image

Ձերբակալված միլիարդատեր արքայազն Ալ Վալիդը Ցեղասպանությունից փրկված հայուհու թոռ է. Աղբյուր

Ձերբակալված միլիարդատեր արքայազն Ալ Վալիդը Ցեղասպանությունից փրկված հայուհու թոռ է. Աղբյուր

Արաբական աշխարհի խոշորագույն գործիչ, միլիարդատեր, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ալ Վալիդի ձերբակալությունը իր զարմիկի՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հրամանով, մեծ աղմուկ է առաջացրել ոչ միայն արաբական աշխարհում, այլ նաեւ՝ աշխարհում:  Արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը, որն ավելի հայտնի է որպես արքայազն Ալ Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, խոշոր ներդրող եւ բարեգործ: Արքայազնի կալանավորումը քննարկվում է հատկապես  մեծ ընկերություններում, որոնք  խոշոր ներդրող են համարում միլիարդատերին: 

Նա ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում սաուդցի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը, Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով, հայտնում է Rusarminfo-ն:

«Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում:

Արքայազնի նախաձեռնությամբ է ստեղծվել Kingdom Holding Company միջազգային կորպորացիան, որը զբաղվում է աշխարհի խոշորագույն ներդրումային նախագծերով: Արդեն 1990-ականներին սաուդացի արքայազնը գնեց միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատի բաժնետոմսերի մի մասը: 2000-ականներին արքայազնը դարձավ ամերիկյան News Corporation-ի ամենամեծ բաժնետերը, իսկ հետագայում՝ AOL, Apple, MCI, Motorola, Fox Broadcasting ընկերությունների խոշոր բաժնետեր: 2011-ին նա 300 մլն դոլար է ներդրել Twitter-ում: Ըստ Forbs-ի, արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է: 2016-ին նրա կարողությունը գնահատվել է 17,3 մլրդ դոլար: