image

«Թալաաթի դեմքի լպիրշ արտահայտությունը,երբ նա ասաց, որ Հայկական հարցը լուծված է».Էյնար աֆ Վիրսեն

«Թալաաթի դեմքի լպիրշ արտահայտությունը,երբ նա ասաց, որ Հայկական հարցը լուծված է».Էյնար աֆ Վիրսեն

Էյնար աֆ Վիրսենը ծնվել է 1875 թ. Շվեդիայի Ուփսալա քաղաքում: Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն Շվեդիայի Արքայական ռազմական ակադեմիայում: 1900-1902 թթ. ընդունվել է Շվեդիայի արքայական բանակի անձնակազմի քոլեջ: 1903 թ. ստացել է կցորդի աստիճան և շարունակել կրթությունը: 1910-1914 թթ. նա ծառայել է Գլխավոր շտաբում: 1915 թ. օգոստոսին դիվանագիտական ծառայության է ուղարկվել Օսմանյան կայսրություն: Որպես շվեդական դեսպանատան ռազմական կցորդ նա կայսրությունում մնացել է մինչև 1920 թ. նախ Կոստանդնուպոլսում, ապա` Սոֆիայում: Որպես չեզոք երկրի դիվանագիտական ներկայացուցիչ, Վիրսենը պատերազմի ընթացքում հնարավորություն է ունեցել ճանապարհորդել կայսրությունով, գնալ ճակատ, հանդիպել թուրք և գերմանացի ռազմական, քաղաքական գործիչների: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վիրսենի տեղեկատվության հիմքը դիվանագետի անձնական դիտարկումներն են, գերմանական և թուրքական ռազմական հետախուզության տվյալները, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանական զինվորական անձնակազմի կողմից տրամադրվող ոչ պաշտոնական վկայությունները: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վիրսենի առաջին հեռագրերն ուղղված Ստոկհոլմի Գլխավոր շտաբի բաժանմունք թվագրված են 1916 թ. փետրվարով: Դրանց մեջ կցորդը շեշտում է, որ հայերի տեղահանությունը և սովը ոչ թե կառավարության սխալ հաշվարկի կամ իրավիճակը վերահսկելու անկարողության արդյունքն են, այլ ուղղված են նրանց ոչնչացմանը: Վիրսենը նաև խոսում է իր նկատմամբ թուրքական շրջանակների անբարյացկամ վերաբերմունքի մասին 1909 թ. Բալկանների վերաբերյալ տպագրած մի գրքույկի պատճառով, որտեղ նա բացասաբար է արտահայտվել քաղաքական կարգերի վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության պատմությանը Վիրսենը մանրամասնորեն անդրադարձել է պատերազմի իր հուշագրությունում` «Պատերազմի և խաղաղության հուշեր» (Minnen från fred och krig), որը տպագրվել է Ստոկհոլմում 1942 թ.: Գրքի «Մի ազգի սպանություն» վերնագրով գլուխն ամբողջությամբ նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման կազմակերպված բնույթին, սպանության մեթոդներին. «Տեղահանվածները հաճախ դասակարգվում էին ըստ խմբերի. տղամարդկանց պահում էին կանանցից և երեխաներից առանձին: Տղամարդկանց կոտորում էին զանգվածաբար, երիտասարդ կանանց ուղարկում էին թուրքական հարեմներ: Երեխաներին թողնում էին, որ սովից մեռնեն, ինչպես դա արվում էր մի քանի նահանգում: Երեխաներին հարյուր-հարյուր կապում էին իրար, նետում լաստերի վրա և խեղդում Եփրատի ջրերում»: Նա նաև մանրամասնում է, որ ոչնչացման հրամանները տրվում էին գաղտնի և բանավոր: Կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ըստ Վիրսենի, կայսրությունում սպանվել է մոտ մեկ միլիոն հայ:
1920-1940 թթ. Էյնար աֆ Վիրսենը շարունակել է դիվանագիտական ծառայությունը տարբեր երկրներում: Նրա գործունեության կարևոր դրվագ էր նաև աշխատանքը Ազգերի լիգայի շրջանակում: 1924-1925 թթ. Վիրսենը Մոսուլի հարցով Ազգերի լիգայի հետաքննող հանձնաժողովի անդամ է նշանակվել: Նրա զեկույցը վճռորոշ նշանակություն է ունեցել Մոսուլը Իրաքին հանձնելու Լիգայի Խորհրդի որոշման մեջ: Մահացել է 1946 թ. հունվարին Շվեդիայում:




Ռեգինա Գալուստյան -Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի

հայցորդ, գիտական աշխատող