image
Հրատապ լուրեր:

Դինքի կյանքի պայքարը արդիական է

Դինքի կյանքի պայքարը արդիական է

ԱՆԱՀԻՏ ՎԵԶԻՐՅԱՆ

 

 

Հարցազրույցներից մեկում Հրանտ Դինքը «Ակօսը» ստեղծման մասին խոսելիս նշել էր, որ շաբաթաթերթը հիմնել են «կռվելու և պաշտպանելու» նպատակով: Այս մի նախադասությունն ամբողջովին ուրվագծում է Դինքի գործունեությունը ու կյանքը որպես համայնքային գործիչ և Թուրքիայի քաղաքացի հանրային գործիչ:

Որպես համայնքային գործիչ Դինքը կռվում էր ի դեմս հայերի Թուրքիայի փոքրամասնությունների իրավունքների, հավասար քաղաքացի ընկալվելու համար, պաշտպանում էր հայկական ինքնությունը՝ հիմքում դնելով համայնքային կառուցվածքի վերափոխման և հայ լինելու գաղափարին նոր միտքով, մոտեցումներով հարստացնելու անհրաժեշտությունը:

Որպես Թուրքիայի քաղաքացի՝ Դինքը կռվում էր հանուն արդար և ժողովրդավար Թուրքիայի կայացման, հանուն հանրությանը կաղապարող տաբուների և նախապաշարումների վերացման, հանուն բոլոր քաղաքացիների հավասարության, հանուն խոսքի ազատության:

Դինքի՝ գործունեության այս առաջին հայացքից տարբեր թվացող ասպարեզները ներդաշնակորեն միահյուսված էին․ բարձրաձայնելով հայերի կամ փոքրամասնությունների ոտնահարված իրավունքները՝ նա պայքարում էր հանուն հավասարության, հանուն Թուրքիայի ժողովրդավարացման: Խոսելով թուրք հանրության խորքային խնդիրների մասին՝ Դինքը պայքարում էր տաբուների և նախապաշարումների դեմ: Արտաբերելով Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը՝ նա պայքարում էր խտրականության դեմ, պայքարում էր հանուն արդարության, խոսքի ազատության:

Դինքի այս գաղափարները միանշանակ չընկալվեցին ո՛չ համայնքում, ո՛չ Թուրքիայում:

Նրա համոզմունքը համայնքի կառավարչական փոփոխությունների,  ընդլայման, նեառկանության անհրաժեշտության մասին չէին ընդունվում ղեկավար շրջանականների կողմից, իսկ տեսակետը, որ խառնամասությունները թեև ցավալի են, բայց դրանք պետք է ընդունել «ոչ թե կորստի ցավով, այլ փորձել դրանում ձեռքբերում տեսնել»,  դժվարամարս էր պահպանողական համայնքի համար։ Իսլամացված հայերի մասին բարձրաձայնումը նոր մարտահրավեր էր, որին հարմարվելու, այն ընդունելու համար գործընթացը ձգվում  է մինչև օրս։

Նույնն էր նաև համաթուրքական հարցերի պարագայում։ Դինքի բարձրաձայնած հարցերը՝ Հայոց ցեղասպանություն, քրդական հարց, հավասարություն, փոքրամասնությունների իրավունքներ, համակարգի կողմից ընկալվում էր որպես պետության, թուրքական ինքնության հիմքերը քանդելու փորձեր։ Հենց այս վախերը, որը հանրության մեջ կառուցել և սնուցել է համակարգը, սպանեց Դինքին։

2007թ հունվարի 19-ից անցել է 14 տարի։ Նրա սպանության դատավարություն շարունակվում է մինչև օրս։ Սկզբում ասում էին, թե սպանությունը կատարվել է Էրգենեքոնի ձեռքով։ Վերջին տարիներին մեղադրանքներն ուղղվեցին գյուլենականների դեմ՝ հիմա նրանք են իշխանությունների թշնամին։ Այս գործընթացը մաշեցրեց նաև Դինքի սպանությունից հետո սկսված հզոր հասարակական ալիքը, որը թվում էր՝ ստիպելու է, որ թուրքական մտածողության մեջ ներթափանցած փոփոխության նշույլները տարածվեն։ Արդյունքում, 14 տարի անց Թուրքիայում, Ռաքել Դինքի խոսքերով «երեխայից դահիճ ծնող մտածողությունը» այդպես էլ իր տեղը չզիջեց հավասարության, ժողովրդավարության գաղափարներին, հակառակն՝ ավելի ամրապնդվեց։ Թուրքիայում ազգայնամոլությունն ավելի թրենդային է դարձել, իշխող կուսակցությունն ավելի է բորբոքում այդ զգացումները, համակարգը դարձել է ավելի ավտորիտար։ Դինքի գաղափարակից ընկերները, որոնք հավասարապես պայքարում էին նրա դավանած իդեալների  համար, հիմա մեծամասամբ հեռացել են Թուրքիայից, շատերը բանտում են, իսկ մյուսների ձայն նվաղել է։ Դե իսկ հայերի, հայության նկատմամբ թշնամանքն իր ամբողջ ներկապնակով արտահայտվեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ 

Այսօր էլ՝ սպանությունից 14 տարի անց, Հրատին հիշում են բոլորը՝ իշխանությունները, ընդդիմադիրները, նրա գաղափարակիցները, ընկերները։ Յուրաքանչյուրը իր դիտանկյունից, իր շահերի և նպատակների համար։ Սա ցույց է տալիս, որ Դինքի կյանքի պայքարը արդիական է։