image
Հրատապ լուրեր:

Թուրքիայում ներդրումները կանգ կառնեն, քանի որ նա Ղարաբաղյան կռիվը հրահրեց ու աջակցեց. Տնտեսագետ

Թուրքիայում ներդրումները կանգ կառնեն, քանի որ նա Ղարաբաղյան կռիվը հրահրեց ու աջակցեց. Տնտեսագետ

 

Աշոտ Խուրշուդյան. Տնտեսագետ

Աշխարհի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի լայնամասշտաբ գործողությունների հետևում Էրդողանի ականջներն են։ Այս լայնամասշտաբ ավանտյուրայի հետևում կանգնած Էրդողանը իրականում ոչ միայն ներքաշվում է տարածաշրջանային անկայունության կերտմանը, այլև Եվրոպային է իր հետևից քարշ տալիս։ Այսօր սրա մասին քիչ են խոսում, բայց այսօր եթե Եվրոպան սա չբարձրաձայնի, հետո շատ է փոշմանելու, ինչպես ձայն չհանեցին Օրբանի՝ Ադրբեջանի հետ Սաֆարովի կապակցությամբ իրականացվող ֆինանսական ավանտյուրային, երբ Սաֆարովի հանձնմանը հաջորդեց Ադրբեջանի կառավարության կողմից հունգարական պետական մեծ քանակությամբ պարտատոմսերի ձեռքբերումը, որին էլ հաջորդեց Եվրամիության հունգարական դիկտատորի հերթական քայլերը։ Այսօր Էրդողանի քայլերից առաջին տուժողը լինելու է Իսպանիան: Թուրքիան աշխարհին պարտք է 160 միլիարդ դոլար, որի առյուծի բաժինը կազմում են իսպանական բանկերի տված պարտքը՝ 65 միլիարդ դոլար, Ֆրանսիան և Իտալիան՝ 20-ական միլիարդ դոլար։ Երբ Թուրքիան բանկային տոկոսադրույքը բարձրացրեց 2%-ով, բոլորը մտածեցին, որ այն կկայունացնի թուրքական լիրան, որը վերջին տասնամյակի ամենաարագ գահավիժող արժույթներից մեկն է։ Այնուամենայնիվ, Ղարաբաղյան պատերազմի համընկնումը տոկոսադրույքի բարձրացմանը հանգեցրեց թուրքական լիրայի ևս 2 տոկոս արժեզրկմանը։ Եվ սա այն պայմաններում, երբ այս տարի Կենտրոնական բանկը իր ռեզերվների կեսը վաճառել է (համաձայն Գոլդման Սաքսի՝ մոտ 65 միլիարդ դոլար), որպեսզի ինչ-որ չափով փրկի լիրան։
Արդյո՞ք Ղարաբաղում հրահրած պատերազմն է թուրքական տնտեսության գահավիժման դագաղի վերջին մեխը մեխելու, թե՞ ընդհակառակը, տնտեսության անկումը քողարկում է Կովկասում անկայունություն ստեղծող պատերազմով։ Այս հարցը մի պատասխան ունի՝ դա կարևոր չի։ Արդյունքում և տարածաշրջանում արդեն իսկ Էրդողանը պատերազմ հրահրեց, և՛ տնտեսությունն է տանուլ տվել, և՛ եւրոպական բանկերի պարտքերը չի կարողանալու փակել և հաջորդ տարի շղթայաձև սկսվելու է եւրոպական ֆինանսական դոմինոների անկումը՝ սկսելով Իսպանիայից։
Ցավոք, տնտեսագետները այս հարցերը առանձին են քննարկում, քաղաքական գործիչներն՝ առանձին, ռազմական գործիչներն՝ առանձին։ Սակայն երբ գլուխկոտրուկի բոլոր մասերը դնում ես սեղանին, պարզ է դառնում Էրդողանի սակարկային բանակցային հմտությունների համար տարատեսակ խաղաքարտեր ավելացնելու մոտիվը ու այդ ամենի փոխկապակցվածությունը։ Կցանկանան ռազմական զսպվածություն՝ դիմացը կպահանջի Կովկասում քաղաքական ներկայության և ֆինանսական աջակցության հարցերը։ Կցանկանան պարտքը հետ ստանալ՝ կհամաձայնվի պայմանավորվելով եւրոպացիների կողմից աչք փակել ղարաբաղում իր ռազմական ավանտյուարների ու հումանիտար խախտումների վրա։
Էրդողանը ոչ միայն բազում տարիներ ռազմաքաղաքական մեծ ու ոչ լեգիտիմ քայլերի է գնացել, նույնն էլ արել է իր տնտեսությունում։ Եթե մի մարդուց սպասում ես ցանկացած վայրում պատերազմ սկսել, պետք է նաև հասկանաս, որ նրա համար նորմալ է Կենտրոնական բանկին անկախությունից զրկելը, իրար հակադիր տնտեսական նպատակներ թիրախավորելը ու այդ ամենը արհեստական ձևով պահելը։ Թուրքիան վաղուց իրական տոկոսադրույքները շատ ցածր էր պահում, որպեսզի տնտեսությունն ակտիվանա։ Ներդրումները շատանում էին։ Այս տաք փողերը դառնում էր գրավիչ և թուրքական տնտեսական պղպջակին միացան շատ բանկեր՝ հատկապես իսպանականը։ Թուրքական տնտեսությունը հաճույքով վարկ էր վերցնում, ներդրում, բարձր ինֆլյացիայի և համեմատաբար կայուն լիրայի պայմաններում փակում պարտքերը։ Այսպիսի տնտեսությունը երկար չի դիմանում, պղպջակը մի օր տրաքում է, և այդ եղավ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ և այս տարի կորոնավիրուսի պատճառով։ Թուրքիա մտնող հիմնական արտարժույթի աղբյուրը տուրիզմն էր և այն այս տարի անկում գրանցեց։ Թուրքիան այսօր ներկայացրել է իր եռամյա ծրագիրը, իբր թե ճգնաժամը հաղթահարելու են ու շուտով։ Իրականում, այդ ծրագիրը թոզփչոցի է պարտատերերի աչքերին, երբ պարտքդ չես կարողանում փակել՝ ավելի շատ ես փող ուզում կամ հույս ես ներշնչում ու երկարաձգում դա։ Եվ այս վիճակը բոլոր ոլոտներում է։ Օրինակ, տաք փողեր մտցնելով մեծ «ձեռքբերումներ» ունեցող առողջապահության ոլորտում, այսօր չեն կարողանում վերադարձնել 2.3 միլիարդ դոլար ամերիկացիների պարտքը (https://www.ft.com/.../5c294d63-08af-4f8c-87aa-5c6f1fb1810c )

Անցյալ տարի Ֆոլկսվագենը հրաժավեց ավտոմեքենաների նոր գործարանը կառուցելու պլանից, երբ Թուրքիան հարձակվեց Սիրիայի քրդաբնակ տարածքների վրայ:  Այսօր էլ նոր ներդրումները կանգ կառնեն, երբ Թուրքիան Ղարաբաղյան կռիվն հրահրեց ու աջակցեց։ Էրդողանի գործողություններում ռացիոնալ հատիկ փնտրելը դժվար է, բայց չմոռանանք, որ նա մարդկային ճակատագրերի սակարկության վարպետ է, ինչպես սակարկում էր ու շանտաժ անում Սիրիայի փախստականներին դեպի Եվրոպա ուղղորդելով։ Ի տարբերություն Թուրքիայի, որի պահուստները զրոյանում են, առևտրային հաշվեկշիռը բացասական է, քան երբևէ, պարտատերերը սպասում են, տնտեսությունն էլ գահավիժում, Ադրբեջանը, դեռևս պատշաճ միջոցներ ունի կուտակած իր նավթային հիմնադրամներում։ SOFAZ-ում կա 40 միլիարդ դոլարից ավելի գումար, և Արդբեջանը կարող է SWAP կնքել Թուրքիայի հետ ու վարկավորել նրան, ինչպես արեց Քաթարը՝ վերջին երկիրը որը ռիսկ արեց Թուրքիային գումար տրամադրել։ Սակայն այս գումարը չի հերիքելու բոլոր պարտքերը փակել։ Ե՛վ Թուրքիան է իլյուզիայի մեջ, և այն պարտատեր բանկերը, որոնք այսօր հույս ունեն ստանալ իրենց փողերը և պատրաստ են աչք փակել Էրդողանի ցանկացած ավանտյուրայի վրա, որ չկորցնեն իրենց փողերը։ Թուրքիան իր պլաններում V-աձև տնտեսության վերականգնում է կանխատեսել, ու արդեն հաջորդ տարի տնտեսության ամբողջական վերականգնում է նախատեսել։ Կորոնավիրուսը հաջորդ տարի չի նահանջելու։ Քաղաքական գործիչները, ընտրությունները, լավատեսական իմպուլս հաղորդելու կարիքը ընդամենը ձևավորում են հույսի այն ֆոնը, թե իբր մյուս տարին տարբերվելու է այս մեկից։ Թուրքիայի՝ տասնյակ տարիներ պետական արհեստական ցածր տոկոսադրույքի քաղաքական սուբսիդավորումը նման է Չաուշեսկու արտաքին պարտքով Ռումինիայի տնտեսությունում ներդրումներ բերելուն։ Էրդողանը վերջին ճիգերով կարող է պարտքերը փակել, սակայն դա կհանգեցնի երկրի այնպիսի սոցիալական ծախսերի անկման, ինչպես եղավ չաուշեսկույան Ռումինիայում։ Կամ էլ պարտքերը երկարաձգելու, բանակցելու, հույս ներշնչելու քաղաքականությամբ ձգելու է իր տնտեսությունը։ Համաշխարհային մամուլում միշտ ավելի շատ է լսվում ֆինանսական ոլորտի մասնագետների ձայնը, քանի որ մեծ ներդրողներին ու պարտք տվողներին հետաքրքրում է միայն պարտքերի վերադարձը, ցավոք տնտեսագետներն ավելի քիչ են խոսում։ Ու եթե Թուրքիային պարտք տված երկրները այսօր Էրդողանի ավանտյուրաների վրա աչք փակեն, թույլատրեն որ նա ռազմաքաղաքական ավանտյուրաներով լրացուցիչ շանտաժի լծակներ ստեղծի, ավելի են խորացնելու իրենց քաղաքացիների ֆինանսական կայունությունը՝ հույսները դնելու են արյունոտ փողերով պարտքի վերադարձմանը։ Էրդողանի նման դիկտատորների հետ Եվրոպան սովոր չէ բանակցել, ու սեղանին միաժամանակ չեն նստում քաղաքական, տնտեսական, ֆինանսական և ռազմական փորձագետները, որպեսզի Էրդողանի մտքի ամբողջական պատկերը տեսնեն։