image

Հայոց աշխարհի առաջին Սահմանադրությունը. Ռոսիթա Յուսեֆյան

Հայոց աշխարհի առաջին Սահմանադրությունը. Ռոսիթա Յուսեֆյան

«Հիշենք, տիարք, առանձին տերություն լինելով հանդերձ, մենք Հայոց տան մի մասն ենք եւ մեր սահմանած կանոնական սահմանուդրությունը պիտի լինի հայակերպ, հայաշունչ ու հայաոգի: Մի մոռացեք, որ մեր կանոնները պիտի վերաբերեն աշխարհում ապրող բոլոր հայերին»:

Վաչագան Բարեպաշտ, Աղվանքի թագավոր (ընդգրկում էր Արցախ եւ Ուտիք) Ե դարի վերջեր

(Հայկ Խաչատրյան, Վաչագան, Երևան, 1998)

Հայաստանի բաժանումը Պարսկաստանի եւ Բյուզիանդիայի միջեւ (Դ.դար), թագավորության վերացումը, կրոնական բռնությունները, վարչական հակահայ բաժանումները, սկսեցին խարխլել ազգային ավանդություններն ու քրիստոնեական հավատքի հիմքերը: Պաշտոններ ստանձնող օտար իշխանավորների հետ՝ երկիր թափանցեցին օտար օրենքներ, վտանգավոր թշնամանք ու անհաշտություն սերմանելով հասարակության տարբեր խավերի միջեւ:

Ահա այն «նպաստավոր» պայմաններու պատճառով է, որ Վաչագան Թագավորը որոշեց ստեղծել կանոնական սահմանադրություն, որ պիտի համապատասխաներ հասարակական բոլոր խավերի ու խմբերի շահերին:

488 թ. թագավորը հրավիրեց Սահմանադիր Ժողովի: Պարսից արքա Վաղարշակից իր թագավորությունը ստանալով, եւ սկսելով խաթարված կարգուկանոնի հասատումը, Վաչագանը –ըստ պատմիչ Օրբելիի- «այնչափ ցնծալով ուրախանում էր ոչ այնքան թագավորության համար, որքան երկրի բոլոր նախարարների միաբանությամբ սուրբ եկեղեցու ուխտին հաղորդակից լինելով»:

Եւ ընդունվեց հայ իրականության մեջ առաջին Սահմանադրությունը, հաջողելով համազգային և համընդհանուր հարցերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով:

«Վաչագան» վեպից. Գարնանավերջն էր, մարերի ամսվա տասներեքը: Վաչագան արքայի Աղվեն ամառանոցը, որ Տրտուի ձախ ափից հեռու էր մի քանի հրասախ, դարձել էր բազմամարդ: Այդտեղ էին հավաքվել Արցախի, Ուտիքի և Կամբեճանի երեւելի այրերը: Արքան ժողովի էր հրավիրել նրանց: Մարդիկ նստել էին շրջանաձեւ սյունասրահ,տաղավարի բոլորեքյան շարված բազմոցների վրա: Հատակը կճասալ էր, առաստաղը՝ կամարած Տիգրանակերտի սպիտակավուն քարէ սալիքներով: Պատեր չուներ, շուրջը գարուն էր, արցախական թովիչ, զգլխիչ գարուն: Սյունասրահի արեւելյան կողմում բարձրադիր գահի վրա բազմել էր Վաչագան արքան: Երեևլիներն այնպէս էին շարվել սյունասրահի բոլորքը, որ իրենց հայացքի մեջ էին պահում արքային:

Աղվեն էին եկել եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ, իշխաններ, հրամանատար,նահապետներ, վանականներ, շինականներ, գիտուններ, իմաստասերներ:

«-Արքան մտադիր է այնպիսի կանոններ հաստատել, որոնց օգնությամբ կրթվի մեր կիսակիրթ հոգին, մեր միջից վերացնի անիշխանական նկրտումները եւ այն մոլորությունները, որոնց մեջ վայրենության ու բարբարոսության հետքեր կան: Մենք հավաքվել ենք մեր խորհորդներով օգնելու արքային»:

Նախապատրաստական փուլում, Վաչագանը դիմել էր հայոց աշխարհի նշանավոր մարդկանց, խորհուրդ հարցնում, ստանում իրեն հուզող հարցերի գրավոր պատասխաններ. Նամակագրության մի մասը պահպանվել է, սակայն ոչ ամբողջական տեսքով:

Երկրորդ փոլում «միաբան ձեվով հավաքված» սկսում է արդեն բազմամարդ ժողովը:

22 օրենքներից մի քանիսը՝ այստեղ.

Ա. Այն քահանաները, որոնք գյուղերում են լինում, տարեկան երկու անգամ երկրպագում են եպիսկոպոսին եւ հոգեվոր կարգ ու կանոն են սովորում նրանից ՝ ըստ Աստվածաշնչի եւ ինչպես կարգն է՝ տարվա մեջ եպիսկոպոսին ընծա պետք է տարվի:

Է. Եթե մի վանքի քահանաները շատ են, իսկ ժողովուրդը՝ քիչ, և մի այլ վանքի ժողովուրդն է շատ, բայց քահանաները քիչ են, շատ ժողովուրդ ունեցող վանքից ժողովրդի մի մասը վերցնում եւ հանձնում են այն վանքին, որի քահանաներն են շատ:

Ժ. Ոչ մի տղամարդ երրորդ պորտի ազգակցուհի կին չպետք է առնի եւ եղբոր կնոջ հետ չպետքէ ամուսնանա:

ԺԱ. Ով առանց պատճառի կնոջը բաց է թողնում ու առանց պսակի կին է առնում, ով անօրեն ու մարդասպան է եւ կամ կախարդահարցությամբ է զբաղվում, նրան կապելով պետք է թագավորի մոտ տանել ու չարաչար կերպով սպանել:

ԺԳ. Նրան, որ գեշ է ուտում, և նրան, որ քառասունքին միս է ուտում, կիրակի օրը աշխատում է ու եկեղեցի չի գնում, քահանան, ժողովրդի հետ միացած, պատժում է:

Ի. Ազնվականները առանց եպիսկոպոսի իրավունք չունեն քահանային հեռացնել կամ նշանակել՝ չնայած որ իրենց դաստակերտն է, եպիսկոպոսն էլ չպետք է առանց նրանց ազատի կամ նշանակի: Եթէ ազնվականից կամ ժողովրդից քահանային վտանգ է սպառնում, քահանան էլ իրավունք չունի հեռանալու առանց եպիսկոպոսի թույլտվության:

ԻԲ. Այս պայմանները թագավորի ներկայությամբ դրեցին եպիսկոպոսներ, քահանաներ, ազնվականներ: Թող մեր եպիսկոպոսների, քահանաների ու եկեղեցու կողմից օրհնվի թագավորը թագուհով, իր զավակով ու ամբողջ երկրով հանդերձ, թող օրհնվեն նաեւ այս Ժողովին մասնակցողները: Այս հրամանը մատանիներով կնքեցին արքայի հրամանատար Մուծիկը, պալատի վերակացու Միրհօրիկը, եւ տոհմապետեր Մարութը, Տիրազդը, Սպարակովը, Ղաման, Բակուրը, Ռատանը, Արշեսը, Գարդմանա տեր քաջ Վարդանը, Խուրսը, Գերմանոսանը, Խոսկենը, Փիրոգը, Աղվանքի բոլոր ազնվականները եւ գրության ավելի վավերական լինելու համար կնքվեց նաեւ Աղվանքի թագավոր Վաչագանի մատանիով:

Մասնագէտները շատ բարձր են գնահատում այդ սահմանադության դերն ու նշանակությունը, ոչ միայն միջնադարում, այլեւ հետագա շրջանում: Ե դարի ընդունված Սահմանադրության առանձնահատկությունը այն է, որ ոչ թե իմաստունի կամ հզօր իշխանավորի հեղինակած օրենքների ժողովածու է, այլ ժողովրդի բոլոր կարող ուժերի մասնակցությամբ ստեղծված, քննարկված եւ հավանության արժանացած հիմնավորապես նոր բնույթի փաստաթուղթ է. միայն այդ ճանապարհով կյանքի կոչված իրական փաստաթուղթն էր ի զորու ապահովել համերաշխություն:

Ռոսիթա Յուսեֆյան

 Նիւթի  աղբիւր ՝www.haydzayn.am

Սահմանադրության վերջնական տարբերակը կարդացեք այստեղ: