image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանաներին

Օգոստոսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «վաչէ եւ Թամար Մանուկեանէ Մատենադարանում ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին` առաջնորդութեամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանի:

Տէրունական աղօթքից յետոյ «Հայաստանի կրօնական փոքրամասնութիւնների առանձնայատկութիւնները» թեմայով բանախօսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: Հայր Սուրբը ներկայացրեց Հայաստանում գործող կրօնական կազմակերպութիւնների գործունէութիւնը եւ դրանց նկատմամբ Մայր Աթոռի որդեգրած մօտեցումները: Քննարկումների ընթացքում Հայր Շահէն անդրադարձաւ նաեւ Հայ Եկեղեցու եւ աւանդական միւս եկեղեցիների միջեւ ձեւաւորուած միջկրօնական, ծիսական փոխյարաբերութիւններին ու առկայ խնդիրներին:

Այնուհետեւ հանդիպմանը Հանրակրթութեան պետական չափորոշչի եւ առարկայական չափորոշիչների, դրանցում առկայ խնդիրների, մարտահրաւէրների եւ արտայայտուած մտահոգութիւնների մասին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Հոգեշնորհ Տ․ Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանը` մէկ անգամ եւս հաստատելով Մայր Աթոռի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերեալ: Հայր Զաքարիան մասնաւոր անդրադարձ կատարեց նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկային` նշելով, որ անընդունելի է առարկայի` որպէս առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից:

Զեկոյցից յետոյ տեղի ունեցած քննարկումների ժամանակ Նորին Սրբութիւնը, պատասխանելով քահանաների հարցերին, կարեւոր համարեց Եկեղեցու եւ հոգեւորականների դերակատարութիւնը սերունդների կրթադաստիարակչական գործում` ընդգծելով իւրաքանչիւր հոգեւորականի անշահախնդիր ծառայութեան կարեւորութիւնը համայնքներից ներս: 

Իրենց հերթին քահանայ հայրերը Հայոց Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեցին իրենց համայնքներում ծաւալած գործունէութեան եւ իրականացուող ծրագրերի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց թեմի քահանայից դասին` իրենց հովուական ծառայութիւնն անմնացորդ նուիրումով իրականացնելու համար: Վեհափառ Հայրապետը կարեւորեց ծխական համայնքների ձեւաւորումը` ի նպաստ հոգեւոր կեանքի առաւել զարգացման ու Եկեղեցու առաքելութեան առաւել արդիւնաւորման: Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքը փոխանցեց Մկրտիչ Սրբազանին թեմի հոգեւոր կեանքի առաջընթացին ուղղուած ջանադիր աշխատանքի ու անսպառ եռանդի համար:

Հայոց Հովուապետը եկեղեցականներին յորդորեց նոյն ջանասիրութեամբ ու նախանձախնդրութեամբ շարունակել իրենց ծառայութիւնը յանուն հայ ժողովրդի  բարօրութեան եւ հայրենի երկրի պայծառացման ու զօրացման: