image
Հրատապ լուրեր:

«Նոր զենքեր են օգտագործվելու, որոնք լինելու են տվյալները, ոչ թե՝ օդանավերն ու ռազմանավերը»

«Նոր զենքեր են օգտագործվելու, որոնք լինելու են  տվյալները, ոչ թե՝  օդանավերն ու ռազմանավերը»

«Արեւելք»-ի հարցազրույցը՝  լիբանանահայ բժիշկ, հրապարակախոս  Րաֆֆի Փոլադյանի հետ. 

 

-Կորոնավիրուսի տարածման այս օրերին հաճախ է շրջանառվում «Կենսաբանական կամ մանրէաբանական պատերազմ» արտահայտությունը, կորոնավիրուսը ոմանք դիտարկում են իբրև կենսաբանական զենք: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս դիտարկումը:   

 

-Հնարավոր է, որ այն ինչ տեղի է ունենում՝ մանրէաբանական պատերազմ է, հնարավոր է նաև այդպես չէ,  բայց որպես փաստերի արձանագրում ասեմ, որ  մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը Պետդեպարտամենտ կանչվեց այն հայտարարությունից հետո, թե իբր ԿՀՎ-ի  գործակալները  Ուհան էին գործուղվել և վիրուսն այնտեղ բաց թողել՝ նպատակ ունենալով Չինաստանը ծնկի բերել: Չինական կառավարությունը դեսպանի հարցաքննությանը որևէ արձագանք չունեցավ, իսկ դեսպանն էլ ձեռքերը թափահարելով նորից վերադարձավ դեսպանատուն:

Անդրադառնանք, որ մինչև այս տարվա փետրվարի 24-ը Չինաստանում նոր կորոնավիրուսի պատճառով տագնապալի վիճակ էր ստեղծվել՝ թե՛ վարակվածների, թե՛ կորոնավիրուսից մահացությունների առումով:  Իսկ փետրվարի 27-ից սկսած ամբողջ աշխարհը գրանցեց Չինաստանի   ունեցած  թվերից    շատ ավելի  բարձր թվեր,  մարտ 10-ին էլ Չինաստանի նախագահ  Սի Ծինփինը հայտարարեց, որ կորոնավիրուսն արդեն ավարտված է Հուբեյի նահանգում, որ նկատվում էր վիրուսի ծննդավայրը: Արձանագրենք, որ  հենց նույն օրը՝ մարտի 10-ին էր  Չինաստանի դեսպանը նշված հայտարարությունը կատարել:   

Այսօր Չինաստանը հաղթել է այս ահավոր, առանց զենքի, առանց ռումբերի, բայց երկիրը փլուզող պատերազն ու առաջ  անցել:  Ինչպե՞ս. նախ նկատենք, որ Չինաստանն ունի կենտրոնացված կառավարական համակարգ, իսկ պետությունը ղեկավարվում է Կոմունիստական կուսակցության կողմից: Երկրորդ, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, մոտ 60 միլիոն մարդու տնային կալանքի տակ պահեցին, և այդ մարդիկ առանց բողոքելու ենթարկվեցին: Երրորդ, 10 օր ռեկորդային ժամանակում չինացիները կարողացան հիվանդանոցներ կառուցել, որ խելքին մոտ բան չէ:   Ի հայտ  եկավ, որ Չինաստանի զարգացած տեխնոլոգիաներն ընդդեմ կորոնավիրուսի հաղթանակ տարան: Պարզվեց, որ Չինաստանն ունի բժշկական ռոբոտներ, առաքում կատարող ռոբոտներ, սանիտարական ռոբոտներ, որոնք տներն ու ճանապարհներ են  մաքրում, ախտահանում, շրջիկ ռոբոտներ, որոնք ոստիկանների կողքին հսկիչ գործառույթ  են իրականացնում, ունի արդիական սարքերով զինված ոստիկանական հատուկ ջոկատ, որ կարող է  100 մետր հեռավորությունից մարդկանց ջերմությունը չափել, արտակարգ վիճակներում կարևոր գործեր կատարող անօդաչու թռչող սարքեր, և այս ամբողջը գործի դրվեց ընդդեմ կորոնավիրուսի:  

 

Այսօր Չինաստանում գոյություն  ունեն 300 միլիոն  CC TV-ներ (Closed-circuit television), որոնք  դեմքը ճանաչելու,  մարդու զգացական վիճակը կարդալու հնարավորություն ունեն, և այդպիսով կարող են իմանալ, թե ո՞վ է դիմացինը, կարող են անմիջապես մտնել նրա առցանց անձնագիրը, կազմել առողջապահական   ֆայլը, ինչպես նաև աշխատանքի, այցելած վայրերի, շփման շրջանակի ամբողջ տեղեկատվական շղթան ցույց տալ: Բոլորն ունեն իրենց QR կոդը (Արագ արձագանքման կոդը) ու այդ կոդի հիման վրա պետությունը կորոնավիրուսի համար հատուկ գույներ է ընտրել՝ կարմիր, կանաչ և  դեղին: Ում մոտ  «իրավիճակը»  կանաչ է, կարող է ազատ տեղաշարժվել, դեղինը  կասկածի ենթակա է, որոշ տեղեր չի կարող մուտք գործել,  իսկ կարմիրը ոչ մի տեղ չի կարող գնալ,  անմիջապես արգելափակվում և սկսում է բուժվել:

 

-Մինչ կորոնավիրուսը  վնասներ է հասցնում առողջապահական, սոցիալական, տնտեսական ոլորտներին, մյուս կողմից քաղաքական պայքարի նուր փուլեր են ուրվագծվում:  Ո՞ւր է գնում այս ընթացքը, ըստ Ձեզ:


-Հիմա բոլորիս համար պարզ է, որ առողջապահական ոլորտը  բոլոր երկրներում վատթարացել  է, որոշ երկրներում նույնիսկ կարելի է ասել՝ մաշվել է: Նախքան սոցիալ-տնտեսական վիճակին անդրադառնալը, ասեմ, որ ըստ դավադրական տեսության (conspiracy theory), նշվում է, որ կորոնավիրուսն աշխարհի բնակչության 10-ից 35 տոկոսը նվազեցնելու է, և այդ մահացողների մեջ որոշ երկրներում տեսնում ենք, որ և՛ երիտասարդներ կան և ՛ տարեցներ: Տարեցների մեծամասնությունը գտնվում է Եվրոպայում, հատկապես՝ Իտալիայում:  Կորոնավիրուսից հետո առաջին երևույթը, իմ կարծիքով, որ տեսնելու ենք, տարեցների քչանալն է լինելու կամ՝ երկարակեցություն երևույթի չքանալը:  

Այլ երևույթներ նույնպես ի հայտ են գալու ետկորոնավիրուսային փուլի ժամանակ:  Մենք տեսնում ենք, որ նավթի գինն ահավոր անկում է ապրում, բոլոր սակարաններն  անկման մէջ են,  ԱՄՆ-ը փակեց  իր սակարանները, բորսային ապրանքների  գները սկսեցին ընկնել, իսկ պարենային ապրանքների գները սկսեցին ահավոր աճել:  

Այստեղ կարճ ուզում եմ անդրադառնալ, թե  ցանկացած սոցիալ-տնտեսական քաոսից հետո ի՛նչ է տեղի ունենում:

Մենք գիտենք, որ դրամատիրական (կապիտալիստական) համակարգը հիմնված է երեք սյուների վրա՝ դրամարկու (investor), դրամատուն (bank) եւ փոխառնող (loaner): Դրամարկուները դրամագլուխների  հսկաներն են, որոնք իրենց դրամները դրել են բանկերում,  վերջիններս, իրենց հերթին, այդ դրամը օգտագործելով, տալիս են վարկառուներին, այսինքն, նրանց,  որոնք աշխատում են, պարտքով դրամ են վերցնում և իրենց գործունեությամբ երկրները զարգացնում ու առաջ են գնում:  Ետկորոնային  փուլում այս սյուները տատանվելու են, ինչի հիմնական տուժողը լինելու են վարկառուները, որոնք ժողովուրդների մեծամասնությունն են:  Մինչ դրամարկուներն  իրենց դրամները պիտի ուզեն բանկերից և  բանկերը  նոր դրամանիշ տպելով իրենց հարցերը պիտի լուծեն, վարկառուները կանգնելու են խնդրի առջև: Պարզ չէ, թե նրանք  ինչպե՞ս պիտի լուծեն իրենց խնդիրները:

 

-ԱՄՆ ղեկավարությունը որոշ ժամանակ առաջ վարակի տարածման վերաբերյալ հայտարարության մեջ դրական շեշտադրումներ կատարեց, բայց վերջին օրերին  իրավիճակն այնտեղ օրհասական է: Ի՞նչ է կատարվում «պատերազմի» ԱՄՆ-ի ճակատում:   

 

-Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի տարածումից անմիջապես հետո արված հայտարարությանը, կարող եմ ասել, որ նրա խոսքում  որոշ լավատեսություն  կար: Թրամփն ասում էր, որ  վարակը    շատ հավանաբար  ավարտվելու է մինչև  այս տարվա հունիս ամիսը, և ԱՄՆ-ը պատրաստ է ձեռք մեկնել  Չինաստանին և Իրանին:  Սակայն  ավելի  ուշ  Թրամփը  բոլորովին  այլ հայտարարություն արեց՝  փակելով սահմանները՝ բոլոր երկրների հետ,  ավելին, ասաց, որ այս համաճարակը կարող է տևել մինչև  2021 թուական… Ի՞նչ պատահեց, որ  աշխարհի գերիշխան համարվող պետության նախագահի   հայտարարություններում  ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ այդքան հակասական   մոտեցումներ  ի հայտ եկան:   Այսօր մենք գիտենք, որ Չինաստանի համակարգչային ծրագրային ապահովումը, (Software),  Մեծ տվյալները (Big Data) դեմ հանդիման եկան   IOS-ին  և Microsoft-ին և   գերազանցեցին նրանց,  5G-ը շահեց պատերազմն ընդդեմ 4G-ի,   Չինաստանում մարդիկ այսօր արդեն սկսել են  6G գործածել և կատարելագործել: Այս ամենից հետո պատերազմն արդեն լինելու է  ուղեղների և ՏՏ-ի պատերազմ, նոր զենքեր են օգտագործվելու, որոնք լինելու են տվյալները, ոչ թե՝ օդանավերն ու ռազմանավերը: 

Բնականաբար, երբ որևէ երկիր  սնանկանա, ոտքի կանգնելու համար կնայի, թե ի՛նչ ունի այս առումով: Այս առումով Չինաստանը հաղթողն է, այն  ունի և՛ մարդուժ, և՛ տեխնոլոգիա և՛ իր վրայից արդեն թոթափել է կորոնավիրուսը: Երկրորդ հաղթող պետությունը, իմ կարծիքով, լինելու է   Ռուսաստանը, քանի որ նա էլ ունի  կենտրոնացած կառավարություն, այնտեղ   դեռևս առկա են կոմունիստական ռեժիմի հետքերը, հակառակ երկրի ժողովրդավար դեմքին: Երկիրն ինքն անծայրածիր է, շատ հարստություններ ունի, և չմոռանանք,  որ Ռուսաստանի նախագահ Պուտինը երկու տարի է՝ դոլարից ձերբազատվելու քաղաքականությամբ է  զբաղվում,  իսկ երբ նոր դրամական համակարգ պիտի ստեղծես, դրամ պիտի տպես, դիմացը ոսկի պետք է  ունենաս, և Ռուսաստանը ունի՛ այդ ոսկին:  Այս ամեն ինչը կարող է դանդաղ կերպով իրականացվել՝ հասնելով մինչև Բրիկսի երկրներ: Այս դեպքում պիտի կենտրոնանամ Հնդկաստանի վրա, որն իր հերթին ունի անսահմանափակ մարդուժ և լավ առաջ գնացող  տնտեսություն և Բրիկսի միջոցով նա ձեռք է մեկնելու  Ռուսաստանին ու Չինաստանին:  Այս եռյակը, արդեն ավելի զորացած, պիտի ապավինի բորսային ապրանքով հարուստ մի երկրի, որ  Հարավային Աֆրիկան է՝ հանքերի և ոսկիների երկիրը: Հինգերորդ դերակատարը,  որ չնայած քաղաքականապես որոշ չափով տկարացած է և շուտով  ետ պիտի գա Բրիկսի գիրկը, Բրազիլիան է լինելու:  Այս նոր ուժերը որոնք ձևավորվելու են,  մարդկության պատմության մեջ նոր էջ կամ դրամական նոր կարգավիճակ են ստեղծելու և ԱՄՆ-ին էլ ստիպելու են իրենց թելադրած խաղի կանոններով շարժվել:

 

-Ի՞նչ վնասներ է կրելու Մերձավոր Արեւելքը՝ կորոնավիրուսից հետ:   

 

-Մենք շատ լավ գիտենք, որ Միջին Արեւելքի և  Ծոցի երկրները հարուստ երկրներ են, բայցևայնպես, այս մեկ շաբաթվա ընթացքում նավթի գներն ահավոր անկում ապրեցին: Ուրեմն, ետկորոնային շրջանի հաջորդ երևույթը, որ ի հայտ պիտի գա, այն է լինելու, որ նավթն այդքան էլ անհրաժեշտ ապրանք չի համարվելու: Մենք Միջին Արևելքի, հատկապես Ծոցի երկրներում տեսնելու ենք հեղաշրջումներ, այնտեղի այն վերնախավը որ մինչև հիմա իշխում էր ժողովրդների վրա, կարող է վերանալ:  Նավթային պետություններն անկում են ապրելու, և առաջ են  գալու նոր պետություններ:  Լիբանանի կառավարությունը եթե սթափվի և կարողանա իր ունեցած հարցերը լուծել,   շատ մեծ ապագա կարող է ունենալ, քանի որ գազի իրենց պաշարները կարող են շատ դրական կերպով օգտագործել:  Ունենք նաև Իսրայելը, Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան: Չմոռանանք, որ Սիրիայում և Լիբիայում պատերազմները կարծես արդեն իրենց ավարտին են հասել:

 

-Հայաստանում նույնպես սահմանվել է արտակարգ դրություն, որի հիմքով սահմանափակումներ են կատարվել: Բայց մենք տեսնում ենք, որ վարակակիրների թիվն ավելանում է, եթե դեռ ավելանա, Ձեր կարծիքով, ի՞նչ  միջոցների պիտի դիմեն ՀՀ իշխանությունները:


-Հայաստանի վարչապետի կատարած քայլերին հետևելով, որպես բժիշկ, կարող եմ ասել, որ առաջին օրվանից շատ ճիշտ շարժվեց՝ գործի դնելով կենտրոնացում, որոշ բնակավայրերի շրջափակում, ուրվագծում և այլն: Նրանք չինական փորձառությամբ զինված սկսեցին հետևել իրավիճակին, 14-օրյա ինքնամեկուսացում պահանջել և այլն: Ուրիշ մի բան, որ իսկապես գնահատելի է՝  ամբողջ հայ ազգն ու իր բարերարները փութացին Հայաստանին օգնելու, այն ինչ որ մենք Լիբանանում չտեսանք,  մանավանդ՝  իշխանության ներկայացուցիչներից:

Կորոնավիրուսի դեմ պայքարի առումով ես լավատես եմ Հայաստանի երեսակով, նաև լավատես եմ Բրիկսի երկրների առումով:  Սակայն ասեմ, որ վարակն իր պատերազմը դեռ պիտի շարունակի  և թե  դեռ ինչքան մարդկային կյանքեր պիտի տանի իր ճանապարհին,  կտեսնենք հատկապես «ծեր» Եվրոպայում: Այսօր արդեն Շենգենյան գոտի գոյություն չունի, ամեն երկիր փակեց իր սահմանը, Եվրոպան  Բրեքսիթով չվերջացավ,  Եվրոքսիթով վերջացավ: