image

Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

 

Հունիսի 24-ին լրացավ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-րդ տարին: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ 

Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան Տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ վերահաստատելով, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է, տեղեկանում ենք  Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից: 

Նշենք, որ անցյալում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելության թեման: Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։