Բեյրութում Ներկայացվել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմը... Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Աննա Ալեքսանյան. Արևմտահայ կնոջ տառապանքները ցեղասպանության տարիներին, վերապրում...
Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը
Հովհաննես Թումանյանի  որբախնամ գործունեությունը
19 February 2019 , 10:04

Մեր պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Թումանյանի ազգային և որբախնամ գործունեությունը: 

Թումանյանի ազգային գործունեությունը ցեղասպանության տարիներին առանձնանում է հատկապես մշակույթի գործիչների պատմության մեջ: Այն բացառիկ է, եզակի, ընդ որում՝ ոչ միայն հայ մշակույթի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ. անձնազոհության այդպիսի օրինակներ, ինչպիսին  Թումանյանի օրինակն է,  քիչ են մեր պատմության մեջ: Նա, գիտակցաբար իր կյանքը վտանգի ենթարկելով, ընտրում է այդ ճանապարհը, ամբողջությամբ նվիրվելով իր ժողովրդի ճակատագրին, չբաժանվելու պայմանով՝ իր ողջ ընտանիքի հետ կիսելով հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Թումանյանն իր ամբողջ ներաշխարհով կապվում է հայոց պատմական ճակատագրին՝ այլևս երբեք չբաժանվելու պայմանով: 


1903 թվականին փակվեցին հայկական դպրոցները, գրավվեցին հայոց եկեղեցապատկան կալվածքները, ծայր առան զինված խռովություններ: Իսկ արդեն 1905-1907թթ. սկսվեցին ռուսական առաջին հեղափոխությունը և հայ թուրքական արյունալի ընդհարումները: 

Թումանյանն այստեղ անձամբ մասնակից եղավ հայ ժողովրդի ճակատագրի տնօրինման գործին: Նա իր ձեռքն առավ իրար դեմ կանգնած ժողովուրդներին հաշտեցնելու դերը, զենքը ձեռքին դուրս եկավ ասպարեզ: Ինչպես ինքն է գրում իր օրագրերում «…Ինչպես պիտի ծիծաղեիք, երբ ինձ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով»:

1908 թվականի դեկտեմբերին հակապետական գործունեության մեղադրանքով հայտնվեց Մետեխի բերդում՝ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ իր ազնիվ ու անձնվեր գործունեությունը ծավալելու պատճառաբանությամբ: Ինչպես ինքն է իր նամակներից մեկում գրել. «Էսպես է եղել աշխարհիս բանը՝ լավությունն էլ է պատժվում, էն էլ ավելի շատ…»: Ճակատագրի հեգնանքով նրա ծննդյան 40-ամյակը բանտում լրացավ. այդ առթիվ գրել է «Վայրէջք» բանաստեղծությունը: Բանտում է ստեղծվել հայ գրականության ամենածիծաղաշարժ ու ամենատխուր էջերից մեկը՝ «Մի կաթիլ մեղրը»:

Բանաստեղծի իմաստուն ու վեհ ըմբռնումները տարիներ հետո դառնալու էին նրա քառյակները: 

Բանտում յոթ ամիս անցկացնելուց հետո գրավով ազատվում է մինչև դատավարություն: Սակայն 1911-ի նոյեմբերին նորից ձերբակալվում է: 

1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, հայ ժողովրդին և նրա բանաստեղծ զավակին սպասում էին է՛լ ավելի զարհուրելի, դժոխային ժամանակներ: Թումանյանն այդ օրերին ընտանիքի, հարազատների և մտերիմների հետ գտնվում էր Ձաղվերում: Նա շուտափույթ վերադառնում է Թիֆլիս և անդամակցում 1914թ. հոկտեմբերին ստեղծված «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեի»-ին, որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 

1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Դեռ պատերազմից շատ առաջ «Հայոց հարցն ու իր լուծումը» հոդվածում Թումանյանը գրել էր. «Եվ նա՝ Թուրքիան, դիմել է, դիմում է և կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը ընդմիշտ փակելու համար»:

Ի խորին դժբախտության հայ ժողովրդի՝ այդպես էլ եղավ: Թումանյանն այն սակավաթիվ գործիչներից էր, որ եղավ ռազմաճակատում, իր ընկերների հետ շրջեց պատերազմի վայրերում: 

Ամենայն հայոց բանաստեղծը երկու անգամ եղավ Արևմտյան Հայաստանում՝ 1914 և 1915 թվականներին: Նա իր աչքերով տեսավ Ցեղասպանությունը: Այդ տարիների ընթացքում իր հետ պահում էր օրագրեր, որոնք այսօր էլ ցեղասպանության պատմությունը կերտելու համար վավերագրեր են, ընդ որում՝ շատ կարևոր: 

Օրագրերում վերակենդանանում է ծանր տարիների պատկերը. «Կոտորածներ, թուրքերի դաժանություների վկայություններ, հայ որբերի ճակատագրեր: Եվ այս ամենը արտացոլված հայրենիքի ապագայով մտահոգված հայ երիտասարդ, հայ մարդու խոհերում»:

Երբ 1915 թվականի ապրիլին Թիֆլիս է հասնում կոտորածի բոթը, Թումանյանն առաջինն է ձեռնամուխ լինում հայ գրողների ընկերությանը կոչ գրել, հրապարակել և աշխարհի տարբեր երկրների գրողներին իմաց տալ: Բռնկուն բնավորության տեր Թումանյանն այնքան է ոգևորվում, որ հրապարակում է մայիսի 10-ին «Վան ու Երևան» հոդվածը: Մեծ լավատեսն այնպես էր մտածում, թե ամեն ինչ վճռվեց հօգուտ հայության: 

Հուլիսի 23-ն էր. Թիֆլիսի ամառանոցում հյուծված, հիվանդ Թումանյանին է հասնում բոթը՝ Վանը հանձնվել է թշնամուն, և ծովածավալ գաղթականությունը բռնել է Իգդիրի և Էջմիածնի ճամփան: 

1915-ին է գրել «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Ո՞վ կարող էր 1915-ին ասել՝ իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք: Այդ տարիներին բոլորի շուրթերից անեծք էր հնչում, մռայլություն էր տիրում, իսկ Թումանյանն ասում էր՝ «Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով»:

Նա պետք է լիներ այնտեղ, որտեղ իր հայ ժողովուրդն էր: Հուլիսի 30-ին Թումանյանն իր դստեր հետ արդեն Էջմիածնում էր: 

Նա ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է 5 հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` մոտ 3000 երեխայի համար: Թումանյանն առանձնահատուկ հոգածությամբ էր վերաբերվում հիվանդ հայ որբերին: Իր օրագրում Թումանյանը վկայում է, որ որբանոցի երեխաներից հիվանդանում էին միայն նրանք, ովքեր իրենց այցելող ծնողներ ունեին, այսինքն՝ վարակը թափանցում էր դրսից։ «Երեխաների մեջ հիվանդության դեպքեր պատահում են գրեթե բացառապես նրանց մեջ, որոնք հեր ու մեր ունեն, գնում են գալիս.... որբերի մեջ ոչ մի հիվանդություն չկա»:

Թումանյանին, այդ օրերի մղձավանջն ավելի լավ ոչ ոք չէր կարող ներկայացնել ինչպես ինքն է պատմում իր «Էջմիածնում ծոցատետրային» գրառումները, «Հիշողություններ Էջմիածնի որբանոցից» հրապարակումը և Զապել Եսայանի գրած նամակը, Վահան Թոթովենցի, Նվարդ Եգիբյան Բաղդասարյանի, Նվարդ Թումանյանի հուշերը: «Էջմիածինն այն ժամանակ մահաստան էր: Որևէ մշակութային գործիչ այդտեղով չէր անցնում: Հանճարեղ Սարյանը, որ դրամական օգնություն էր Էջմիածին հասցրել, մի քանի րոպե այնտեղ գտնվելով՝ ուշագնաց է լինում»:

Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Թումանյանի գրառումներից. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) հայրիկ, ես որբ եմ, նա հեր ունեմ, նա մեր» : «…Որ ասում էին նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում. – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»:

 

 

 

 

Շատ ուշագրավ են Նվարդ Թումանյանի հուշերը. «Օգոստոսի 19-ի գիշերն էր: Արարատյան դաշտի անմոռանալի ծանր գիշերը… Հայրիկս սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականությունը շենքերում պատսպարելու, վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. – Դուք գիտեք , որ ես Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ… Թումանյանը պատասխանում է.- Գիտեք , որ ես էլ Ամենայն Հայոց Բանաստեղծն եմ»: 

Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը: Եվ Ամենայն Հայոց բանաստեղծն է, որ ուներ իր ժողովրդին հոգեհանգիստ կարդալու բարոյական մեծ իրավունքը. 

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման, 
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց, 
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ: 


Եվ իր վերջին հանգիստը կարդալու իր ազգի անբախտ զոհերին

- Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա... 
Էջմիածնում անցկացրած բանաստեղծի օրերը տառապալից են եղել: 

Լեոն գրել է. «Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ է գործում, բարեբախտաբար չի գժվում»: 

Իսկ Զապել Եսայանի գրված նամակում ասվում է՝ չի գժվում, բայց ահա թե ինչ օրն է ընկնում. «… մի ծանր թախիծ ճնշում է է սիրտս շարունակ: Շատ բան է խորտակվել ինձ համար աշխարհում, և աշխարհքը շատ ցավերով է լցված արդեն: Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող: Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս՝ սպանված եղբորս դիակի վրա, և մյուս սպանված եղբորս էլ թաքցրեցինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան-իմ մորը»:

Թումանյանը երախտագիտությամբ է մտաբերում մղձավանջային օրերին, անսահման անձնվիրությամբ որբախնամ գործին նվիրված հայ կանանց:  «Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից՝ ու անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները…»:

Այդ պահապան հրեշտակների թվում էր նաև Թումանյանի դուստրը` Նվարդը, որ արհամարհելով ամեն մի դժվարություն, անձնվիրաբար ծառայում էր իր ժողովրդի փրկության գործին: Եղբորը` Արտիկին, գրած նամակից. «Հայրիկն ու ես պատրաստվում ենք, հիմա գնալու ենք Երևան: Որբանոցի երեխաներից հարյուր քսանհինգ հոգի պիտի փոխադրել Երևան, քառասուներեք ծծկեր երեխա կա, պահող չկա: Գաղթականներն արդեն ցրվում են. որբերը նորից շատացել են… Ճեմարանը հիվանդանոց են դարձրել: Հայրիկը շատ գոհ է… հոգնել է, բայց գործը կիսատ թողնել չի կարող»:

1915 թվականի գարնանը Հովհաննես Թումանյանը ձեռնամուխ է լինում նաև մանկապատանեկան հայրենագիտական խաղեր ստեղծելուն: Այդ մասին բանաստեղծը գրում է նամակներից մեկում. «…Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան` թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների, ես էլ էս բաներով եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտան, վնաս իսկի հո չեն տալ»: 

Այսինքն բանաստեղծը ցանկանում էր, որ խաղերի միջոցով երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը. «Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»: Բանաստեղծի զավակները միմյանց չեն զիջել իրենց նվիրվածությամբ ու ճակատագրի մտահոգությամբ: Երբ 1917թ. դեկտեմբերին, ռուսները հեռանում էին ռազմաճակատից՝ հայերին թողնելով բախտի քմահաճույքին, Անդրանիկը զինվորագրելու կոչ է անում՝ յուրաքանչյուր հայ ընտանիքին զինվոր տալ հայրենիքին ծառայելու համար: Անդրանիկի կոչին առաջին արձագանքողներից մեկը եղավ հենց Թումանյանը: 

Թումանյանն ասում է. «Չորս որդի ունեմ, չորսն էլ քեզ զինվոր, չորս դուստր ունեմ, չորսն էլ քեզ գթության քույր բանակում»: Անդրանիկին ուղղված Թումանյանի նամակում ասվում է.. «Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»:

 

 

Էջմիածին, 1915 թ․ 

 


 Ցեղասպանությունից փրկված որբերը, Էջմիածին, 1915 թ․ 

 



Մեծ է եղել բանաստեղծի դերը մի շարք հասարակական կազմակերպությունների գործում: 1917-1918թթ. հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը, այնուհետև 1918 թվականի նոյեմբերի 21-ին, Թիֆլիսում գործող մի շարք հայրենակցական միությունների նախաձեռնության և նախապատրաստական որոշակի աշխատանքների արդյունքում, ստեղծվում է «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով», որի նախագահ է ընտրվում Հովհ. Թումանյանը: Նրա գլխավորությամբ հանձնաժողովը կարճ ժամանակաընթացքում կատարում է հերոսական աշխատանք. կողոպտված և անօթևան հազարավոր հայերից հավաքում, խմբավորում, իրավական տեսքի է բերում հսկայածավալ փաստական նյութ և դրանք տրամադրում Փարիզում հրավիրվելիք Խաղաղության կոնֆերանսի պատվիրակությանը: 

1923 թվականի մարտի 23-ին, երբ եկել էր ճակատագրական պահը՝ ասել է զավակներին. «Ղոչաղ կացեք…»: Սա եղավ բանաստեղծի արտաբերած վերջին խոսքը: 

Թումանյանն ապրեց ոչ այնպես, ինչպես կուզենար, այլ այնպես, ինչպես թելադրում էր իր ժողովրդի ճակատագիրը, արել է ամեն ինչ, ինչ կարող էր՝ առանց իր կարողությունների սահմանն իմանալու: 



Քրիստինե Նաջարյան

 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture