image

Սիրիահայ հոգևորականը Կանադայում համախմբում է սիրիահայերին

Սիրիահայ հոգևորականը Կանադայում համախմբում է սիրիահայերին

Կանադական noranor-ը ներկայացնում է Սիրիայի պատերազմի պատճառով Կանադա տեղափոխված սիրիահայ հոգևորականի պատմությունը, նշելով, որ երբ Սիրիայում հայերի թիվը զգալիորեն նվազեց, հայ եկեղեցու հոգևորականների աշխատանքը ևս կրճատվեց՝ ազդելով նաև նյութական վիճակի վրա: Միևնույն ժամանակ Կանադա տեղափոխված սիրիահայ գաղութը չուներ սիրիահայ հոգևորական, և Դամասկոսի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայարի քահանա Թանաշյանը սիրով համաձայնեց ծառայել նույն համայնքին, այս այնգամ՝ մեկ այլ գաղթօջախում:

 

Ինչո՞ւ Դամասկոսի հայկական եկեղեցու մի քանի քահանաներից հենց Տեր Հայարին որոշեց տեղափոխվել: Պատճառները մի քանիսն էին. առաջինն այն վտանգն էր, որի կողքով անցել էին նրա երկու զավակները, երկրորդը՝ այն, որ լինելով բնիկ հալեպցի՝ Դամասկոսում չուներ հարազատներ, իսկ երրորդն էլ նրա արտահայտած դիրքորոշումն էր Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ:

 

«Դամասկոսում այն մարդկանցից էի, որ հեռուստակայաններից խոսում էի մանավանդ Եղեռնի առնչությամբ, առաջիններից եղա, որ պահանջեցի Սիրիայի պետությունից, որ ընդունի Հայոց Ցեղասպանությունը, դրա համար սպառնալիքներ էի ստանում»,-պատմում է հոգևորականը:

 

Ոչ թե սպառնալիքներից ընկրկելով, այլ ստեղծված դրությունն իրատեսորեն գնահատելով՝ հասկացավ, որ իր ներկայությունն անհրաժեշտ է Կանադայում, հետևաբար տեղափոխվեց այնտեղ: «Ես որ եկա, առաջին հերթին Մոնրեալի Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ նշանակվեցի մեկ տարով, այսինքն՝ էջմիածնական եկեղեցու, իսկ այժմ որևէ  պաշտոն չունեմ՝ որպես հոգևոր հովիվ, բայց եկած օրիցս իմ հետաքրքրությունը, աշխատանքի մեծ մասը սիրիահայերի հետ է կապված, իսկ այժմ՝ առավել, որովհետև որևէ մեկ եկեղեցիի հովվությամբ չեմ զբաղվել, ավելի շատ առիթ է ընձեռնվել սիրիահայերով հետաքրքրվելու»,-ներկայացնում է Տեր Հայարի Թանաշյանը:

 

Բացի հոգևոր ծառայությունից, նա ակտիվորեն մասնակցում է Կանադայում սիրիահայ գաղութի կյանքին, ներդրում է ունեցել այնտեղ Սիրիահայերի միություն ստեղծելու աշխատանքներին, որի անհրաժեշտությունը մեծ է համարում: Նշում է. «Սիրիահայերի միություն հիմնեցինք, որովհետև, այո՛, սիրիահայերը գնում են բոլոր միությունները, բայց վերջին հաշվով այդ տեղերում  մնում են իբրեւ փոքրամասնություն:  Այս միությունը հիմնելով՝ մեր նպատակն այդ էր, որ, այո՛, թող սիրիահայերն իրենց ներդրումը բերեն զանազան միություններում, եկեղեցիներում, բայց միաժամանակ էլ ուզեցինք բոլորին մեկ միության մեջ հավաքել»:

 

Իսկ Կանադայի գաղութում, ըստ նրա, սիրիահայերն ամեն ինչով են տարբերվում՝ կենցաղով, սովորություններով, մտածելակերպով, ավանդույթներով: Լինելով մայր գաղութ՝ այն իր մեջ ամփոփում է ազգային արժեքների պահպանումը, սրանով է արժևորում հոգևորականը միության հիմնումը, իսկ այս երկրի գաղութի մասին նույն կարծիքը չունի:

 

Եթե շատ կանադահայերի համոզմամբ, Կանադայի հայ համայնքը միասնական է, համախմբված ու ազգային հիմքերին ամուր կառչած, ապա սիրիահայ հոգևորականը դրանում վստահ չէ, նա տեսնում է այստեղի հայության անտարբերությունը ազգայինի ու հատկապես եկեղեցու հանդեպ:


Սիրիահայերի մուտքն այս երկիր անհրաժեշտ խթան է հայությունը ամրապնդելու, կարծում է ու վստահեցնում, որ տեղացի հայերը ևս ուրախությամբ են ընդունում սիրիահայերին՝ վստահ լինելով, որ նրանք իրենց հետ ազգային արժեքներ են բերում. «Սիրիահայերի գալով այստեղի գաղութը շատ մեծ շահ ունեցավ, ոչ թե որպես սիրիահայ եմ խոսում, սիրիահայերի մեջ այդ ազգային ոգին, մոտեցումը ազգային հարցերի, եկեղեցու հանդեպ դեռեւս զորավոր է, իսկ մարդիկ այստեղ ուրախությամբ ընդունեցին սիրիահայերին՝ տեսնելով որ իրենց համար նոր ներուժ  է, մարդուժ  է»,-վստահեցնում է նա և հավելում, որ եթե ճիշտ ձևով օգտագործվի այդ ներուժը, մի քանի տասնամյակով կհետաձգվի հայերի ձուլումն այս երկրում:

 

 

...Ինքն իր առաքելությունն այս երկրում է պատկերացնում: Վերջին հաշվով Հայաստանից դուրս ամեն տեղ էլ Սփյուռք է, և Կանադայից վերադառնալ Հալեպ անիմաստ կլինի, լավագույն տարբերակը կլիներ բոլոր հայերին հայրենիքում համախմբված տեսնելը, նշում է նա, ինչն էլ, ինչպես ժամանակը ցույց տվեց, գոնե առայժմ անհնար եղավ:


 

(Հապավումներով. մանրամասները՝ noranor.ca-ում)