image
Հրատապ լուրեր:

50 Տարի հայերի համար.Քույր Հաննա Քրիստենի ծառայութեան պատմությունը

50 Տարի հայերի համար.Քույր Հաննա Քրիստենի ծառայութեան պատմությունը

ԱՀԱԸ-ի պաշտոնական կայքից`

Մարտի 8-ը յուրահատուկ օր է Հայաստանում: Մեկնարկում է Կանանց միամսյակը, երբ մենք տոնում ենք «մայրությունը եւ գեղեցկությունը»: Բնականորեն, մայրություն ասելով հասկանում ենք երեխաներին ծնունդ տալը, նրանց սնելն ու մեծացնելը: Իսկ գեղեցկությունը սովորաբար մեկնաբանում ենք` նկատի առնելով մարմնային ու տեսողական գրավչությունը: Ոչ ոք կասկածի չի ենթարկում այս էական որակների կարեւորությունը: 

Բայց մենք կարող ենք նաեւ այլաբանորեն դիտարկել այս բառերը:

Մայրությունը կարող է նշանակել մոր պես լինել մի երեխայի հանդեպ, ում կենսաբանական ծնողներն ի վիճակի չեն նրա մասին հոգ տանել, կրթել ու մեծացնել:

Կնոջ հոգու գեղեցկությունը դարձնում է նրան անհամեմատ գրավիչ, քան պարզապես մարմնային վայելչությունը: 

Այսօր մենք կպատմենք ձեզ գերմանուհի մի մայրապետի մասին, ով ընծայեց իր կյանքը` ծառայելու Քրիստոսին հայերի շրջանում` նախ Լիբանանում, հետո Հայաստանում:

Հարյուրավոր հայեր համայն աշխարհում նրան կոչում են մայրիկ, քանի որ նա 25 տարի ղեկավարում էր Այնճարի Հայ Ավետարանական երկրորդական վարժարանի տղայոց հանրակացարանը: Հայաստանում նա օգնության ձեռք մեկնեց ու ծառայեց միայնակ տարեց կանանց իրենց տներում, նաեւ բարեգործական ճաշարան հիմնեց Թումանյան եւ Բերդ քաղաքներում:

Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով, ստորեւ առաջարկում ենք կարդալ քույր Հաննայի մասին եւ շնորհակալություն հայտնել Աստծուն այս զարմանալիորեն գեղեցիկ մայրիկի համար:

Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

* * *  

Sister Hannah

Երբ նայում ես Հաննա Քրիստենի երկնագույն աչքերին, որոնցից անսպառ բարություն և քնքնշանք է ճառագում, հոգիդ կարծես անսպասելիորեն ջերմանում է, սիրտդ շղթայած սառցե կապանքները հալվում են, և անտեսանելի կամրջի միջոցով նրա բարությունը փոխանցվում է քեզ:

Հասմիկ Գյոզալյան, Բերդ

Քույր Հաննան համարվում է հայերի Մայր Թերեզան, և նա Հայաստանը ընդունում է որպես իր հայրենիք: Քույր Հաննան հավատում է, որ մերձավորին՝ մեծին ու փոքրին ծառայելը, օգնելը և մխիթարելը իր կյանքի ամենակարևոր առաքելությունն է: Պատկառելի տարիք ունենալով, Գերմանիայում բարեկեցիկ կյանքով ապահովված լինելով հանդերձ՝ Քույր Հաննան անտեսեց ամեն ինչ և իր ծառայության կանչով եկավ, կանգնեց հայերի կողքին: Հոգ տարավ լքված մանուկների և միայնակ տարեցների մասին, նվիրվեց նրանց և յուրաքանչյուրի ուրախությամբ ուրախացավ, տխրությամբ՝ տխրեց: Սա է Քույր Հաննայի ապրած կյանքը, որը ոգեշնչում է և օրինակ ծառայում մեզ բոլորիս համար: Շնորհակալ ենք  Աստծուն, որ մեր կյանքում կա Քույր Հաննան: Քույր Հաննան հավաստիացնում է, որ եթե իրեն հնարավորություն տրվեր իր կյանքը նորից ապրել, ապա կանցներ ճիշտ նույն իր անցած ուղով:

Քույր Հաննան ծնվել է 1930թ. Գերմանիայի Ռոթհենբուրգ ՕփրԹաուբեր քաղաքում՝ քարոզչի ընտանիքում, յոթ երեխաներից երրորդն է: Դեռ մանկուց ծնողներից ընդօրնակել է սիրել, օգնել մարդկանց, աշխարհում չփնտրել հարստություն և պերճանք, այլ ծառայել Աստծուն, ժողովրդին, արդարությանը…. 

Տասնհինգ տարեկանից սկսել է ծառայել կիրակնօրյա դպրոցում: Շատ չանցած Մայրատնից (Դայակոնից) ստանում է մի երկտող, որտեղ գրված էր. «Դու ուզո՞ւմ ես ամբողջ կյանքդ նվիրել և ծառայել Հիսուսին»: Քույր Հաննան հասկացավ, որ այս երկտողի միջոցով Աստածն է իր հետ խոսում և ասաց. «Տե՛ր Հիսուս, Դու քո կյանքը զոհել ես նաև ինձ համար, ինչո՞ւ ես իմ կյանքը չպետք է նվիրեմ Քո ծառայության, անվան և փառքի համար»: Այս խոստումից և ուսումն ավարտեուց հետո Հաննան գնաց Մայրատուն, դարձավ միանձնուհի և սկսեց ծառայել մանկատանը:  

Քսանինը տարեկան էր Քույր Հաննան, երբ անցավ միսիոներական աշխատանքի և անսալով հոգու կանչին՝ մեկնեց Լիբանանի Այնճար հայկական գյուղը: Լիբանանում նա սկսեց խնամել ծնողական սիրո պակաս ունեցող մանուկների: Այսօր, երբ անցել են տասնամյակներ, Քույր Հաննան հիշում է բոլոր հայ մանուկներին և նրա դեմքը շողում է երջանկությունից:

Sister Hannah

Քսաներկու տարի աշխատեց Այնճարում, սովորեց հայերեն, և երբեմն խոսքի մեջ ինքնաբերաբար ասում է. «Մենք՝ հայերս», «Մեր Հայաստանը»:

Սաները նրան մինչև այսօր էլ «մամ» են կանչում: Նրանցից շատերն ամուսնացել են, ապրում են Ամերիկայում, Կանադայում, Ֆրանսիայում. մոր իրավունքով հասնում է, օգնում, հարց ընդունում, թոռնիկներին սիրում: 

- Նրանց հետ հանդիպումները իմ կյանքի լավագույն պահերն են: Նրանց և նրանց զավակների ու թոռների գեղեցիկ ժպիտները, շնորհակալական արտահայտությունները տեսնելով և լսելով՝ ինձ բավարարված եմ զգացել: - պատմում է Քույր Հաննան:

-Տասներկու տարի շարունակ Քույր Հաննան հոգացել է իմ, իմ եղբոր, և շատ տղաների մասին: Նա մեր բոլորի համար եղել է հարազատ մայր, - պատմում է նրա սաներից Հակոբը:

- Քսաներկու տարի գիշերօթիկ դպրոցում աշխատելուց հետո զգացի, որ մեծացել եմ, չեմ կարող երեխաների հետ շատ թռչկոտել, և որոշեցի աշխատել ծերանոցում: Ինձ դուր է գալիս աշխատել տարեցների հետ: Մի փոքր ժպիտ, արևի մի գեղեցիկ շող նրանց աչքերին՝ և նրանք երջանիկ են: Տատիկներին և պապիկներին ծառայելը ինձ հոգեկան խոր գոհունակություն է պատճառում, և ամեն վայրկյան զգում եմ Աստծո ներկայությունը և Նրա քաջալերանքը:

Հայաստանի ծերանոցներից մեկի տնօրենը Քույր Հաննային ծերանոցը ցույց տալուց խուսափեց մասնաշենքերից մեկին մոտ գնալ, որտեղից գարշելի հոտ էր գալիս և զգացվում էր հիգիենայի և մաքրության մեծ պակաս:  Քույր Հաննան մաքրեց ամբողջ այդ տարածքը և հոգաց տարեցների հիգիենիկ և հոգևոր կարիքները:

Քույր Հաննան ծառայությունը շարունակեց Լոռու Բերդ քաղաքում: Հայ Ավետարանական եկեղեցու նկուղային տարածքում Աստծո առաջնորդությամբ և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ կառուցվեց ճաշասենյակ, խոհանոց և մթերանոց: 2007թ. սեպտեմբերին բացվեց Սոցիալական ակումբ, որի տաք սննդի ծրագրից օգտվում են 86 կարիքավորներ՝ անչափահաս երեխաներ և միայնակ թոշակառուներ: Քույր Հաննան պատանիների և աղջիկների համար անցկանցում էր ձեռքի աշխատանքների դասընթացներ, մի խումբ երեխաների սովորեցնում էր ֆլեյտա նվագել: Պարապունքների ավարտին երգում էին հոգևոր երգեր, կարդում Աստվածաշունչ: 

Քույր Հաննան վեց տարի ծառայեց Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ նրա ջանքերով բացվեց Տարեցների սոցիալական ակումբ: Բերդում Քույր Հաննան այցելում էր միայնակ տարեց կանանց, խրախուսում էր նրանց, աղոթում նրանց համար և օգնում տնային գործերում: Բարձր գնահատելով Քույր Հաննայի մարդասիրական ծառայությունները՝ 2005թ. Բերդի համայնքի ավագանու որոշմամբ Բերդի հոգևոր-մշակութային, բարեգործական աշխատանքներում ներդրած ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ համայնքի ավագանին որոշեց Հաննա Քրիսթենին շնորհել «Բերդ քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում:

Sister Hannah

Ուրիշների մասին հոգալը ասվածային սկզբունք է, որը Քույր Հաննայի կյանքը դարձնում է երանելի: Այդ մասին է Պողոս Առաքյալի հետևյալ խոսքը. «Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ինքն ասաց. «Ավելի երանելի է տալը, քան առնելը» (Գործք Առ. 20.35): Աստծո անվան համար կատարած ծառայությունը բոլոր ժամանակներում էլ ըստ արժանվույն է գնահատվել Աստծո և մարդկանց կողմից:

Քույր Հաննայի կյանքը և ծառայությունը մեզ բոլորիս ոգեշնչում է օգնության ձեռք մեկնել և ծառայել կարիքավորներին: