image

Լեւոն Խեչոյան. Հիմա այլ են պատերազմները Անդրկովկասում

Լեւոն Խեչոյան. Հիմա այլ են պատերազմները Անդրկովկասում

 

Լեւոն Խեչոյան (1955-2014)

Ահա տիեզերքի հավերժ խաղաղության մեջ փքված, կլոր փորի նման երկրագունդը, նրա պորտը` բիբլիական Անդրկովկասը ցնցվում, թպրտում է, այդ պորտի բաց վերքի վրա է մշտապես ցանվում աղը:

Չոր հողի երեսը առատորեն թրջած, պղպջացող արյունը Կովկասի բնակչի համար բնաջնջման սարսափ սփռող անասնական վախ է դարձել:

Հիմա, այստեղ, պատերազմները և դիպվածները այնպես չեն, երբ գալիս էին արգոնավորդները` ոսկե գեղմը տանելու: Եթե պատահեր, որ զինվորը նետից կամ սրից խոցված ընկնում էր, պատահականորեն այդ կողմերով թռչող մի հրեշտակ տեսնելով նրան` իջնում էր երկնքից, խոտի տերև կամ փետուր քսելով վերքին` փրկության լույսն էր վառում:

Հայկական ավանդապատումներում պահպանված տեղեկություններն էլ ասում են, թե վիրավոր մարտիկը, երբ հայրենի հողից մի պըտղունց բերանում ծամելով` շաղախ դարձրած, դնում էր կտրվածի վրա, դադարում էր արյունահոսությունը, վերքի բացվածքից հեռանում էր մահը:

Բիբլիական աշխարհը կողմնակից էր մարդու ապրելուն:

Հիմա այլ են պատերազմները Անդրկովկասում: Այստեղի կապույտ, պսպղուն երկնքով անցնող հրեշտակներն այլևս չեն կարողանում իջնել այրվող հողին կամ եթե իջնում են, իրենք էլ զինվորի հետ մեռնում են անօգնական:

Ես ինքս, որպես այդ պատերազմի ականատես, գիտեմ և շատ անգամ եմ լսել Աստծո ձայնը, և թիկունքիցս, և դեմիցս, թե ինչպես էր կանչում երկրագնդի երեսից գիշերվա մի ակնթարթում կորած իր լեռանը, իր լճին, իր քաղաքին, խնձորի այգուն, իր մարդուն, կորած իր հրեշտակին:

Այս մղձավանջի, մենության ու քաոսի խորքից ամեն մի պետության և ցեղի առաջնորդ իր երաժշտությունն է հնչեցնում, ժողովուրդներ են նետում հրդեհների մեջ և պարեցնում են իրենց իսկ հորինած մեղեդու տակ:

Մարդկային միտքն այսպես մոլոր, կույր, թափառական, դարեր շարունակ հանձնված կարմրածուփ սատանայի ճշտապահ խաղի օրենքին, նորից ու նորից վերադառնում է և իր վերադարձով դարձյալ ետ է գալիս և կանգնում իր սկզբի վրա. դարեր շարունակ պատահած նույն պատերազմներն ու նույն խաղաղությունը, այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը...

Անդրկովկասը, աշխարհագրական դիրքի պատճառով, հազարամյակներ է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման թռչկոտում է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ այս հանգամանքով է, որ չստեղծվեց Անդրկովկասի միաբանությունը:

Տակավին դեռ այդպես չէ:

Բերանում ծամված, շախաղ դարձրած, վերքին դրվող հայրենի հողն էլ այլևս չի փրկում այս պատերազմներից:

Հիմա գրողի խնդիրը, հայրենիքի կառույցը անառիկ պահելու համար, ոչ թե պաթետիկ ոճով հերոսական վեպեր գրելով` զինվոր դաստիարակելու գործն է լինելու, այլ մեկ ազգի, մեկ պետություն ոչնչանալը երկրագնդի կործանում համարելը: Գրականությունը կարողանալու հնարավորություն է` պատերազմը ատել տալու առանց նշանակության, թե ու՞մ, ո՞ր երկրի, ո՞ր գերտերության պատերազմն է: Այս մոլորակի, այս մարդու փրկության ճանապարհն անցնում է այն երկրի միջով, որտեղ նրա բնակիչը տուն է կառուցում, որտեղ պահում է իր արվեստագետին, իր գործարանները, իր կնոջը, իր զավակներին, որտեղ բազմանում են բանկերը, ծաղկում է առաքինությունը, որտեղ բորբ արևի տակ ծփում են ցորենի դաշտերը, լճերում խայտում են ձըկները, առատությունից շունը կտուրին` խոտի դեզի տակ, կատուն պատուհանի գոգին է մեջքը ուռեցնելով ուրախանում, երբ զավակները ուսանում են ցնծությամբ, կույսը հրճվում է, գազօջախի կրակը չի մարում և կյանքի օրհնությունն է թափվում մշտապես...