Ռուսաստանի Դաշնութեան Տոմսք քաղաքի գիշերային ակումբներէն մէկուն մէջ, ատրպէյճանցիք ծեծի ենթարկած են հայ երիտասարդներ՝ ազգութեան պատճառաւ: Ծեծի ենթարկուած երիտասարդներու քոյրը՝ Տիգրանուհի Մելքոնեան, Tert.am-ի հետ զրոյցին ներկայացուցած է միջադէպէն մանրամասնութիւններ:
«Այդ պարում ծեծել են իմ եղբայրներին, որոնցից մէկին վիրահատել են, քանի որ նա ունեցել է ծնոտային կոտրուածք, միւս երկու եղբայրներս ունեն մարմնական լուրջ վնասուածքներ եւ այտոսկրի կոտրուածք»,- ըսած է Տիգրանուհի Մելքոնեան:
Ծեծի ենթարկուած երիտասարներու քոյրը նաեւ նշած է, որ ատրպէյճանցիները մօտեցած են հայ երիտասարդներուն եւ առանց հիմնաւորուած պատճառի ըսած են, որ հայերը լքեն ակումբը:
«Ատրպէյճանցիները մօտեցել են այն սեղանին, որտեղ հայեր են նստած եղել ու ջարդել են սեղանին դրուած նարկիլեն ասելով՝ գնացէք այստեղից: Այդ ժամանակ եղբայրներս մօտենում են նրանց եւ փորձում հասկանալ՝ ինչ է կատարւում եւ ինչ իրաւունքով են պահանջում, որ հայերը դուրս գան այստեղից ու հենց այդտեղից էլ սկսւում է ծեծկռտուքը, թուրքը եղբօրս գցում է գետնին ու ոտքերով խփում»,- ըսած է քոյրը:
Տիգրանուհի Մելքոնեան նաեւ խօսքի ընթացքին ընդգծած է, որ ատրպէյճանցիները կը խմէին եւ կ'ըսէին, որ Карабах это Азербайджан (Ղարաբաղը Ատրպէյճան է):
Ան նաեւ նշած է, որ ատրպէյճանցիներէն մէկը ձերբակալուած է, եւ կ'ընթանայ հետաքննութիւն, քանի որ երիտասարդներէն մէկը բողոք ներկայացուցած է ոստիկանութեան: