image
Հրատապ լուրեր:

«Դուք անձամբ մեղաւոր էք» Ռուսահայ ներկայացուցիչը՝ Արմէն Սարգսեանին

«Դուք անձամբ մեղաւոր էք» Ռուսահայ ներկայացուցիչը՝ Արմէն Սարգսեանին

Օրերս NEWS.am-ը անդրադարձած էր մասնաւոր այցով Ռուսիոյ մայրաքաղաք Մոսկուա մեկնած Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանի հանդիպման՝ ռուսաստանահայ համայնքի խումբ մը ներկայացուցիչներու հետ եւ Մոսկուայի իր աղբիւրներուն յղում ընելով նշած էր, որ հանդիպումը անցած է լարուած մթնոլորտի մէջ, համայնքի ներկայացուցիչները Արմէն Սարգսեանին «դաւաճան» անուանած են եւ մեղսակից՝ տեղի ունեցածի մէջ։ 

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերու վարչութիւնը հերքած էր այս տեղեկութիւնը՝ անուանելով անոնք իրականութեան հետ բացարձակապէս կապ չունեցող ստայօդ տեղեկութիւններ:

Ստորեւ կը ներկայացնենք հատուած մը վերը նշուած հանդիպումէն։ Համայնքի ներկայացուցիչը, դիմելով Արմէն Սարգսեանին, կ'ըսէ.

«Իմ հարցը ուզում եմ ուղղել անձամբ Ձեզ՝ կապուած Ձեր աշխատանքի հետ։ Դուք ասում եք՝ 2,5 տարի գնաց «պռաւալ» (ձախող)։ Դա նաեւ Ձեր մեղքն է։

2,5 տարի Հայաստանում գնում էր պառակտում, 2,5 տարի քանդում էին պետական համակարգերը։ Դուք լռում էիք, Դուք անգործ էիք։ Կը ներէք, բայց կողքից այդպէս էր թւում։ Ցանկացած հայ հիմա դա իրաւունք ունի Ձեզ ասելու։ Դուք չէիք պաշտպանում դատուող հերոսներին, ոչ մի անգամ չսատարեցիք մեր երկրորդ նախագահին եւ հերոսներին, յամենայն դէպս դա չեղաւ մասսայական։ Դուք ասում էք, որ չէք իմացել նման պայմանագրի ստորագրութեան մասին, դա նոյնպէս Ձեր անգործութեան արդիւնքն է։ Դա իրականութիւն է, դա արդարացում չէ։ Ինչպէ՞ս կարող է պետութեան նախագահը, որը ինքն է պարտականութիւն կրում Սահմանադրութեան եւ պետական տարածքների կայունութեան համար, ներկայ դրութեամբ կանգնի եւ նման արդարացում ման գայ։ Ես յուզուած եմ, որովհետեւ դաւաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք մեղաւոր էք, անձամբ Դուք։ Ու ես ուզում եմ տեսնել ինչպէս էք Դուք գտնում Հայաստանի ապագայում Ձեր տեղը։ Ես ասեմ Ձեզ Մոսկուայի հայութեան մեծամասնութեան կարծիքը՝ Դուք այնտեղ տեղ չունէք»։

Նշենք, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի ունեցած է Մոսկուայի հայկական եկեղեցւոյ շրջակայքը։ Նախ, բոլոր յայտնի խոշոր հայազգի գործարարները եւ ներկայացուցիչները հրաժարած են մասնակցիլ, հանդիպիլ նախագահի հետ, հանդիպման եկած է առաւելագոյնը 20-30 հոգի: Ներս մտնելու ժամանակ դուրսը կանգնած հայերը վանկարկած են «Դաւաճան», ըստ էութեան հանդիպումը չսկսած ձեւաւորուած է լարուած մթնոլորտ։