image
Հրատապ լուրեր:

Էդուարդ Այվազյան. Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում

Էդուարդ Այվազյան. Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում

Այս փոքրիկ շրջանում Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա հարեւան երկիրն է, որի հետ հայ ժողովրդին կապում է մեծ պատմական ու մշակութային անցյալ: Դարերով մեր ժողովուրդները կողք-կողքի պայքարել են իրենց գոյության համար եւ միայն  միասնության շնորհիվ կարողացել պահպանել քրիստոնեական հավատքը, որը տվյալ պարագայում զուտ կրոն լինելուց բացի հանդիսացել է նաեւ ինքնության պահպանման  միջոց:

Ժամանակակից աշխարհի քաղաքական կառուցվածքը բավական տարբերվում է նախորդ դարերի աշխարհաքաղաքական համակարգից, սակայն այս փոքրիկ տարածաշրջանում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել: Մեր ժողովուրդները կրկին ունեն ազգային ու կրոնական ինքնության պահպանման խնդիր: Դրանում համոզվելու համար բավական է միայն քարտեզին նաել եւ ուսումնասիրել մեր հարեւան երկրների բնակչության քանակը ու նրանց տնտեսական հնարավորությունները: Դրանից բացի տեսնել, թե ներկա դրությամբ Վրաստանի բնակչության ո՞ր տոկոսն է մահմեդական, իսկ ո՞ր տոկոսը՝ քրիստոնյա: Եվ տարեցտարի ի՞նչ դեմոգրաֆիկ փոփոխություններ են տեղի ունենում Վրաստանում:

Այս իմաստով Վրաստանի անվտանգությունը եւ բարեկեցությունը ուղիղ կապված է Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետ: Այնքան մեծ է տվյալ կապը, որ ցանկացած այլ խնդրահարույց հարց երկրորդական բնույթ է ստանում երկու երկրների հարաբերությունների միջեւ: Այդ իմաստով բարձրաձայնելով առկա խնդիրները, մենք հայերս պետք է հասկանանք, որ Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից հարեւանն է եւ ցանկացած խնդիր պետք է լուծվի հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների համատեքստում, բայց նույն ժամանակ պետք է լուծվի, այլ ոչ թե թողնվի ինքնահոսի:

Պետք է երկու երկրների ժողովուրդների մեջ տարվի ճիշտ քարոզչական աշխատանք, որ այս  տարածաշրջանում երկու երկրների գոյությունը ուղիղ իմաստով կապված է միմյանցից ու ցանկացած լարվածության առաջացում վտանգում է մեր ապագան, ինչը ուղիղ իմաստով կարող է շահեկան լինել մեր հարեւանների համար, որոնք ջանք չեն խնայում հայերի եւ վրացիների միջեւ տարաձայնություններ առաջացնելու գործում:

Իհարկե շատ են այն հայերը ու վրացիները, որոնք մեկ-մեկ սիրում են խիստ ազգայնական հայտարարություններ անել կայքերում ու սոցիալական ցանցերում, որպեսզի լավ երեւան հասարակության մեջ, սակայն նման ազգայնական մտքերը կամ գրառումները խիստ վտանգավոր են եւ առաջին հերթին վնասելու են մեր ժողովուրդներին: Այլ բան է, եթե դեպքերի ու իրավիճակի թելադրանքով պահանջվում է մեկ-մեկ կոշտ, բայց նույն ժամանակ քաղաքականապես կոռեկտ արձագանք: Եւ այդպես էլ մեր կողմից արվում է շատ հաճախ:

Վերադառնալով ջավախքահայության խնդիրներին, պետք է փաստել, որ վերջին տարիներին բոլոր առկա խնդիրներից գրեթե ոչ մեկը իր լուծումը չի գտել: Ուրեմն պետք է ընդունենք, որ մի բան սխալ է ընթանում: Այս իմաստով Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի  մարտավարությունը իրենց խնդիրների լուծման շուրջ պետք է փոխվի: Մարդիկ նախ պետք է ուզենան ինտեգրվել երկրի հասարակությանը, ձեւավորեն իրենց մոտ ակտիվ հասարակական գիտակցություն եւ հետո նոր Վրաստանի իշխանություններին ներկայացնեն իրենց հուզող խնդիրները: Ընդունենք, որ հայհոյանքներով ու բամբասանքներով ոչինչ չի փոխվում: Մեր ժողովուրդը ինքը պետք է մշակի երկրի իշխանությունների հետ հարաբերվելու դիվանագիտություն ու հետեւողականորեն աշխատանք տանի այդ ուղղությամբ:

Եւ ամենակարեւորը, բոլոր խնդիրների լուծման հիմքում պետք է կանգնած լինի ինքը՝ ժողովուրդը, առանց արտաքին միջամտության: Ցանկացած երկիր չի սիրում արտաքին միջամտություն, ինչը միայն բարդացնում է խնդիրների լուծման հնարավորությունը: Արտաքին միջամտություն էլ, եթե  պետք է ինչ որ հարցերի լուծման համար, ապա այն պետք է իրականացվի ուղիղ կապով պետությունների միջեւ: Երկրները կարող են միմյանց հետ քննարկել առկա խնդիրները, հաշվի առնելով իրենց ժողովուրդների կարծիքները եւ դա լրիվ ուրիշ է:

Եվ իրոք, մեր պարագայում շարժիչը պետք է լինի ինքը՝ ժողովուրդը: Նույն ժամանակ մեր հասարակությունը ամուր կապերով պետք է աշխատի աշխարհասփյուռ հայության հետ: Սփյուռքը պետություն չէ, բայց իր հզոր պոտենցիալով կարող է մեծ օգուտ հասցնել Վրաստանի զարգացմանը ու հզորացմանը, ինչը միայն դրական կանդրադառնա մեր խնդիրների լուծման վրա: Տարբեր երկրներից մեր սփյուռքահայ քաղաքապետերը, պատգամավորները եւ քաղաքային խորհրդի անդամները ու ինչու չէ, նաեւ գործարարները պետք է այցելեն Սամցխե-Ջավախք եւ իրենց օգնությունն ու փորձը առաջարկեն տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Դա կբարձրացնի հայերի դերակատարությունը Սամցխե-Ջավախքում ու ամբողջ Վրաստանում:

Միայն վերոնշյալ մոտեցումներով հնարավոր կլինի ձերբազատվել այն վատ կարծրատիպերից, որոնք առաջացել են հասարակության որոշ շրջանի մոտ հայերի նկատմամբ վերջին տարիների ընթացքում եւ վնասում են մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործընթացին:

 

 

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն