image
Հրատապ լուրեր:

Սպարտակ Ղարաբաղցյան. Անսուտ հեքիաթ

Սպարտակ  Ղարաբաղցյան. Անսուտ հեքիաթ

Հալեպի հի՛ն, նեղլիկ փողոցներով թափառելիս ակամայից դառնում ես հինավուրց զարմանահրաշ քաղաքի մի մասնիկը: Դարերի ոտնահետքերից մաշված սալաքարեր… փութկոտ քայլերով այստեղով անցել են վանականներ, աղոթատեղի շտապող հավատացյալներ, վաճառականներ, վաշխառուներ, գանձագողեր արհեստավորներ, պարզ ու շիտակ ուխտավորներ…

Նեղլիկ փողոցը արահետի է նման, ուր խորհրդավոր հազարամյա մի ձայն ականջիս թաքուն շշնջում է. «Այստեղ քո նախնյաց ոտնահետքերն էլ կան, դու այստեղ օտար չես…» Հետո հեքիաթասած մի Ալեհեր Ծերունի ինձ թևանցուկ արած հեքիաթ է պատմում, ԱՆՍՈՒՏ մի հեքիաթ… Իսկական հեքիաթները Անսուտ են իրոք… Սուտը ներկան է, ու մեր ամբողջ կյանքը իրականությունը ստից, կեղծիքից մաքրելու առաքելությունն է, մաքրվելու կռիվը…

… Հալեպի Համն ու Հոտը աղմուկն է, ժխորը հազարերանգ կանչերից ու ձայներից հյուսված արևելքի մեղեդին…

Գյուղացի վաճառականները այնքան ներդաշնակ են այս փողոցներին, որ թվում է, թե լուսաբացից առաջ նրանք դուրս են գալիս քաղաքի հինավուրց   պարիսպների ճեղքերից ու կեսօրին աննկատ անէանում, հալվում անհետանում, հաջորդ օրը՝ ծեգը-ծեգին կրկին հարության առնելու պայմանով…

…Լուսադեմին փողոցներում առաջինը աննկատ հայտնված ձկնավաճառի տասներկուամյա օգնականի զիլ ձայնն է. «…Ձո՛ւկ, ձո՛ւկ,.. Եփրատի թարմ ձո՛ւկ…» Սա մինչև կեսօր իր ապրանքը թե չվաճառի, Հալեպի տապն ու շոգը կփչացնի ամեն ինչ… Քիչ անց արևհար դեմքերով մրգավաճառներն են հայտնվում, հետո կաթ ու մածուն ծախող գյուղացիները… Որպես կանոն, այս էլ քանի՛ հազար տարի սրանք հետները իրենց ապագա փոխարինողներին են բերում՝ 10-12 տարեկան արու զավակներին ու այս տղեկների զիլ կանչերն են ազդարարում նրանց մուտքը քաղաք…

Նրանք մեկիկ-մեկիկ անգիր գիտեն իրենց հաճախորդներին.

Հրե՛ն, մրգավաճառներից մեկն արդեն թակում է դարպասի դռնակը: Այն կողմից ծանոթ հաճախորդի ձայնն է:

«Վաչե՛, դարպասը բաց, Աբու-Սայիդն է, ներս առ…

Երկու-երեք դարպաս այն կողմ կաթնավաճառ Աբու-Ասադի հաճախորդ՝   քիլիսցի Գևորգի տունն է, բայց արդեն քանի՛ օր է, Աբու-Ասադը չկա…

Քիլիսցի Գևորգի թոռը՝ Գևորգը ստիպված Կարոյի խանութից է կաթ ու մածունը բերում… Պապը մածնաբրդոշից 2-3 գդալ բերանը տանելուց հետո ափսեն մի կողմ հրելով ասել էր.

- Աս Աբու-Ասադի մածունը չէ…

-Ի՞նչ տարբերություն մեծ Հայրիկ, Կարոյի խանութի մածունն էլ նույնը չէ՞, նույն գյուղացի՞ն չի բերեր… Անպայման փողոցե՞ն պիտի առնեմ մածունդ,- նեղսրտել էր թոռը:

… Շաբաթ անց. Վերջապես թակեցին քիլիսցի Գևորգի դարպասը: Ամենաշատը թոռն էր ուրախացել, որ վերջապես Աբու-Ասադը եկավ: Բայց երբ բացել էր դուռը, Աբու-Ասադի փոխարեն 12 տարեկան մի արաբ գյուղացի էր կանգնել նրա առաջ.

-Աբու-Ասադի թոռն եմ, մածունը հայրս է ղրկել,-ասել էր գյուղացուն հատուկ շիտակությամբ ու մածնով դույլը մեկնել Գևորգին:

-Աբու-Ասադն ու՞ր է,-ձայնի մեջ տագնապ ու կասկածանքով հարցրել էր Գևորգը…

-Կյանքը ձեզ, մահացավ,-պատասխանել էր կաթնավաճառի թոռն ու հեռացել…

-Կեցի՛ր, դրամդ տամ,- ետևից կանչել էր Գևորգը…

-Հայրս ասաց դրամ չառնեմ…

…Տխրեցին, որ Աբու-Ասադը չկա, բայց և ուրախացան, որ վերջապես քիլիսցի Գևորգին կաթ ու մածուն բերողը կա այլևս…

Այս անգամ էլ, սակայն, նույնը կատարվեց. 2-3 գդալ համտեսելուց հետո քիլիսցի Գևորգը ասել էր.

-Աս Աբու-Ասադի մածունը չէ…

…Աբու-Ասադը քիլիսցի Գևորգի զրուցընկերն էր նաև… Զրույցի կարիք ուներ քիլիսցի Գևորգը, Աբու-Ասադի Անարատ կաթ ու մածնի պես՝ ԽՈՍՔԻ…