image
Հրատապ լուրեր:

Բռնի իսլամացված հայ կանանց պատմությունը

Բռնի իսլամացված հայ կանանց պատմությունը

Հայոց ցեղասպանությունից արդեն 102 տարի է անցել։ Ջարդերի, կոտորածների թեմաներից մեր ուշադրությունը սևեռեցինք հայ կանանց խնդրի վրա, որոնք բոլորովին անհայտ են Ցեղասպանության համատեքստում։ Խանեի, Ֆաթիքեի, Զեյնեի, գյուղապետուհի Ֆաթմայի ու իր աղջկա, ինչպես նաև Հավեի պատմությունը ցույց է տալիս, թե պատերազմն ու Ցեղասպանությունն ինչպես են մեկ այլ արհավիրքի վերածվում` կանանց մարմինների միջոցով։ Այս կանայք, որ չնայած ամեն բանի՝ կարողացել են հաջորդ սերունդներին պատմել իրենց ապրածները, վկայությունն են առ այն, որ վերստին կինն է մշակութային հիշողության իրական կրողը։


Թեև մեկ դար է անցել հայերի կողմից «Մեծ եղեռն» անվանված Ցեղասպանությունից հետո, Եղեռն, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, այնուամենայնիվ «Միություն և առաջադիմություն կուսակցության թուրքական ազգայնական հարձակումներից ամենամեծ վնասը կրած հայերը դեռևս որևէ իրավունք չեն կարողանում պահանջել իրենց ունեցվածքի նկատմամբ, և ցայսօր հստակ հայտնի չեն անգամ, թե որտեղ են գտնվում նրանց եղբայրական գերեզմանները։ Ցեղասպանության հետքը փնտրեցինք Մարդինում, որը Եղեռնից առաջ մեծաքանակ հայ ազգաբնակչություն է ունեցել։


Խանեի և Ֆաթըքեի պատմությունը


Ցեղասպանությունից հետո է բացահայտվել երկու կանանց՝ Խանեի ու Ֆաթըքեի պատմությունը։ Սա այն հայ կանանց ցավալի պատմություններից է, որոնք գերեվարվում էին, բռնի իսլամացվում, այնուհետև կնության վերցվում՝ որպես սեռական շահագործման համար ստրուկ, երրորդ կամ չորրորդ կին։ Ֆաթըքեն դեռ գրկի երեխա էր, երբ Ցեղասպանության ժամանակ մայրն իրեն տվել էր հարևանին՝ Էյնոյին, իսկ վերջինիս ամուսինը՝ Շեհմուսը, սեռական շահագործման ենթարկել նրան: Իսկ Պետոյի դուստր Խանեին գնել էին Դեր Զորի մարդկային քարավանների միջից և սեռական բռնությունների զոհ դարձրել Մարդինի Մազըդաղ գավառի Փիրան գյուղում։ Սեռական բռնությունների մասին այս պատմությունը հայ կանանց տառապանքով լի, գաղտնի պահված պատմությունների մի փոքր հատվածն է միայն ։

Պատկերացրեք, թե ինչպես եք ձեր սեփական հողում հանկարծակի սկսված իրադարձություններից հետո մի վայրկյանում օտարական դառնում, ահա Ֆաթըքեի պատմությունն էլ է այդպիսին։ Նա ծնվել է այն ժամանակ, երբ Մարդինի Փիրան գյուղի հայ բնակիչների քարավանը կոտորում էին Նևալա Փիվազա կոչված լեռնոտ տարածքում, իսկ ինքը մոր գրկում իր փոքրիկ մարմնով տեղ էր զբաղեցրել շարասյան մեջ՝ դառնալով այն յոթերորդ անձը, որին, ով գիտի, թե որ մուսուլմանն էր թրատելու՝ դրախտ ընկնելու փափագով։


«Թրատելիք կա» ասվեց թե չէ` դանդաղ քայլերթ էր սկսվում


Երբ զինվորները, դռները թակելով, ասում էին «թրատելիք կա», նույն գյուղի մուսուլմանները սրերն էին կապում, իսկ հայերն իրենց մոտալուտ մահն ազդարարող այս խոսքերով վերջին անգամ իրենց հայրենի տանն էին նայում ու ճանապարհ ընկնում։ Քանի դեռ նրանք իրենց իսկ սեփական փողոցներով միաշարք մահվան ճամփորդության էին դուրս գալիս, հետևում թողնված տները խլելուն անհամբեր սպասողների միջից, ո~վ գիտի, որ մեկն է ողբերգության զգացողություն ապրել։ Շարասյան մեջ գնացողներից մեկն էլ դեռ չանվանակոչված Ֆաթըքեն էր. ի՞նչ կարիք կար մի հաճելի անուն դնել, չէ՞ որ գերեվարված կանանց անուններն առանց այդ էլ իսլամացվում էին։ Երբ շարասյան մեջ գտնվող մայրը, մի պահ մտածելով՝ «գոնե նա փրկվի», Ֆաթըքեին բարուրի մեջ իր հարևանին՝ Էյնոյին էր տալիս, եթե ենթադրեր, թե իր աղջիկը հետագայում ի~նչ փորձությունների միջով էր անցնելու, արդյո՞ք դարձյալ Էյնոյին կվստահեր։


7 տարեկանում շահագործումն սկսվում է


Հայ աղջկա՝ Ֆաթըքեի պատմությունը, ում իրական անունն անհայտ էր և Մուհամմեդի աղջկա անունն էր կրում, այսպես է սկսվում։ Երբ Էյնոյի ու Շեհմուսի որդեգիր Ֆաթըքեն 5 տարեկան է դառնում, մի քանի տարի անց իրենց տղայի՝ Խեթոյի հետ ամուսնացնելու համար օրօրոցախազ (բաշիքյարթմա) են անում։ Ֆաթըքեն և Խեթոն, որ մինչ այդ որպես քույր-եղբայր էին մեծացել, այսուհետ այդ փուլն ավարտելով՝ ամուսինների դեր էին ստանձնելու։ Ֆաթըքեի ողջ մանկությունը լռությամբ է պարուրվում, իսկ 7 տարեկան հասակում իր կյանքի ամենադաժան օրերն է ապրում։

Ֆաթըքեն «բաշիքյարթմա» արած Խեթոյի հոր՝ Շեհմուսի կողմից շարունակ սեռական շահագործման է ենթարկվում, սակայն որևէ մեկին այս մասին չի կարողանում պատմել։ Երբ 12 տարեկան է դառնում, ցանկանում են նրան մանկահասակ տարիքում ամուսնացնել Խեթոյի հետ, սակայն Շեհմուսը դեմ է լինում։ Ամուսնությունը 3 տարի հետաձգվում է, և ի վերջո Խեթոն փախցնում է Ֆաթըքեին, որից հետո Շեհմուսը Էյնոյին պատմում է իր ոտնձգությունների մասին, իսկ Էյնոն հետ է բերում Ֆաթըքեին ու մանկահասակ աղջկան Շեհմուսի հետ ամուսնացնում։ Էյնոն, չկարողանալով ինքն իրեն ներել իր իսկ մեծացրած աղջկան բռնի ամուսնացնելու փաստը, լքում է գյուղն ու տունը և ապաստան գտնում Մարդինի մոտակայքում՝ Քեսրա Հեսենե Քենջո բնակավայրում։ Մի քանի տարի անց Էյնոն տարածաշրջանի ամենահայտնի այլընտրանքային բժիշկն է դառնում և այստեղ բազմաթիվ հողեր գնում։ Պատերազմից հետո նոր Թուրքիայում սով է սկսվում, և Էյնոն օգտվելով այն հանգամանքից, որ Շեհմուսը ևս սովի է մատնված, Ֆաթըքեին իր մոտ է տանում և միասին են սկսում ապրել։


Դեր Զորի շարասյան գերուհին՝ Խանեն


Պետոյի (Խանա Պետո) դուստր Խանեն վաճառքի համար նախատեսված այն կանանցից մեկն էր, որոնց խումբը տեղահանել էին` Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ.) շարասյունների հետ միասին Սիրիայի Դեր Զոր անապատներն ուղարկվելու պատրվակով ու զանգվածաբար կոտորել Մարդինի մոտակայքում։ Հեսենը, ով, եթե կարելի է այսպես ասել, հայ դիակների կողոպտիչների կին միջնորդ էր, գնում է Խանեին, իսկ Խանեն պահանջում է, որ 10-ամյա եղբորը ևս իր հետ տանի։

Խանեին Փիրան գյուղում, որպես «երկրորդ կին», Շեհմուսե Հեջիին են վաճառում, իսկ եղբորը Մուհամմեդ անունն են տալիս։ Խանեն կենաց մահու կռիվ էր մղում. մի կողմից փորձում էր քրդերեն սովորել, մյուս կողմից` ջանում ձերբազատվել իրեն օտարող կանանց վերաբերմունքից ու չենթարկվել նրանց ճնշումներին, մի կողմից էլ ամեն գիշեր «ամուսին» կոչված տղամարդու կողմից բռնաբարության էր ենթարկվում։ Խանեն, ինչպես գյուղացիներն են ասում, շատ գեղեցիկ ձայն ուներ՝ ճիշտ իր արտաքինի նման, և իր ողջ տառապանքները փորձում էր մեղմել հայերեն երգեր երգելով, մինչդեռ եղբայրը՝ Մուհամմեդը, շատ փոքր էր կատարվածը հասկանալու համար և նոր կյանք էր սկսում նոր անունով ու նոր կրոնով։


Զեյնեն, գյուղապետուհի Ֆաթման ու վերջինիս դուստր Ալիսը


Անցնենք Դեր Զորի մարաշցիների շարասյունից Զեյնեին ու նույն քարավանից նոր անվամբ Ֆաթմայի և նրա փոքր աղջկա՝ Ալիսի պատմությանը… Ֆաթման և Ալիսը, գերեվարվելով իրենց սեփական հողում, գնվում են միևնույն ընտանիքի հոր ու տղայի կողմից, իսկ Դեր Զորի շարասյան մեջ գտնվող մարաշցի Զեյնեն ոչնչացված կյանքից հետո մի նոր կյանք է սկսում։

Քննելու ենք Քրդստանի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ.) բոլորովին քրդախոս 7 գյուղերի և առհասարակ Թուրքիայի առաջին կին գյուղապետ Ֆաթմայի, ինչպես նաև իր երեխաների հետ կրոնի դասեր ստացող Հավեի կերպարները։ Դեր Զորի շարասյունից մարաշցի Ֆաթման՝ որպես ծախու կին, համառ պայքար էր մղում այդ աշխարհագրական տարածքի մարդկանց հետ, որոնց լեզուն անգամ չգիտեր, ինչպես նոր անվան, այնպես էլ կին լինելու համար, իսկ Հավեն ստիպված էր Ղուրան կարդալ ու թզբեհ քաշել, պարտադրված ամուսնանալ հոգևորական Շեյխ Օմերի հետ, 3 որդի ունենալ և նրանց ևս մեծացնել որպես հոգևորական։ Նրանց պատմությունները Ցեղասպանության հայկական հետքերից մնացած մոխիրներից են։


Ցեղասպանության ստրուկները


Ֆաթման և դուստրը՝ Ալիսը, գտնվում էին ընտանիքի անդամների աչքերի առաջ «թրատվելիք» շարասյան, երբ Մուսթաֆան գնում է նրանց, ով տարիներ շարունակ իրենց տանն էր եղել՝ որպես Ֆաթմայի ամուսնու ընկեր։ Այս անձի կողմից էր թալանվել նաև նրանց տունը։ Մուսթաֆան Ալիսին իր որդու՝ Ռեսուլի համար էր գնել։ Կարծես Ֆաթմայի ու Ալիսի տառապանքները քիչ էին՝ Մուսթաֆայի երեխաներն էլ նրանց ամեն օր անտանելի ֆիզիկական խոշտանգումների էին ենթարկում։ Մայր ու աղջիկ ձմռան օրերին բռնի սարալանջի վրա էին բանեցվում, իսկ ամռան ամիսներին ժամեր շարունակ դաշտում աշխատելուց հետո գիշերը բռնաբարվում էին` իրենց գնած տղամարդկանց կողմից և այս կերպ ստիպված գոյատևում։


Վրեժը կնոջ մարմնի միջոցով է լուծվում


Ժամանակի ընթացքում երեխաների ատելությունը բոլոր բռնություններին դիմակայող Ֆաթմայի նկատմամբ մեծանում է, և մի օր կրկին դաշտում աշխատելիս նրանք քարերով ջարդում են Ֆաթմայի գլուխն ու դիակը քարակույտի մեջ թաքցնում։ Մուսթաֆայի բոլոր փնտրտուքներն ապարդյուն են անցնում, իսկ երեխաներն իրենց հորը չեն պատմում կատարվածի մասին։ Միայն ամիսներ անց, երբ քարակույտի միջից գտնում են դիակը, երեխաները խոստովանում են իրենց մեղքը, մինչդեռ հայրը վրեժը նորից փոքր աղջկանից է առնում։ Մուսթաֆան տիրանում է Ալիսին, ում որպես Ռեսուլի գնած ավար էր դիտում, և ամուսնանում նրա հետ։

Իսկ կատարվածից հետո, երբ վրեժը կնոջ մարմնի միջոցով են լուծում, Ալիսի ահասարսուռ պատմությունը շարունակվում է այտեղից, որտեղ կանգ էր առել՝ միայն թե անձինք են փոխվում։


Զեյնեի «ծախու» կյանքը


Մարաշցիների` Դեր Զորի շարասյունից Զեյնեի պատմությունը ևս նման է բոլոր հայ կանանց պատմություններին։ Կին միջնորդ Հեջիյե Մերդինին Զեյնեին վաճառում է Մարդինի Մազըդաղը գավառի Փիրան գյուղի բնակիչ Էմինե Մըսթոյին։ Զեյնեն, օգտվելով այն հանգամանքից, որ գյուղացիները թուրքերեն չգիտեն, նախ որդուն՝ Ալիին, թուրքերեն է սովորեցնում, իսկ հետո պատմում իր ապրածները։ Որդուն պատմում է, որ օրեր շարունակ սոված-ծարավ մնացած քարավանի մահվան քայլերթից հետո իր աչքի առաջ սպանել են ընտանիքին, երեխաներին` բռնաբարել, գողացել են անգամ արնոտ հագուստները, որից հետո վերջ է տալիս իր դժնդակ կյանքին։


Թուրքիայի առաջին կին գյուղապետը՝ Ֆաթման


Նախկինում անհայտ Ֆաթման Դեր Զորի Մարաշից հավաքված շարասյան մեջ էր, նաև` այն խմբի անդամներից, որ երբ Մարդինի մոտակայքում մի շարքով շարել ու հարցրել էին՝ «Կա՛մ իսլամ, կա՛մ մահ», «Մա՛հ» էր պատասխանել։ Գնդակահարվելով գետին փռվածների մեջ էր նաև Ֆաթման՝ իր բաժին փամփուշտը ստացած, և երբ նայում ես, թե ինչերի միջով է անցել, չգիտես, արդյո՞ք բախտավորություն է, որ հաջողվել է կենդանի մնալ։ Ֆաթման ամբողջ օրը մահացածների մեջ է մնում` անգիտակից վիճակում, և ուշքի է գալիս միայն երեկոյան` դիակների կողոպտիչների աղմուկից, սակայն վախենում է օգնություն խնդրել։ Տեսնելով, որ մի կին փորձում է իր արնոտ հագուստը հանել, Ֆաթման ձեռքը բերանին է մոտեցնում և հայացքով աղերսում, որ որևէ մեկին չասի, իսկ կինը Ֆաթմային բերանքսիվայր է շրջում՝ այս կերպ տեսանելի չդարձնելով նրա երեսը։


Արյունոտ հագուստներով վաճառվող կանայք


Երբ մթնում է, Ֆաթման դիակներն իր վրայից հեռացնելով` սկսում է քայլել։ Թեև ժամեր էին անցել, բայց կողոպտիչները դեռ իրենց գործն էին անում, և Ֆաթման դիակների կողոպտիչների կին միջնորդ Հեջիյե Մերդինիի ցանցն է ընկնում։ Ցեղասպանության միջոցով նոր մասնագիտություն ձեռք բերած կին միջնորդ Հեջիյե Մերդինիի կանանց խմբի հետ նրանք 20 օր ապրում են` մոտակայքում գտնվող մի տանը խցկված։ Այս տանը, որ ոչ մի օր հաճախորդի պակաս չուներ, կանայք իրենց իսկ վրա չորացող արնոտ հագուստներով էին վաճառվում, իսկ Ֆաթմային, այստեղից-այնտեղից պարտք վերցնելով, գնում են ու Թեզնե գյուղի ամենաանպիտան տղամարդու՝ Էբոյի հետ ամուսնացնում։ Ահա այսպիսի կյանք էր բաժին ընկել Ֆաթմային, ով բավական խելացի էր։


Թուրքերեն միայն նա գիտեր


Էբոյի շղթաներին գամվելով՝ գյուղի ճանապարհը բռնած Ֆաթման մի այնպիսի վայրում է հայտնվում, որտեղ հայեր ու քրդեր են բնակվել, սակայն հայերը հանկարծակի վերացել են, և հայերեն այս գյուղում բոլորովին չէին խոսում, իսկ ինքն էլ այդ լեզուն չգիտեր։ Տարիներ անց նոր Թուրքիայի հռչակմամբ գյուղերում ռեիսությունը (գյուղապետությունը) պարտադիր է դառնում, և զինվորները դռնեդուռ շրջելով` գյուղապետի թեկնածու էին փնտրում, բայց ինչ արած, որ Մարդինի Մազըդաղը շրջանում դեռ ոչ ոք թուրքերեն չգիտեր. մինչդեռ Ֆաթման անցած տարիների ընթացքում նաև քրդերեն էր սովորել։

Ֆաթման միակն էր, ով թուրքերեն գիտեր, և այսպիսով շրջակայքի գյուղերի հետ միասին 7 գյուղի, միևնույն ժամանակ Թուրքիայի պատմության առաջին կին գյուղապետն էր։ Չնայած բոլոր ճնշումներին՝ Ֆաթման, հայտնի չդառնալու նպատակով, բացի իր անունից, կրոնի և մշակույթի հարցում որևէ զիջման չգնաց։ Միևնույն ժամանակ տարիներ անց իրականացան նաև նրա խոսքերը, որ հաճախ էր կրկնում քրդերին. «Մենք նախաճաշն էինք, իսկ դուք ճաշն եք դառնալու»։ Եթե անգամ դարեր էլ անցնեն, միևնույն է, այս խոսքերի հեղինակ Ֆաթման երբեք չի դադարի գյուղի հրկիզումը կանգնեցնող վճռորոշ անունը լինել, իր տանը քրդական շարժման անդամների թաքցնել։

Ինքն իրեն հանկարծ մուսուլման կնոջ դերում գտած Հավեն…

Հավեի պատմությունն էլ իրենց սեփական հողում օտարական դարձածների պատմություններից մեկն է։ Էգոյի փոքր դուստր Հավեն տեսել էր, թե ինչպես էին Մազըդաղի Փիրան գյուղում սպանել իր հորը, մորն ու ազգականներին, որից հետո, որպես երրորդ կին, պարտադրված ամուսնացել էր Շեյխ Օմերի հետ, ով ջարդից առաջ հորը խոստացել էր՝ «Ես նրան տեր կկանգնեմ»։ Այսպիսով Հավեն մի ակնթարթում կրոնական պարտականություններ կատարող չարշաֆով կին էր դարձել։

Կարծես՝ բավական չէր, որ մանկահասակ տարիքում էր ամուսնացել, Հավեն դեռ ստիպված էր նաև նամազ անել, պահք պահել, իսկ 15 տարեկանում ունեցած իր առաջնեկ որդուն էլ` կրոնական կրթության տալ։ Այն, որ Հավեն հայ էր, կարծես «սև բծի» նման անցյալում թողած գաղտնիք էր ամբողջ գյուղում, իսկ ինքը՝ Հավեն, ստիպված էր իր երեք որդիներին մեծացնել որպես Ղուրանն անգիր արած, մզկիթում քարոզ կարդացող հոգևորականների։

 

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը


Akunq.net