image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի երիտասարդութեան եւ սպորտի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Լիբանանի երիտասարդութեան եւ սպորտի նախարարին

Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետութեան երիտասարդութեան եւ սպորտի նախարար Վարդինէ Օհանեանին՝ ուղեկցութեամբ Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Մայա Դաղէրի եւ Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան  տիար Վահագն Աթաբէկեանի:

Հանդիպմանը նախարար Օհանեանը Նորին Սրբութեանը փոխանցեց Լիբանանի նախագահ Միշէլ Աունի ողջոյններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ իբրեւ Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 24-ի՝ Հայոց ցաղասպանութեան յիշատակի արարողութիւններին: Նախարարն ընդգծեց նաեւ, որ լիբանանահայութեան համար եւս պատմական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւերների ու խնդիրների լուծումն առաջնային է եւ հայ համայնքն իր հնարաւորութիւնների սահմաններում փորձում է նպաստել դրանց յաղթահարմանը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարար Վարդինէ Օհանեանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը յայտնեց վերջինիս այս դժուարին ժամանակաշրջանում հայրենիք այցելութեան համար: Նորին Սրբութիւնը, անդրադառնալով երկու ժողովուրդներին պատուհասած արհաւիրքներին, վստահութիւն յայտնեց, որ դրանք կյաղթահարեն Աստծու օգնականութեամբ, լաւատեսութեամբ  ու պատմական փորձառութեան շնորհիւ: Հայոց Հայրապետն իր հերթին ի դէմս նախարարի՝  իր ողջոյններն ու բարեմաղթութիւնները  փոխանցեց Լիբանանի նախագահին  եւ կառաւարութեանը:

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ Լիբանանի իշխանութիւնները մշտապէս աջակցել են  Հայաստանին եւ բարձր գնահատել լիբանանահայ համայնքի գործունէութիւնն  ի նպաստ Լիբանանի զարգացման ու առաջընթացի:

Նորին Սրբութիւնն իր երախտագիտութիւնը յայտնեց Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ ցեղասպանութիւնը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու եւ ազգային կեանքի վերակազմակերպմանն աջակցելու համար: Հայոց Հովուապետը վստահութիւն հայտնեց, որ երկու երկրների բարեկամութիւնը պիտի շարունակի նորանոր արդիւնքներ գրանցել եւ առաւել ամրապնդուել:

Հանդիպմանը անդրադարձ կատարուեց նաեւ լիբանանահայութեան կեանքին եւ դիմագրաւած դժուարութիւններին՝ կարեւոր նկատելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութիւնը համայնքի պահպանման եւ զօրացման գործում: