image

Հայ Առաքելական Եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը

Հայ Առաքելական Եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը

Պատմության մեջ մինչև 20-րդ դարը կին հոգևորականներ չեն եղել: 20-րդ դարում ֆեմինիստական շարժումը բերեց այն գաղափարը, որ քաղաքական, հասարակական, տնտեսական բնագավառներում կանայք ևս կարող են տղամարդկանց համահավասար գործունեություն իրականացնել: Այս շարժումն աշխուժացավ հատկապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում միլիոնավոր տղամարդիկ էին զոհվել, և, հետևաբար, կանայք պետք է առավել գործուն դեր ստանձնեին հասարակական կյանքում: Պետք է ասել, որ կանայք չունեին քվեարկության իրավունք, սահմանափակ էին քաղաքական, տնտեսական գործունեության իրավունքները: Եվ արդարացիորեն պայքարելով այս ամենի դեմ` ֆեմինիզմը հասավ ծայրահեղության` ցուցումներ բերելով նաև սեռական հարցերում կանանց ազատության ու նաև սանձարձակության, իր մարմնի տնօրինման իրավունքի գաղափարով արհեստական վիժեցման, նույնասեռական հարաբերությունների մեջ գտնվելու ցանկության իրավացիության և այլ մերժելի իրողությունների վերաբերյալ: Տղամարդկանց հետ համահավասար գործունեություն իրականացնելու ձգտումը ծայրահեղության հասավ նաև եկեղեցական ոլորտում, որտեղ կանայք պայքարում էին նույնպես քահանայական աստիճանին բարձրանալու համար: Ի վերջո, բողոքական եկեղեցիները սկսեցին ազատ մեկնաբանություն ցուցաբերել քրիստոնեական ավանդույթների առնչությամբ, քանզի ի սկզբանե ընդհանրապես մերժում են սրբազան ավանդությունը: Սրանից զատ արևմտաեվրոպական բողոքական եկեղեցիները քրիստոնեական ավանդական ընկալումներն ու արժեքներն աղավաղեցին՝ ըստ սեփական հայեցողության: Այս եկեղեցիներում նախ ընդունելի ու գովելի համարվեց միասեռականությունը, այնուհետև սկսեցին միասեռականներին օրհնել եկեղեցիներում, հետո նաև այդպիսիների պսակի արարողություն կատարել, և այն բոլոր եկեղեցիները, որոնք ընդունեցին միասեռականությունն իբրև սովորական երևույթ քրիստոնյայի համար, այսօր հենց այդ նույն եկեղեցիներն են, որ ընդունում են կանանց ձեռնադրությունը, քահանայությունը, եպիսկոպոսացումը: Ուրեմն, սա ցույց է տալիս, որ այդ եկեղեցիների դիրքորոշումները կամայական են:

 

Պատմականորեն առաքյալները միայն տղամարդիկ են եղել, Քրիստոս միայն տղամարդկանց ընտրեց Իր պատվիրած առաքելության իրականացման համար: Առաքյալի հորդորներում ևս պատվերներ կան միայն տղամարդկանց հոգևոր ծառայության կոչելու (Ա Տիմ. 5.17, Տիտ. 1.5-7): Աստվածաշնչի մեկնության տեսակետից սա բացատրվում է հարուցյալ Քրիստոսի արգելքով, երբ Քրիստոս արգելում է Մարիամ Մագդաղենացուն մոտենալ իրեն (Հովհ. 20.17), ինչը բացատրվում է նաև եկեղեցական ծառայության ոլորտում կնոջն ուղղված արգելքի իմաստով: Կանայք չեն կարող եկեղեցու խորան բարձրանալ, եկեղեցական կանոններով Մկրտության ժամանակ նույնիսկ արգելված էր կանանց մոտենալու մկրտության ավազանին, որովհետև մկրտությամբ ժառանգորդ ենք դառնում Երկնքի արքայության և հավիտենական կյանքի, որից մարդիկ զրկվել էին կնոջ մեղքի պատճառով: Սակայն այս սահմանափակումը ոչ թե դատապարտություն է կանանց հանդեպ, այլ արարողության ծիսական-խորհրդանշական լեզվով հիշեցում առաջին մարդկանց մեղսագործության ու անկման, որպեսզի մարդիկ միշտ զգոն լինեն, դիմակայեն չարի փորձություններին և կարողանան ապրել աստվածային կամքի համաձայն:

 

Հայ իրականության մեջ, սակայն, եղել են սարկավագուհիներ, ովքեր օգնել են քահանային եկեղեցական սպասավորություն կատարելու: Բայց դա կրել է միայն տեղական բնույթ, համընդհանուր և կանոնական չի համարվել ողջ Եկեղեցու համար, և գործադրվել է հատկապես կանանց վանքերի, կուսանոցների պարագայում: Եկեղեցում հարգվել է կին սարկավագների ծառայությունը, և երբ անհրաժեշտություն է եղել, եպիսկոպոսի թույլտվությամբ նաև կանայք են եկեղեցական այդ աստիճանը ստանձնել և եկեղեցուն մեծ օգտակարություն բերել նաև այս ոլորտում: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գլխավոր մուտքի դուռը Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս վանքի միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին 1889 թ., ինչը և վկայում է դռան վրայի փորագրությունը:


Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
 

Սուրբ Էջմիածին, 2016թ.