image
Հրատապ լուրեր:

Չինական երազը և Հայաստանը

Չինական երազը և Հայաստանը

Չինաստանը 70-ականներից իր առջև  զարգացման պլան է դրել՝ դառնալու աշխարհի առաջատար երկիրը եւ նախատեսել է, որ  այդ պլանն իրականացվելու է մինչև 2049 թվականը: Այժմ Չինաստանը  աշխարհի երկրորդ տնտեսապես հզոր երկիրն է: Այդ պատճառով է, որ այն առաջ  քաշեց նոր մետաքսի ճանապարհի գաղափարը, որի նպատակն է աշխարհին տալ որակյալ ապրանք՝ մատչելի գներով, իսկ Եվրոպայից ներմուծել նոր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ միջոցներ՝ ավելի նորարարական դարձնելու իր տնտեսությունը:

Հին մետաքսի ճանապարհին ուշագրավ է եղել հայերի դերակատարությունն ու Վանի դիրքը, որպես կապող օղակ Արևելքի ու Արևմուտքի միջև կայացած մեծ առևտրի շրջանակներում: Ավելին՝ հայ առևտրականները զգալի դերակատարություն են ունեցել Հայաստանից արևելք գտնվող երկրներում, մասնավորապես, Հնդկաստան, Պարսկաստան , Մերձավոր Արևելք ուղղություններում: Այդ ժամանակաշրջաններում օտարների մուտքն արգելված է եղել Չինաստան, քանի որ օտարներին նրանք համարել են բարբարոսներ, սակայն հայ առևտրականները հասել են Տիբեթ, և միայն հայ առևտրականներին է թույլատրվել մուտք գործել Չինաստան: Այս հզոր առևտրի գաղափարն այն էր, որ Չինաստանը տարածի իր բարձր որակի ապրանքները, ինչպիսիք են՝ խեցեղենը, վառոդը, թուղթը, մետաքսը և այլն: Սակայն սխալ կինի, եթե այս երևույթը գնահատենք միայն զուտ որպես  տնտեսական: Այս ճանապարհորդությունների ընթացքում մարդկային շփումն ու մշակութային փոխանակումները,  իմ կարծիքով, ավելի արդյունավետ էին, քան՝ զուտ նյութական շահը: Գաղտնիք չէ, որ այդ ընթացքում աշխարհում զարգացում ապրեց նկարչությունը, գրականությունը, փիլիսոփայությունն ու մանրանկարչությունը: Օրինակ՝ չինական հանդերձանքը ծանոթ և հարգի է եղել միջնադարյան Հայաստանում: Հայերը Չինաստանի Հարբին քաղաքում 20-րդ դարի սկզբին լուրջ ներկայություն են ունեցել. նրանք հիմնականում զբաղվել են առևտրով և գինու արտադրությամբ: Համայնքը եղել է բավականին կազմակերպված, գործել է հայկական եկեղեցի: «Թաթոս» անունով ռեստորանը հիմնադրել է մի  հայ խոհարար, այն կրել է նրա անունը և քաղաքի սրտում գործում է մինչ օրս և համարվում է զբոսաշրջիկների համար ամենասիրելի վայրերից մեկը: Այժմ Գուանչժոու  քաղաքում կա աշխույժ հայ համայնք, որի համախմբված գործունեությունը խոստումնալից է հեռավոր Արևելքում: Հայաստանի և Չինաստանի ժողովուրդները մինչ օրս շարունակում են խրախուսել ազգային հիմքի վրա ստեղծված սոցիալ-քաղաքական համակարգը, որտեղ ազգային արժեքներն ու ընտանեկան ավանդույթները հիմնական դեր են կատարում թե՛ առօրյա, թե՛ քաղաքական կյանքում: Այս հիմքն է պատճառը, որ հայերն ու չինացիներն իրենց շփումներում կարողանում են միմյանց հեշտ հասկանալ:

Հայաստան-Չինաստան արդի հարաբերությունները պաշտոնապես սկսել են 1991 թվականից և այժմ զարգացում են ապրում մասնավորապես տնտեսության, ռազմական, կրթական և գիտական ոլորտներում: Երկու երկրների միջև կնքված պայմանագրերն ու համաձայնագրերը վերաբերում են տարբեր ոլորտների, հեշտացվել են ներմուծման և արտահանման պայմանները: Այժմ Չինաստանը  Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է՝ Ռուսաստանից հետո: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի վերընտրված նախագահ Սի Ջինփինգին շնորհավորելիս կարևորել է հայ-չինական բարեկամական ավանդական հարաբերությունների հետևողական ամրապնդումը, արդյունավետ համագործակցումը միջազգային ասպարեզում, որը բխում է երկու բարեկամ ժողովուրդների կենսական շահերից:

 

Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություններում և գնահատում երկու եղղբայրական ժողովրդների դերը ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայում: Այս հոդվածի նպատակը ոչ թե փաստերի ու թվերի արձանագրումն է, այլ իմ անձնական գնահատականն այն իրողություններին, որոնք առնչվում են մեզ և տարածաշրջանային առումով մեր առջև ծառացած մարտահրավերներին:

Հայաստանն իր դիրքով կարևոր երկիր է հանդիսանում  որպես Արևելքը Արևմուտքին կապող օղակ՝ տարանցիկ երկիր (Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա): Զուտ տնտեսական առումով Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ոչ թե միայն ներմուծելու, այլ արտահանելու ներքին ապրանքները թե՛ Արևելք և թե՛ Արևմուտք: Չինական ծրագիրը չի սահմանափակվելու միայն տարանցիկ առևտրով, այլ չինացիները ներդրումներ են կատարելու այն երկրներում, որոնք ընդգրկված են վերոնշյալ ծրագրում: Օրինակ, վերջերս չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում հանքային ջրի գործարան հիմնելու: Չինացիների տեսանկյունից երկրի կարևոր դիրքից բացի անհրաժեշտ է, որ այդ երկիրը լինի վստահելի գործընկեր և միևնույն ժամանակ լինի խաղաղ ու անվտանգ, այդ իսկ պատճառով Չինաստանը նոր դեսպանություն է կառուցում Հայաստանում, որը լինելու է ամենամեծը տարածաշրջանում: Չինաստանում էլ բացվել է առևտրաարդյունաբերության պալատի ներկայացուցչություն Նինգբո քաղաքում: Երևանում հիմնվել է Շանհանյան ակումբ որի նպատակն է զարգացնելու հայ և չինացի առևտրականների կապերը:

Քաղաքական առումով, որը համարում եմ ավելի կարևոր, նկատի ունենալով լարված իրավիճակը թե՛ մեր տարածաշրջանում և թե՛ առհասարակ աշխարհում, Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ վերանայման ենթարկի արտաքին քաղաքականությունը: Խոսքը մասնավորապես կոմպլեմենտարիզմի մասին է:  Հայաստանն անկախությունից ի վեր փայլուն կերպով կարողացել է պահել հավասարակշռությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ՝ ունենալով լավ հարաբերություններ, որը հայտնի է որպես բալանսավորման քաղաքականություն, սակայն ՌԴ-ի հզորացմամբ ԱՄՆ-ն աստիճանաբար սկսեց վարել հակադրվելու քաղաքականություն և չի հանդուրժում երկբևեռ աշխարհի  ձևավորումը, որի գոյությունը հստակ դրվեց Սիրիայի պատերազմով: Այդ արյունալի պատերազմում ՌԴ-ն ու Չինաստանը հանդես են գալիս նույն բլոկում, որը սատարում է երրորդ աշխարհի արաբական երկրներին, որոնք իրենց գոյությունն են պաշտպանումվ ԱՄՆ դաշնակից Իսրայելի սադրանքներից: Չինաստանը Սիրիայի հարցում անվտանգության խորհրդում վետո է դրել բոլոր օրենքների դեմ, որոնք ուղղված են եղել Սիրայի վարչակարգին զենքի ուժով հեռացնելու վրա: Նա կողմ է խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը: Ի դեպ, նա նույն վերաբերմունքն ունի Արցախյան հիմնախնդրում. այսինքն Չինաստանը կողմ է Արցախյան հիմնահարցի լուծմանը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով:

Վերադառնալով ԱՄՆ-ի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ոչ միայն առճակատման է գնում Ռուսաստանի դեմ, նա  վերջերս հարաբերությունները նաեւ Չինաստանի հետ է վատթարացրել, նույնպես՝ չինական ապրանքների վրա խոշոր հարկ դնելով, իսկ Չինաստանն էլ շատ արագ հակադարձեց՝ բարձրացնելով ԱՄՆ-ից եկող ապրանքների հարկը: Սա զուտ տնտեսական խնդիր չէ, այլ քաղաքական առճակատման սկիզբ է, և Չինաստանի պատասխանը ուղղված Թրամփի որոշմանը, հասկացնել է տալիս, որ Չինաստանը կարող է պատասխան տալ յուրաքանչյուր ամերիկայն ճնշման: Ավելին՝ Ռուսաստանն ու Չինաստանն արդեն պայմանավորվել են  իրենց միջև առևտուրը իրականացնել ազգային դրամներով, այսինքն նրանց առևտրի շրջանակներից դուրս է գալու ԱՄՆ դրամի  շրջանառությունը: Վերադառնալով մեր տարածաշրջան, բոլորի հետ լավ հարաբերություն ունենալը ես անբավարար եմ համարում այս իրավիճակում՝ վերը նշված իրավիճակից ելնելով: Սակայն նույնպես սխալ և վտանգավոր կլինի կտրուկ կերպով գերհոզներից մեկի կողմը թեքվելը՝ նկատի ունենալով Արցախյան հիմնահարցը, սակայն Չինաստանի հետ հարաբերությունները զարացնելը մեզ առիթ է տալու, որ զոհ չդառնանք ԱՄՆ- Ռուսաստան գզվռտոցի արդյունքում, այլ անհրաժեշտ է նրանց հետ լավ հարաբերությունները շարունակելով ամրացնել Ասիայի գիգանտի հետ մեր կապերը՝ հավի առնելով նրա առաջ քաշած «մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի իրականացման համար առաջնային է Իրանի հետ լավ հարաբերությունների շարունակականությունը, հյուսիս-հարավ ճանապարհի և Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ հիմնականում այս ճանապարհներով է տեղի ունենալու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը:

Ինչպես վերևում նշեցինք՝ Չինաստանն ու Ռուսաստանը հայտնվել են նույն բլոկում՝ միասնաբար դիմակայելու ԱՄՆ կողմից ստեղծված սպառնալիքներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ Չինաստանը ինքնուրույն խաղացող է  և, ինչպես տեսնում ենք, մշակել է ապագա աշխարհի հետ առնչվելու կանոնները: Չինացի դիվանագետները բազմիցս նշել են հայ և չինացի ժողովուրդների բարեկամակակն դարերից եկող պատմությունը: Մեր տարածաշրջանում այժմ Չինաստանի համար մեծագույն խնդիր է Թուրքիային չեզոքացնելը, որովհետև Թուրքիան ապաստան է տվել ավելի քան 250 հազար ույղուր թուրքերի, որոնք Չինաստանի դեմ ցույցերով հանդես են գալիս Թուրքիայի փողոցներում և վատթարացնում Չինաստան-Թուրքիա հարաբերությունները (ույղուրները թուրքական ծագում ունեցող Սինջիանգ նահանգում են ապրում): Ներկայիս Թուրքիան մեծ ցանկություն է հայտնում աշխարհի իսլամական ժողովուրդների պաշտպանը լինելու. ըստ սրիական պաշտոնական տվյալների 500 ույղուր կռվում են իսլամիստների կազմում ընդդեմ սիրիական բանակի, որոնք, ենթադրվում է, մարզվել են Թուրքիայում: Նրանց հետդարձը Չինաստան մեծ վտանգ է սպառնում անվտանգության առումով: Այդ իսկ պատճառով Չինաստանը ցանկանում է ուժեղացնել Հայաստանը՝ Թուրքիայի վրա հակազդելու համար: Չինաստանի պաշտոնական անձանց հետ իմ ունեցած շփումների ժաման ակ ինձ զարմացրեց նրանց վրդովմունքն ուղղված Էրդողանին, որին մեղադրում են Խինջիանգի ույղուրներին Չինաստանի դեմ հրահրելու մեջ: Նրանք նախկինում խուսափում էին այսպիսի խոսակցություններից, այժմ իրադրությունը փոխվել է, և նրանք չափազանց լարված են Թուրքիայի հանդեպ: Հայաստանն առավելագույնս պետք է օգտվի այս առիթից և խորացնի համագործակցությունը Չինաստանի հետ՝ ելնելով ազգային շահերից:

Ռազմական բնագավառում Հայաստանն ու Չինաստանը նույնպես զարգացնում են հարաբերությունները վերջին տարիներին և միտում ունեն ավելի զարգանալու: 2017 թվականին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Չինաստան, և  այդ այցը  շրջադարձային էր այն առումով, որ ՀՀ զինված ուժերին հատկացվեց 10 մլն յուանի օգնություն և սխեմա՝ ստեղծելու հայկական արտադրության զարգացած զենք չինական տեխնոլոգիաների միջոցով: Հայաստանում տեղի են ունեցել հայ-չինական ռազմական մասնագետների քննարկումներ պաշտպանական ոլորտում: Հարաբերություններն այս բնագավառում զարգանալու են և զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում սկսվեն հայ-չինական զարավարժություններ:

Կրթական բնագավառում տեսանելի է հայ պատանիների հետաքրքրությունը չինական լեզվի հանդեպ, Հայաստանում գործում է Կոնֆուցիոս ինստիտուտը, որը համարվում է չինարենի դպրոցական ցանցերից լավագույններիվ մեկն աշխարհում: Չինարեն լեզվի ամբիոն կա Երևանում սլավոնական համալսարանում. Ներկայումս Երևանում կառուցվում է չինական դպրոց, որը նախատեսված է սկսնակ դպորցականների համար: Այս դպրոցը տարածաշրջանում լինելու է ամենամեծ չինական ուսումնական հաստատությունը: Չինաստանում աճում է հայ ուսանողների թիվը. այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններում ունենք հայերեն դասավանդող մասնագետներ, ովքեր առավելագույնս տիրապետում են չինարենին: Գիտական ասպարեզում նույնպես կապերը զարգանում են, և ստեղծվում է գիտնականների յուրահատուկ մթնոլորտ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 2017 թվականին Պեկինում մասնակցեց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» և «Հայաստանի զարգացումը»  թեմայով գիտաժողովներին: Չինացի գիտնականների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ էր՝ լինի պատմական թե ներկային վերաբերող հարցերում: Այդ հանդիպումների ընթացքում առաջարկեցի երկկողմանի գիտական գրքի հրատարակում Հայկական եւ Նանջինգի ցեղասպանությունների մասին: Հայաստանում հայոց լեզվով լույս է տեսել երկու կարևորագույն՝  «Կոնֆուցիոսի զրույցները» և Սոն Ցզիի «Ստրատեգիայի արվեստը» աշխատությունները:

Զբոսաշրջության բնագավառում նշմարելի է չինացիների ներկայությունը Հայաստանում և, դատելով Հայաստանի հանդեպ նրանց դրական կարծիքից, այն ավելի զարգանալու նախադրյալ ունի: Չինացի զբոսաշրջիկները գնահատում են հին մշակույթ ու պատմություն ունեցող երկրները և հարգանքով են մոտենում այդ երկրին ու ժողովրդին՝ անկախ երկրի չափից ու դիրքից: Այդ իսկ պատճառով նրանք  հատուկ ակնածանքով են այցելում պատմական վայրեր: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է խրախուսել հայաստանցի զբոսաշրջիկներին՝ Չինաստանի քաղաքներն այցելելու,  մանավանդ  երկրի գերզարգացած քաղաքները, ինչպիսիք են՝ Պեկինը, Շանհայը,  Գուանչժոու , Շենգջենը և Հանգջոն: Այս բնագավառը ներկայումս զարգանում է Հայաստանում, և զբոսաշրջությամբ զբաղվողները կարող են լրջորեն խթանել Հայաստան-Չինաստան այցելությունները:

Այս հոդվածով ցույց տվեցինք հայ-չինական հարաբերությունների կարևորությունը այս արագ փոփոխվող ժամանակաշրջանում: Մեր տարածաշրջանում բարձրանում է պատերազմենրի վտանգը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ-ի հարձակողական հռետորիկան՝ Իրանի, Ռուսաստանի և ավելի մեղմ Չինաստանի դեմ, և Հայաստանը անմասն չի մնալու տարածաշրջանում պատերազմների վտանգից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի խորացնել հարաբերությունները այնպիսի պետությունների հետ, որոնք գնահատում են Հայաստանի դերը տարածաշրջանում: Հայաստանի համար տնտեսության զարգացումը գերխնդիր է՝ կարողանալու դիմակայել Ադրբեջանի սադրանքներին, զարգանալ առանց զիջելու և բարելավելու ժողովդրի կենսամակարդակը, արդիականացնել երկիրն առհասարակ: Այս պահին «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը լավագույն տարբերակն է հանդիսանում զարգացող երկրների համար, որը հիմնված է փոխշահավետ հարաբերությունների վրա: Լավագույնն է այն իմաստով, որ մի կողմում ծերացած Եվրոպան է փախստականների խնդիրներով տարված, մյուս կողմում՝ Ռուսաստանը պատժամիջոցների շեմին, իսկ Չինաստանը թարմ խաղացող է միջազգային ասպարեզում, որի զարգացումը կանխելը մեծ ուժեր է պահանջում:

Արարատ Կոստանյան

Արարատ Կոստանյան

Արևելագետ, գիտությունների թեկնածու միջազգային...