image
Հրատապ լուրեր:

Հայաստանի ժամանակավոր բարեկամները և մշտական շահերը. Արեգ Միքայելյան

Հայաստանի ժամանակավոր բարեկամները և մշտական շահերը. Արեգ Միքայելյան

 

Արեգ Միքայելյան-գիտնական, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն



Ապրելով բարդ աշխարհաքաղաքական տարածքում՝ հայերս դարերով միշտ փորձել ենք հասկանալ, թե ո՞վ է մեր իրական բարեկամն ու թշնամին, ու՞մ հետ դաշինք կնքել կամ ումի՞ց զգուշանալ։ Պարսիկներ, ասորիներ, հրեաներ, հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, վրացիներ, մոնղոլ-թաթարներ, թուրքեր, ռուսներ, բազմաթիվ այլ ժողովուրդներ․ եկել են ու գնացել, շատ քչերը՝ մնացել։ Մեզ մեծ մասամբ փորձել են նվաճել, շահագործել, ձուլել, սպանել։ Շատերն օգնել են, բայց անպայման հիշենք՝ ժամանակավոր, միմիայն տվյալ պահին իրենց շահերից բխող հանգամանքներից ելնելով։ Եթե երկու գերտերություն կռվել են, իսկ հայերը դրանցից որևէ մեկի կողմն են անցել, բնականաբար այդ մեկի շահերից է եղել մեզ «պաշտպանել», իսկ ավելի ճիշտ՝ ներգրավել իրենց կազմում, օգտվել մեր ստեղծած բարիքներից, մեր տղաներին կռվի տանել իրենց բանակում, բայց արդյո՞ք դրանք մեզ բարեկամ են եղել։
Պատմությունը սովորեցրել ու սովորեցնում է՝ չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր։ Բոլոր ժամանակների ամենաիմաստուն դիվանագետներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի խոսքերն են։ Իսկ որո՞նք են Հայաստանի, հայ ժողովրդի մշտական շահերը։ Այնքան պարզ ու այնքան համեստ՝ ընդամենը խաղաղ ապրել ու գոյատևել։ Իսկ դա մեզ հնարավորություն է տվել ու էլի կտա կառուցել, ստեղծագործել ու արարել, աշխարհին մատուցել մեր իրական արժեքները։ Չենք ուզեցել գրավել, նվաճել, թալանել, սպանել։ Չենք ուզեցել այլ ժողովուրդներին ձուլել, ստրկացնել տարածքներ ավելացնել։ Գուցե դա է պատճառը, որ միշտ մնացել ենք որպես «փոքր» ժողովուրդ։ Բայց փոքր չենք, համեստ ենք, քչով բավարարվող, հավելյալ որևէ բան չուզող։
Խորհրդային ժամանակներում այդ գերտերությունը քարոզում էր ժողովուրդների բարեկամություն, նույնիսկ եղբայրություն, բայց միայն իր սահմաններում։ Հիշենք, թե որքան կտրված ու օտարված էինք արտաքին աշխարհից, նույնիսկ հարևան պարսիկների հետ որևէ առնչություն չկար։ Հակառակը, պարսիկները մեր դարավոր թշնամիներն էին․ լայնորեն հայտնի էին հայ-պարսկական դարավոր կռիվները, կրոնական հակասությունները և այլն։ Իսկ որևէ մեկը հարցնու՞մ էր, թե ինչպե՞ս է պատահել, որ այդ երկու ժողովուրդները հազարավոր տարիներ ապրել են հարևանությամբ և գոյատևել։ Երկուսն էլ ահռելի մշակութային ժառանգություն են թողել։ Փորձեք ամբողջ աշխարհում գտնել ևս մեկ օրինակ։ Չկա։ Փոխարենը ադրբեջանցիները, դե բնականաբար վրացիները և սովետական այլ ժողովուրդներ մեր եղբայրներն էին։ Դե այդքանից հետո նաև այնքան էլ ծանր չէր լինի տարածքների վերաձևումը․ հետո՞ ինչ, եթե որոշ հայկական տարածքներ էլ հայտնվեցին Ադրբեջանի կազմում։
Ռուսնե՞րը։ Որպես հեգեմոն, նրանց համար միշտ էլ հարևան երկրների թուլացումն իրենց շահերից է եղել՝ նոր տարածքներ գրավելու կամ գոնե իրենց ազդեցության տակ գցելու տարբերակ։ Թե՛ 19-րդ դարասկզբի ռուս-պարսկանան պատերազմները (արդյունքում՝ Հայաստանի միացումը Ռուսաստանին 1828թ․), թե՛ Անդրկովկասի սովետականացումը (անկախ Հայաստանի կործանումը և միացումը Սովետական Ռուսաստանին 1920թ․, այնուհետև՝ ԽՍՀՄ-ին, իսկ հետո էլ՝ Սևրի պայմանագրի չեղարկումը 1923թ․) այդ նպատակներով էին, ոչ թե որոշ միամիտ հայերի կարծիքով՝ մեզ օգնելու։ Այս ծանր պահին էլ, ես ինքս ամենամեծ հույսը կապում էի Ռուսաստանի հետ, բայց ի՞նչ է անում մեր այդ բարեկամը։ Պատերազմի հենց սկզբից Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանում ապրում են 2 մլն ադրբեջանցիներ և 2 մլն-ից ավելի հայեր (երբ իրականում հայերն երկու անգամ գերազանցում են ադրբեջանցիներին․ դե հա, «2 մլն-ից ավելի» ասելով ամեն ինչ էլ կարելի է հասկանալ), երկու ժողովուրդներն ու երկրներն էլ իրենց համար թանկ են, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը։ Ոչ մի բառ այն մասին, թե ով է նախահարձակ եղել, ոչ մի բառ, որը կարող էր հավասարության նշանից գոնե մի փոքր շեղել Ռուսաստանի վերաբերմունքը դեպի մեր կողմը։ Փոխարենը, Պուտինն օրինակ, կարող էր այսպես ասել․ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է (և վերջ, Ադրբեջանի մասին ոչինչ էլ թող չասեր)։ Միանգամից ամեն ինչ կշրջվեր այդ երկրի դիրքորոշման տեսանկյունից։ Այնուհետև, արդեն 2 շաբաթ տևող պատերազմի ընթացքում հարյուրավոր զոհերից ու սարսափելի ավերվածություններից հետո, Լավրովը հայտարարում է, թե Մինսկի խումբն ելքը տեսնում է Արցախի «հարակից» 5 շրջանների Ադրբեջանին հանձնելու մեջ, ընդ որում՝ մյուս 2 շրջանների համար էլ ժամկետ սահմանելու պայմանով (նկատենք, որ Մինսկի խմբի մյուս երկրները որևէ նման կարծիք չեն էլ հայտնել)։ Արդարության համար նշենք նաև Շոյգուի հայտարարությունը, որը կարծես մեր օգտին էր, բայց իրականում՝ Թուրքիայի դեմ․ դա զգուշացում էր Թուրքիային, որ այս տարածաշրջանում չփորձի շատ ծավալվել, քանի որ Ռուսաստանն էլ իր շահերն ունի։ Եվ նորից ոչ մի խոսք Ադրբեջանի դեմ կամ Հայաստանի օգտին, բացարձակ հավասար վերաբերմունք։ Ցավոք մենք խաղալիք ենք գերտերությունների ձեռքին, և պետք չէ զգացմունքային վերաբերվել կամ հավատալ, թե որևէ մեկը մեր բարեկամն է։ Ասեմ նաև, որ ռուս ժողովրդի մեծ մասը, գոնե ազնիվ լրագրողներից շատերը մեր կողմից են հանդես գալիս։ Բայց դրանց մեջ չկան Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությունը ներկայացնողներ։
Վրաստա՞նը։ Որքան էլ այն մեր միակ քրիստոնյա հարևանն է, բարեկամության մասին կարելի է խոսել միմիայն շահերի համընկման դեպքում։ Կորցնելով Աբխազիան և Հարավային Օսեթիան, Վրաստանի համար անընդունելի է տարածքային ամբողջականության խախտումը, այդ պատճառով էլ Արցախի հարցում վրացիները մեր կողմից չեն։ Արցախի խնդիրը Վրաստանի համար նման է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրներին։ Կարևոր չէ, թե ով է ճիշտ, կարևոր չէ պատմությունը, կարևոր չէ հայերի գոյությունն այդ տարածքներում, ոչ մի բան էլ կարևոր չէ։ Եվս մեկ լուրջ «խնդիր»․ Վրաստանի ամբողջ հարավը բնակեցնում են հայերն ու ադրբեջանցիները՝ համապատասխանաբար ավելի հարավ-արևմուտքում (Ջավախքը) և ավելի հարավ-արևելքում: Բնականաբար Վրաստանը նաև վախենում է այդ տարածքների հետ կապված նոր հարցերի առաջացումից։ Այդ պատճառով էլ Վրաստանը երբեք հայերի կողմը չի կանգնի, հակառակը, եթե շատ չոր դատենք, նրանց համար ձեռնտու է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի թուլացումը։ Ասենք նաև, որ Վրաստանում ներկայումս օրեցօր ուժեղանում է Թուրքիայի ազդեցությունը։
Իրա՞նը։ Մի քանի անգամ այցելել եմ մեր այդ հարևան երկիր։ Դարերով քարոզած թշնամության փոխարեն այսօր նրանք մեզ իրենց լավագույն հարևանն են համարում․ չեն սիրում Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, արաբական երկրների հետ չեն կարողանում նորմալ հարաբերություններ կառուցել, Աֆղանստանին ու Պակիստանին վտանգավոր երկրներ են համարում, համարյա առնչություն չունեն։ Մնում է Հայաստանը։ Բայց միևնույն է, Իրանը կարող է լուրջ միջամտել, մեզ օգնել, միմիայն եթե իր տարածքներին վտանգ սպառնա։ Իրանում էլ բազմաթիվ ադրբեջանցիներ են ապրում, բայց ի պատիվ այդ երկրի դրվածքի, միանշանակ ասեմ, որ այդտեղի ադրբեջանցիների համար բացարձակ մեկ է, թե Արցախն ումը կլինի կամ ով կհաղթի այս պատերազմում։ Իրանն իր քաղաքացիներին այսօր փորձում է պահել, որքան կարող է, անկախ նրանց ազգությունից, բայց նրանք էլ պետք է համապատասխանաբար անկայունությանն ուղղված քայլեր կամ խառնակչություններ չանեն, թե չէ միանշանակ կպատժվեն։
Ուկրաինա՞ն։ Դիրքորոշումը՝ Վրաստանի պես, նույնպես կապված է նրանց կողմից վերջերս կորցրած տարածքների հետ․ Ղրիմ և որոշ արևելյան տարածքներ։ Արդյունքում Ուկրաինան չի թաքցնում իր զորակցությունը Ադրբեջանին և նույնիսկ դաշինք է կնքում Թուրքիայի հետ, օգտագործելով պահը Թուրքիային Ռուսաստանի դեմ հանելու համար՝ Ղրիմի վերադարձման հույսով, ինչի մասին արդեն քննարկվել է նրանց միջև։ Էլ ու՞ր մնաց սովետական եղբայրական Ուկրաինան։ Ու՞ր մնաց հայերի դարավոր բարեկամությունն ուկրաինացիների հետ, ու՞ր մնաց Կիևում և Ուկրաինայի բազմաթիվ այլ վայրերում ստեղծված հայկական մշակույթը։
Թուրքիան Ռուսաստանին վերաբերվել և վերաբերվում է բնականաբար իր շահերից ելնելով՝ մեկ բարեկամ, մեկ թշնամի։ 19-րդ դարի պատերազմներ, տարածքների որոշակի վերաբաշխում, առաջին և 2-րդ համաշխարհային պատերազմներ (երկու դեպքերում էլ՝ հակադիր կողմերում), տարածական հավակնություններ (հիմնականում Հայաստանի պատմական հողերի վրա), խորհրդային ժամանակների սկզբին՝ քեմալական Թուրքիայի բարեկամությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ԽՍՀՄ գոյության ընթացքում՝ հիմնականում բարեկամական հարաբերություններ, իհարկե կեղծ և երկերեսանի։ Հիմա եթե ամենապարզ ձևով ներկայացնենք, այսօրվա պատերազմի կամ ընդհանրապես այսօրվա ժամանակաշրջանի գերխնդիրն է իրենց համար, թե որքան կլինի Ռուսաստանի ազդեցությունը և որքան կլինի Թուրքիայի ազդեցությունն այս տարածքներում։
Իսրայե՞լը։ Զենք վաճառելով Ադրբեջանին այդ պետությունն իր առևտրական շահերն է հետապնդում, իսկ երբ նույնիսկ այդ երկրի գիտնականները դիմում են կառավարությանն այդ գործընթացը դադարեցնելու կոչով, բացարձակ անտարբերություն է, որովհետև ճնշումն այնքան ուժեղ չէ, որքան զենքի բիզնեսով հարստանալու տենչը։ Թող ոչ-ոք չմտածի, թե Իսրայելը Հայաստանին դեմ է, զենք վաճառելը միմիայն նրանց շահերից է բխում, ինչպես և մյուս բոլոր պետությունների դեպքում, այդ թվում՝ մեզ բարեկամական թվացող։
Արաբական երկրնե՞րը։ Վերջին ժամանակներում կա մեր հարաբերությունների որոշակի զարգացում, հիմնականում տնտեսական ոլորտում, որոշ չափով նաև՝ գիտա-կրթական։ Կա շատ չնչին մերձեցում, գոնե սկսել են ճանաչել, որ Հայաստան էլ գոյություն ունի այս տարածաշրջանում։ Բացի այդ, նորից դիտարկելով իրենց շահերն այս պահին, իրենք էլ չեն ուզում Թուրքիայի ազդեցության հզորացումը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում։ Թուրքիան ագրեսիվ և վտանգավոր պետություն է, դա դուր չի գալիս նորմալ զարգացում և բարգավաճում ցանկացող որևէ հարևանի։ Վերջին հայտարարությունը տեսանք, դա համեմատաբար մեր օգտին էր։ Այդ առումով, որոշ աջակցություն (բայց իհարկե ոչ ռազմական տեսքով) կարելի է ակնկալել։
Շնորհակալություն սփյուռքին, որ շատ երկրների տնտեսությունները և մշակույթը զարգացնելով հայի մասին դրական իմիջ է ստեղծել և հիմա էլ մեր պահանջներն է կարողանում առաջ քաշել, շնորհակալություն Ֆրանսիային և էլի մի քանի երկրների, որ գոնե հայտարարությունների տեսքով մեզ աջակցում են։ Բայց գլոբալ առումով Եվրոպան, ԱՄՆ-ն, մյուսները կարծես մեծ շահ չեն տեսնում և մեծ հաշվով թքած ունեն այս պատերազմի վրա էլ, հաղթող-պարտվողի վրա էլ։

Վերջապես ո՞վքեր են մեր բարեկամները։ Հայաստանը կամ հայերը բարեկամ երկրներ կամ ժողովուրդներ կարող են ունենալ, եթե դրանք հասկանան, որ մեզ հետ բարեկամանալը կամ մեզ աջակցելը հենց իրենց շահերից կլինի։ Ընդ որում, դա էլ է ժամանակավոր։ Սա է դիվանագիտությունը։ Սա է սովորեցնում պատմությունը։ Այնպես որ մեր հիմնական հույսը հենց մեզ վրա է։ Ոչ մի գրոշ չարժե որևէ երկրի հայտարարությունը համեմատած մեր հայ զինվորի վճռականության հետ, Հայրենիքը պաշտպանելու համոզմունքի և նվիրվածության հետ, մեր զորահրամանատարների հմուտ ղեկավարության հետ, մեր գիտնականների, ինժեներների, ծրագրավորողների կարևորագույն արդյունքների հետ, այդ թվում պաշտպանական խնդիրների լուծմանն ուղղված, վերջապես, հայ ժողովրդի ապրելու և գոյատևելու ցանկության հետ։ Նաև, Հայաստանն անպայման պետք է հզոր լինի տնտեսապես, որպեսզի կարողանա իր շահերը պաշտպանել և իր ազդեցությունն ունենալ տարածաշրջանում և ինչու չէ, նաև ամբողջ աշխարհում։

Հաղթելու ենք։ Հաղթենք մեր շահերը պաշտպանելու (ոչ թե ուրիշներից օգնություն ակնկալելու) համոզմունքով, մեր մտքի հզորությունն աշխարհին ի ցույց դնելով, մեր արժեքներին տեր կանգնելով։ Ամեն հայ դեռ շատ մեծ առաքելություն ունի․․․