image

ԱՍԱԼԱ-ի՝ ավտովթարից մահացած անդամը հուղարկավորվելու է Եռաբլուրում

ԱՍԱԼԱ-ի՝ ավտովթարից մահացած անդամը հուղարկավորվելու է Եռաբլուրում

Լիբանանում օրերս  ավտովթարից մահացել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՍԱԼԱ-ն, նշելով, որ կազմակերպության անդամը հուղարկավորվելու է Եռաբլուրում: 

ԱՍԱԼԱ-ի հաղորդագրության մեջ Աբրահամ Թովմասյանի մասին նշվում է հետեւյալը. 

«Ընկեր Աբրահամը կազմակերպությանն անդամակցել է 1980-ականների սկզբին: Մեր կազմակերպության ռազմակայաններից մեկում համապատասխան մարզումներից հետո, նա շատ ակտիվ գործունեություն է ծավալել 1980-ական թվականներին՝ մասնավորապես Եվրոպայի տարածքում:

1983-ի հունվարի 22-ին  խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական Օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝  իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության:

1985-ի սկզբին վերադառնալով Լիբանան՝ նա իր պայքարը շարունակել է Հայկական Ժողովրդային Շարժման մեջ՝ մասնակցելով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին:

Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրումով կատարելու իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին նրա ներդրումն իր անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ»: 

Աբրահամ Թովմասյանի հուղարկավորությունը կկատարվի սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթեոնում, կանցկացվի հոգեհանգստյան արարողություն: 

Նշենք, որ օրերս Եռաբլուրում կատարվել է նաև ԱՍԱԼԱ-ի մեկ այլ անդամի՝ Հակոբ Դաղլյանի հուղարկավորությունը. վերջինս մահացել էր Իրաքում, ըստ տվյալների՝ կորոնավիրուսից: