image

Դժվար է բաժանվել հարազատ դարձած Հալեպից. Հյուպատոս

Դժվար է բաժանվել հարազատ դարձած Հալեպից. Հյուպատոս

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հրաժեշտի խոսքը՝ հալեպահայերին, Հալեպում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ.


Իմ շատ սիրելի հալեպահայեր,

Այսօր ես ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունը Հալեպում։ Հեռանում եմ հակասական զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ Հայրենիք՝ դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից տխուր եմ, քանզի ունեմ բազում հաճելի հիշողություններ՝ կապված Հալեպում անցկացրած տարիների հետ։ Միաժամանակ դժվար է բաժանվել հարազատ դարձած քաղաքից ու այստեղ բնակվող բազմաթիվ բարեկամներից, որոնց ես ձեռք բերեցի այս տարիների ընթացքում:

Իմ պաշտոնավարման ընթացքում ես անձամբ տեսա, թե ինչ ծանրագույն մարտահրավերների բախվեց հալեպահայությունը։ Սիրիական հակամարտությունը կաթվածահար արեց հալեպահայության կյանքը, ցավոք, ունեցանք զոհեր և վիրավորներ, ավերվեցին հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, Հալեպի հայ համայնքը մեծ վնասներ կրեց, դարերի ընթացքում կառուցածը մի քանի տարում հավասարվեց հողին։

Սակայն, հայի անկոտրում ոգին չընկրկեց, և հարաբերական ու փխրուն խաղաղության հաստատման հենց առաջին վայրկյանից հալեպահայությունը լծվեց հայ համայնքին նախկին փայլը վերադարձնելու գործին։

Պետք է նշեմ, որ առնաձնակի հպարտ եմ, որ հենց ինձ բախտ վիճակվեց լինելու ձեր կողքին այդ դժվարին օրերին, ձեզ հետ միասին հաղթահարելու բազում դժվարություններ և համատեղ դնելու հալեպահայության բարեկեցիկ ապագայի մեր ունեցած տեսլականի հիմքերը։

Ցանկանում եմ իմ շնորհակալության և երախտիքի խոսքը հղել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ պաշտոնավարման ողջ ընթացքում կանգնած են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողքին և հայրենասիրական վեհ զգացումներով լցված անշահախնդիր կերպով օժանդակել են հյուպատոսության բնականոն աշխատանքի ապահովմանը։

Անչափ ուրախ եմ, որ Հալեպից հեռանալիս մարդկանց բնակարանները 7 տարվա ընդմիջումից հետո կրկին լույսերով ողողված եմ տեսնում։ Տա Աստված, որ լույսն ու հույսը երբեք չլքեն ձեզ, իմ սիրելի հալեպահայեր։

Հիշեք, որ ի դեմս ինձ Հայաստանում ունեք շատ լավ մի բարեկամ։

Միշտ ձեր՝ Տիգրան Գևորգյան։