրենիքի «պատերազմներում» ևս հաղթել:

 

Մայիսը հաղթանակների ամիս է: 1918-ի մայիսի 28-ին Սարդարապատում մենք կարողացանք հետ մղել թուրքական բանակը: 1992-ի մայիսի 9-ին հայերն ազատագրեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Շուշի բերդաքաղաքը: Այդ երկու հաղթանակները պարզ համընկնումներ չէին, այլ մեր ազգի միասնության, բոլոր տարիքի և սոցիալական խավերի մարդկանց միասնական ջանքերի ու նվիրվածության արդյունքն էին:

 

Մենք իրավունք ունենք հպարտանալու պատմություն ձևավորող այս հաղթանակներով և ազգովի ցանկանում ենք ավելի մեծ հաղթանակներ արձանագրել:

 

Պատերազմական հաղթանակները պատահականորեն ձեռք չեն բերվում: Մայիսյան պատմական հաղթանակները արձանագրեցինք շնորհիվ անձնազոհ, քաջ և ռազմական մտածողությամբ մարդկանց, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը զոհել հանուն ազգի ազատության: Արտաքին թշնամուն նվաճելուց առաջ նրանք կարողացան հաղթահարել ներքի՛ն թշնամիները՝ վախն ու անձնասիրությունը, որոնք կարող էին խանգարել նրանց, հետ պահել պատերազմի դաշտից:

 

Կյանքը պայքար է, նորանոր մարտահրավերներ հաղթահարելու ասպարեզ, և այսօր մենք գտնվում ենք մի նոր «Շուշի» նվաճելու փուլում:

 

Աշխարհում սփռված բոլոր հայերը ցանկանում են աջակցել մայր հայրենիքի զարգացմանը, որպեսզի այն դառնա առատության երկիր, ապահով ու տնտեսապես զարգացած պետություն: Երկիր, որն իր ընկերների նախանձին կարժանանա, և որի թշնամիները չեն համարձակվի նեղել նրան:

 

Մի երկիր, որտեղ աղքատության և գործազրկության մասին միայն պատմության դասագրքերում կկարդանք, իսկ կոռուպցիան պահպանված կլինի միայն տարեցների հիշողության մեջ:

 

Թեպետ սա ռազմական մարտահրավեր չէ, բայց դրա հաղթանակի նախապայմանները չեն տարբերվում ռազմական հաղթանակի նախապայմաններից: Մայիսյան հաղթանակների նման 21-րդ դարի մարտահրավերները ևս կարիք ունեն քաջ և նվիրյալ մարդկանց, որոնց ազնիվ գաղափարներն ու գործողությունները կդառնան ազգային հարատևման գրավական:

 

Աղքատություն և անարդարություն անունով արտաքին թշնամիներին պարտության մատնելու համար յուրաքանչյուրս պետք է հաղթահարենք մեր ներքին թշնամիներին: Իր ներքին պայքարների մասին Պողոս առաքյալ գրում է. «Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում» (Հռոմ. 7.21):

 

Պողոս առաքյալ գիտակցում է, որ իր ամենավտանգավոր թշնամին իր ներքին էությունն է: Մենք ավելի լավը չենք, քան նա, ով քրիստոնեությունը Եվրոպա բերեց:

 

Մեր ներուժի հնարավորություններին հասնելու համար պետք է հաղթահարենք մեզ խանգարող վախն ու անվստահությունը: Որովհետև շատ հզոր կայսրություններ են կործանվել իրենց քաղաքացիների անսահման եսասիրության, կեղծիքի, անպարկեշտության և ագահության պատճառով:

 

Առակների գիրքը մտորում է այս մասին. «Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից» (Առակ. 16.32): Իր ներքին թշնամուն հաղթողը կշահի ցանկացած մարտահրավեր:

 

Մեր երկրի տնտեսական զարգացման և արդարության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու համար մեզ հարկավոր են քաղաքական ղեկավարներ, ովքեր նվիրված են միջազգային ժողովրդավարական արժեքներին: Իսկ նրանց ներուժը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են քաղաքացիներ, որոնք կհաղթահարեն իրենց ներքին թշնամիներին:

 Տարակուսած և անհանգստացած իր ներքին պայքարներից՝ Պողոս առաքյալը բացականչում է. «Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ» (Հռոմ. 7.24): Աստծո աջակցության խոստումներին վստահելով՝ նա եզրակացնում է. «Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7.25):

 Պատվե՛նք մայիսյան հերոսների հիշատակը, որոնց պարտական ենք մեր շատ թանկագին ազատությունների համար և կառուցե՛նք տնտեսապես զարգացած, ռազմականորեն հզոր ու արդար Հայաստան՝ հիմնվելով մեր նախահայրերից ժառանգած քրիստոնեական սկզբունքների վրա: Ազգովի դառնա՛նք դեպի Հիսուս Քրիստոսը և նրանից խնդրենք հաղթանակ մեղքի հանդեպ, որը մարդկությանը վարակել է պատմության սկզբից: